4-7-րդ դարերում հայկական ճարտարապետության մեջ եղել և մշակվել են տարբեր արտահայտչամիջոցներ, որոնք համահունչ են եղել շենքերի` մասնավորապես եկեղեցիների հորինվածքներին:

Պետք է նշել, որ հայկական ճարտարապետության հիմնական հատկանիշը կերպարների կուռ ճշմարտությունն է եղել բոլոր ժամանակաշջաններում՝ բխած հատակագծային և ծավալատարածական լուծումների փոխպայմանավորվածությունից:
Ծավալների հանդիսավոր վեհաշուքությունը, հավասարակշռվածությունն ու համամասնական ներդաշնակությունը, կառուցվածքի տեկտոնական հատկանիշների պարզորոշ արտահայտությունը, արտաքին ճակատների սահմանային պարզությունը և գեղարվեստական արտահայտչամիջոցների զուսպ կիրառությունը հանդիսացել են դարաշրջանի ոճակազմավորման հիմնական ազդակները:
Հարթ պատը, որտեղ շարվածքը կատարվել է բնական բազմերանգ քարատեսակներով, բացի կոնստրուկտիվ դերից, կատարելով նաև գեղարվեստական դեր, իշխող ոճական սկզբունք է եղել: Արտաքին և ներքին հարդարանքներ հիմնականում պարզ ճարտարապետության մեջ չեն եղել, եթե եղել է ուրեմն ծառայել է որոշակի նպատակների: Հարթ ճակատի հարդարման ամենաակտիվ ճարտարապետական միջոցը դռան բացվածքի ընդգծումն է եղել շքամուտքի ձևով: (Իսկ հիմա դնում են ու էտ գյոզալ քարերը տաշում են այնքան, որ մինչև հասնում է մի քանի սմ-ի ու ամենակարևորը մերօրյա եկեղեցիներին ԵՎՐՈ պատուհան ու դուռ դնելն է կամ ինչքան հնարավորություն ու ֆանտազիա կա ճոխ լինի, թե հիմա ճոխության հնարավորությունը շատ է ):
Դռան բացվածքի երկու կողմերում տեղադրվել են մեկ կամ զույգ կիսասյուններ, նախամուտքի կամարածածքը հենելու համար: Շքամուտքի ձևավորման մեջ կիրառվել են նաև զարդարվեստի մոտիվները: Դռան բացվածքը ծածկող քարե հեծանը կամ կիսաշրջան բարավորը զարդարվել է թեմատիկ հարթաքանդակներով կամ նրանց կենտրոնում տեղավորել հավասարաթև խաչ (մինչ օրս էլ կան նման զարդաքանդակներ): 
Զարդարվեստի մոտիվները տեղ են գտել նաև պատուհանների պսակներում, քիվերում և կամարամիջոցներում: Կամարունքերի գերակշռող մեծամասնության զարդամոտիվներում իշողը բուսական մոտիվներն են եղել: (Նուշի, նռան տերևի, խաղողի տերևի և այլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել