Խորապես ցավելով պետք է խոստովանենք, որ մեր ժողովրդի մեջ սաստիկ զարգացած է վրեժխնդրության զգացմունքը, և մեր մարդը, վրեժ առնելու համար, հաճախ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջև։ Եվ ավելի ևս զզվելին այն է, որ նա սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով, ինքը միշտ մութի մեջ։ 
Ասիական այս գարշելի հատկությունը առանձնապես աչքի ընկավ և շատ ոճիրների պատճառ դարձավ մանավանդ վերջին շարժման խառնակ տարիներում, երբ իրար թշնամի մարդիկ իրենց ձեռքին գործիք էին դարձնում այս կամ այն կազմակերպության մարդկանց ու «գաղափարի» անունով իրենց հաշիվները մաքրում ամենայն անգթությամբ։ 
Բայց միայն խառնակ տարիները չեն. միշտ էլ գործի վրա են այդ չար, անհանգիստ հոգիները և չեն քաշվում մոլորության մեջ ձգելու նույնիսկ կառավարության պաշտոնյաներին։ Եվ որքա՜ն ջանք ու եռանդ, որքա՜ն նույնիսկ նյութական միջոցներ են գնում դրանց սարքած դավերի վրա, թե ինչ է այսինչը ուզում է վրեժ հանել այնինչից։ 
Եվ ի՜նչ խորամտություն, ի՜նչ սուր հայացք, ի՜նչ խոր ծանոթություն է հարկավոր գործի ու սովորությունների՝ այդ բոլոր մեքենայությունների տակից ճշմարտությունն ու արդարությունը հանելու համար։ 
Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլև կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։ 
Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել