Ճանապարհային ոստիկանության համար արտոնյալ, կարգազանց ու անպատիժ վարորդներ չկան: Վստահ եմ, որ դրանում համոզվել են և օրինախախտները, և մեր հայրենակիցները: ՃՈ ամենօրյա աշխատանքը բաց է ու տեսանելի նույնիսկ նրանց համար, ովքեր չեն ուզում բարձրաձայն ընդունել փաստը: Սա ամենևին էլ չի նշանակում, որ ճանապարհային ոստիկանության աշխատանքում խնդիրներ չկան: Մեծ եղավ զարմանքս, երբ կիրակնօրյա «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ՃՈ առաջին սպայական գումարտակի հասցեին Գագիկ Շամշյանի կողմից մեղադրանք հնչեց: Մի մարդու, ով բոլորից լավ է տեղյակ մեր աշխատանքին, ով ինքն էլ գիշեր ու ցերեկ ականատես է մեր ծառայությանն ու իր ռեպորտաժներում բազմիցս է փաստել, որ ՃՈ համար չկան արտոնյալներ, տուգանվում են ու կարգի հրավիրվում բոլորն առանց խտրականության, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից կամ, ինչպես ընդունված է ասել, «գոլդ համարների» հանգամանքից: Հետևաբար մեզ մեղադրել անգործության մեջ անազնիվ է: 
Նախորդ շաբաթ համացանցում տարածվեց մի տեսագրություն, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ՀՀ Ազգային պատկերասրահի շենքի հետեւի մասում երթեւեկել է մայթով: Երեւույթը քննադատության տեղիք տվեց: ՃՈ-ում, ինչպես և բոլոր մյուս դեպքերում, անմիջապես ձեռնամուխ եղան մեքենայի համարանիշը պարզելուն, սակայն տեսագրությամբ այն վերծանել հնարավոր չեղավ: Գ. Շամշյանին անձամբ խնդրել եմ տրամադրել տեսագրության բնօրինակը, լրացուցիչ այլ տվյալներ, սակայն ֆոտոլրագրողն ասել է, որ տեսագրությունն արվել է ոչ իր կողմից եւ այլ տեղեկույթ չունի: Վստահեցնում եմ, որ ՃՈ աշխատակիցները հնարավոր ամեն ինչ արել են, ցավոք, չի հաջողվել պարզել ավտոմեքենայի պետհամարանիշը, տեսագրության մեջ այն պարզապես չի երեւում: 
Միշտ բարձր եմ գնահատել ու հարգանքով վերաբերել լրագրողական աշխատանքին` հիմնված խոսքի ու տառի պատասխանատվության վրա, բայց երբեք չեմ ընդունել անհարկի մեղադրանքը: Դիմում եմ ոչ միայն տեսագրության հեղինակին, այլև մեր մյուս համաքաղաքացիներին, ովքեր հնարավոր է ականատես են եղել մայթով երթեւեկող վարորդի «հերոսությանը», եթե տիրապետում եք լրացուցիչ տեղեկատվության, հիշում եք ավտոմեքենայի պետհամարանիշը, ապա տրամադրեք այն Ճանապարհային ոստիկանությանը: Դրանով կօգնեք ոչ միայն մեզ` պատժելու օրինախախտին, ալև կկանխեք հնարավոր այլ օրինազանցում: 
Այն տեսակետին եմ, որ հնարավոր դեպքերի ու պատահարների թիվը նվազեցնելու արդյունավետ միջոցներից մեկն էլ այդ ուղղությամբ տեղեկատվական, բացատրական աշխատանք իրականացնելն է: Առիթ ունեցել եմ սոցիալական ցանցով, էլեկտրոնային կայքերով եւ առհասարակ ԶԼՄ-ներով կոչ անել, հորդորել պահպանել երթեւեկության եւ անվտանգության կանոնները: Կարծում եմ՝ դա ևս ինչ-որ չափով նպաստում է դեպքերի նախականխմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել