Ամենադժվարը բանավեճում ոչ այնքան սեփական տեսակետը պաշտպանելն է, որքան դրա մասին հստակ պատկերացում ունենալը ...
Անդրե Մորուա

Այն պահից, երբ զգացի, որ նույնիսկ փայլուն գաղափարները կարող են փշրվել՝ բախվելով սխալ բանավեճի «պատին», հասկացա, որ բանավեճի մշակույթը, երկխոսության որակն ավելի կարևոր են, քան բուն նյութը: 
Հունիսի 3-ին` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդավար կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք եմ հայտնել Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման խնդրի մասին:
Ի՞նչ եմ ասել իրականում, եթե փորձենք ընդհանրացված մեկնաբանել.
1/ Ստալինյան ժամանակահատվածը անցյալ է, ուստի սխալ է պատմական կերպարներին այսօր դատել: Խնդրում եմ ուշադրություն. ԴԱՏԵԼ, ոչ թե քննարկել, պատմականորեն վերլուծել, եզրահանգումներ անել: Իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում Անաստաս Միկոյանի հրապարակային դատավարությունն է ընթանում...
2/ Տեղադրման խնդիրն առանձնապես շատ կարևոր չեմ համարում. ներկա հասարակական իրողությունների, առավել ևս ազգի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պատմական կերպարը և նրա «նորովի վերաիմաստավորումը» կարևոր նշանակության ակտուալ խնդիր չէ: Կարևորում եմ նմանատիպ իրավիճակներում հանրության կարծիքի հաշվառումը, որպեսզի հանրությունը մասնակից դառնա որոշումների կայացմանը,
3/ Շատ կարևոր է և ճիշտ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ինքը նախաձեռնի, ուղղորդի քննարկումը: 
Իսկ ինչպե՞ս իրականում մեկնաբանվեց խոսքս: Մեկը զարմացավ ասածիս վրա, պարզաբանելով տեսակետս որպես պատմության մասին անտեղյակություն, մյուսը ծիծաղեց, երրորդը խարդավանքների տեսության ժանրին հավատարիմ ծուղակ նախանշեց, իբր ես կամ ողջ կառավարությունը դրանով նախորոք պլանավորած ինչ որ գաղտնի նպատակներ ենք փորձում կյանքի կոչել ... Անկեղծ ասեմ շատ զվարճալի է հնչում, եթե իսկապես չլիներ իմ համար, համենայն դեպս, շատ մտահոգիչ մի հանգամանք:
Բանավեճի կուլտուրան ենթադրում է հորիզոնական կապեր, երբ դու պատասխան ես տալիս քո ասածների, իսկ ես՝ իմ ասածների համար, և մենք պետք է պայմանավորվենք: Երբ բացակայում է հրապարակային բանավեճի այս մշակութային դրսևորումը, մենք հայտնվում ենք շատ անհասկանալի և անհարմար իրավիճակում: Մենք գտնում ենք դիմացինի ասածներում այն, ինչը մեր սեփական հայեցողությունն է և քննադատում ենք այնպես, ինչպես մեր հույզերն են ընկալում: 
Քննադատությունը ենթադրում է առավելապես մշակույթ... Հմտությունը կայանում է նրանում, որ կարողանաս «ջախջախել» դիմացինի բոլոր փաստարկներն ու եզրահանգումները՝ բացառապես զերծ մնալով բանավիճողի անձին անդրադառնալուց և նրա խոսքը խեղաթյուրելուց:

P.S.
Որպեսզի մտքերս կամ տեսակետներս թյուրըմբռնումից կամ խեղաթյուրման վտանգից զերծ պահեմ, հստակ ասեմ. Միկոյանի արձանի տեղադրման խնդիրը չեմ կարևորում և անտարբեր եմ հարցի ճակատագրի նկատմամբ՝ կտեղադրվի, թե ոչ:
Ի դեպ, որպես վերջաբան ուզում եմ հիշեցնել մեծն Մոնտեսքյոյի խոսքերը. «Պատմությունը հորինված իրադարձությունների շարք է իրական կյանքում տեղի ունեցածի մասին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել