File:Bundesarchiv B 145 Bild-F057884-0009, Willy Brandt.jpg1970թ. դեկտեմբերի 7-ին աշխարհը փոխվեց: Այն այլևս այն չէր, ինչ մեկ օր առաջ: Այն փոխեց մեկ մարդ` Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Վիլլի Բրանդտը: Փոխեց ընդամենը մեկ քայլով:

1970թ. դեկտեմբերին ԳԴՀ՝ Արևմտյան Գերմանիայի կանցլերը ժամանել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Պաշտոնական արարողությունից հետո նախատեսված էր Արևմտյան Գերմանիայի կառավարության ղեկավարի կողմից Վարշավայում անհայտ զինվորի արձանին և հրեական գետտոյի ապստամբության հերոսների հուշարձանների այցելություն: Եվ հենց գետտոյի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ այն, ինչ փոխեց աշխարհը: Հերոսների հիշատակին նվիրված պսակի տեղադրման արարողությունից հետո, Բրանդտը ետ քայլ արեց, մի պահ անշարժացավ… ծնկի իջավ, և, ձեռքերը խաչելով, խոնարհվեց: Թե՛ լեհական և թե՛ գերմանական կողմերը միաբերան հաստատում են, որ կանցլերի այս քայլը որևէ կերպ «չէր համաձայնեցվել»:

Մեծ քաղաքական գործիչը, իր քայլով առանց ամպագոռգոռ բառերի ասաց` «սա մեր ընդհանուր ցավն է»:

«Ես զգացի, որ ուղղակի ծնկի իջնելը բավավարար չէ»,- իր անմահ քայլից հետո ասել է Վիլլի Բրանդտը:

Ընդամենը 8 բառ: Սակայն դրանք լիովին փոխանցում են հրեա և գերմանացի ժողովուրդների` այս ամենից հետո կասկած չհարուցող ցավի ընդհանրությունը: Արդյո՞ք հայ և թուրք ժողովուրդները զգացին նույն բանը, երբ ընթերցեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսաներեքյան ուղերձը: Պատասխանը, կարծում եմ` ակնհայտ է: Սակայն այստեղ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք նամակի հեղինակը հետապնդում էր և ի վիճակի՞ էր արդյոք ընդհանրապես հետապնդել սույն նպատակը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Թուրքիայի ապագա նախագահին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին այցելել Հայաստան:

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- ասել է ՀՀ նախագահը:

Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց Թուրքիայի քաղաքական շրջանակներին, այդ թվում ապագա նախագահին (ով, ամենայն հավանականությամբ հենց Էրդողանն է լինելու) ապաշխարհանքի Բրանդտյան միակ ճիշտ ճանապարհը: Կընտրե՞ն արդյոք նրանք այն ուղղին` այս պահին դժվար է ասել:

«Ապաշխարհանքի կանցլերին» նույնպես հեշտ չտրվեց այդ որոշումը: Նրան մինչ այդ էլ Բոննում անվանում էին «Կանցլերի աթոռում նստած նորվեգացի մայոր» միայն այն բանի համար, որ հայտնի հակաֆաշիստական այլախոհը քաղաքական ապաստան էր ստացել Նորվեգիայում և տեղի ինքնապաշտպանական ուժերի կազմում պայքար էր մղել ֆաշիզմի դեմ: Բրանդտին ուղղված «օտար» լինելու մեղադրանքներից անմասն չէր մնացել նույնիսկ ԳԴՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերը:

Սակայն մեծ քաղաքական գործչին միջակությունից առանձնացնում է առաջին հերթին սեփական համոզմունքների համար դժվար որոշումներ կայացնելու ունակությունը: Եվ հենց այն պահին, երբ սեփական հայրենիքում որոշ շրջանակներ նրան «դավաճան» էին հայտարարում, Բրանդտը ԳԴՀ-ի ղեկավարներից առաջինը այցելում է Իսրայել: Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Երուսաղեմի Յադ վա-Շեմ հուշահամալիր նա այցելում է ուղղափառ հրեայի գլխարկով, բացում է սաղմոսագիրքը և բարձրաձայն ընթերցում 103-րդ սաղմոսից մի հատված:

«Մենք գործել ենք մեղքեր և հանցագործությունները, Տեր Աստված` ներիր մեզ»:

Եվ հենց Իսրայելում Բրանդտը հնչեցնում է իր, թերևս, ամենանշանավոր միտքը` «Չկա ազգ, որը կարողանա խուսափել սեփական պատմությունից»:

Կընդունե՞ն արդյոք, թե՝ ոչ Թուրքիայի իշխանությունները մեծ գործչի խորհուրդը, ցույց կտա ժամանակը: Հնարավորությունն առկա է, իսկ կամքը` պարզապես անհրաժեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել