Անհրաժեշտ է համախմբվել 100 տոկոս համամասնական համակարգի շուրջ, այլ ոչ թե «խունջիկ-մունջիկ» լինել կառավարության հետ:

Այսօր շատ հաճախ Հայաստանում տեղի են ունենում այնպիսի քաղաքական դիսկուսներ, որոնց բովանդակությունը, չնայած հանրային մեծ հնչեղություն ունի, սակայն իրագործման տեսանկյունից անիրական են, իսկ ստեղծված հասարակական-քաղաքական համակարգի արմատական բարեփոխման տեսանկյունից` անարդյունավետ ու ոչ պրագմատիկ:
Այս տեսանկյունից բավականին պրագմատիկ է ՕԵԿ երեկվա հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը սկսում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նպատակով ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ` «ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին»: ՕԵԿ-ը վերջերս է համալրել ընդդիմության շարքերը և հարց է առաջանում՝ ինչու որպես ընդդիմություն այս կուսակցությունն իր քաղաքական օրակարգը սկսեց 100 տոկոս համամասնականին անցնելու նպատակով ընտրական համակարգը բարեփոխելուց:
Հայաստանյան ընդդիմադիր դաշտը կարծես իրականություն է վերադառնում, և սա կարծես այդ փաստը հաստատող առաջին ծիծեռնակն է: Ակնհայտ է, որ Հայաստանում զարգացմանը միտված ցանկացած փոփոխություն, ցանկացած բարեփոխում անհնար է իրականացնել առանց այդ բարեփոխումները իրականացնելու քաղաքական կամք, պատրաստակամություն և փորձառություն ունեցող թիմի առկայության: Հարց է առաջանում՝ արդյո՞ք ներկայիս ընտրական համակարգը, որը նախատեսում է 41 մեծամանական մանդատ, հնարավորություն տալիս է նման թիմի ձևավորմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնականով մանդատ են ստացել հիմնականում թաղային հեղինակությունները, մութ անցյալ ունեցող մարդիկ, ապա միանշանակորեն կարելի է ասել, որ ՈՉ:
Հետևաբար, առանց ընտրական համակարգի բարեփոխման, այն է` անցումը 100 տոկոս համամասնականի, անհնար կլինի պատկերացնել Հայաստանում որևէ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում:
Հ.Գ. Այսօր, ցավոք, ընդդիմադիր հատվածի որոշ ուժեր «խունջիկ-մունջիկ» են լինում նոր կառավարության հետ, ինչ-որ 12 կետից բաղկացած պահանջներ ներկայացնում: Պետք է հասկանանք, որ ցանկացած պահանջ ներկայիս կառավարությանը ու նույնիսկ դրա իրականացումը ժամանակավոր բնույթ է կրելու, երբեք ներկայիս կառավարությունը չի գնա լուրջ ինստիտուցիոնալ փոփոխությունների, իսկ ցանկացած պահանջի կատարում այս կառավարության կողմից իրավիճակային բնույթ է կրելու` քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով: Ժամանակն է հասկանալ, որ 100 տոկոս համամասնական համակարգը այն առանցքն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, առավել ևս, որ խորհրդարանական ընտրություններին բավական ժամանակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել