Թերևս սպիտակի երկրաշարժից հետո առաջին անգամ տեսա որբացած մանուկների և հաշմված, մրսող ու դալուկ փոքրիկների տառապանքն ու ցավը...
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ստիպում է մեզ ևս մեկ անգամ վերաիմաստավորել մեր ապագայի նկատմամ ունեցած վերաբերմունքը: Մենք պարտավոր ենք մտածել ու հասկանալ՝ արդյո՞ք փորձում ենք անել հնարավոր ամենը, որ մեր երեխաներն ունենան ապահով հայրենիք և երջանիկ մանկություն: 
Ես, որպես նոր ձևավորված կառավարության անդամ, ուզում եմ հավաստիացնել, որ մեր առաջնահերթություններից մեկը մեր երեխաների համար ապահով ու խաղաղ հայրենիք ստեղծելն է: Եթե մենք կարողանանք որոշ ժամանակ անց մեր սերունդներին փոխանցել շատ ավելի կայուն ու ապահով Հայաստան, դա կնշանակի մենք մեր առաքելությունը որոշ չափով կատարել ենք: 
Ուզում եմ, որ մեր նորագույն պատմությունը կերտենք ավելի մեծ հավատով: Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք այն երեխաների մասին, ովքեր զրկված են ծնող ունենալու բերկրանքից, մայրական սիրուց ու քնքշանքից, այն երեխաների մասին, որոնք ճակատագրի բերումով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այն երեխաների մասին, որոնք զրկված են երջանիկ մանկության երազից ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներում: Մենք պետք է փորձենք մեր ունեցած ուժերի սահմանում մի փոքր ավելի պայծառ դարձնել նրանց կյանքը:
Իսկ մեզ՝ մեծերիս, մի ցանկություն ունեմ. թող մենք չկտրվենք մեր մանկությունից: Այն միակ մաքրող ու թանկ կապն է, որ մեզ բարիացնում ու ստիպում է մեր երեխաներին փոխանցել հրաշքներին հավատալու կարողությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել