Երբեմն մեկ օրը կարող է քեզ այնպիսի դաս տալ, որ մի ամբողջ կյանքի համար օգտակար լինի: Հենց այդպիսի օրերից էր այս մեկը: Օրը, որ սկսվեց սովորականի պես, բայց եզրափակվում է անսովոր ավարտով: Մայիսի 22-ից ես շնորհակալ եմ կյանքի մի քանի դասերի ու կանոնների համար.

• Պետք չէ պատճառ փնտրել դիտավոր չարության կամ նախանձի դրսևորման մեջ: Դրանք կարող են և՛ լինել, և՛ չլինել: Այսօր ես հասկացա, որ պարտադիր չէ, որ մտածես, թե ինչ ես արել այս մարդուն, որ այդքան չարությամբ է լցված: Որովհետև, ինչպես ասում էր Անդրե Մորուան, մարդը կարող է քեզ նախանձել միայն նրա համար, որ դու հենց այդպիսին ես, ոչ թե նրա համար, թե ինչ որ բան արել ես: 
• Ես ինձ երբեք չեմ համարել աստղ, առավելս ևս շոու-բիզնեսի «մշտական» ներկայացուցիչ, բայց նաև հանրային ուշադրության պակաս չեմ զգացել: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ մարդիկ փորձում են օգտագործել քո հանրային կապիտալը` իրենք իրենց կամ իրենց պարբերականը գովազդելու համար: Իսկ դա անելու ամենահեշտ ձևը սկանդալն է, որովհետև դժվար չէ հաշվարկել, որ եթե մարդուն վիրավորես, ապա ինքնապաշտպանական ռեակցիան չի ուշանա: Սկանդալը պատրաստ է: Այսօր տեղի ունեցավ հենց այդ ամենը:
• Այսօրվա «մեդիասկանդալը» ամբողջությամբ բովանդազուրկ է, որովհետև քննարկման չեն դրվել ոչ իմ երգերը, ոչ տեսահոլովակները: Ընդամենը տեղադրվել են իմ տարբեր տարիների նկարները: Թե որքան եմ փոխվել` գեղեցկացել կամ հակառակը, կարծում եմ՝ կարող է հուզել միայն ինձ և իմ ամուսնուն: Փառք Աստծո, մեր սերը կարող է դիմագրավել ավելի մեծ փորձությունների, քան իմ մազերի կամ դիմահարդարման էվոլյուցիոն ֆոտոշարքը: 
• Ես միտումնավոր չեմ նշում մայիսի 22-ի իմ օրվա անախորժությունների «հերոսների» որևէ անուն, որովհետև չեմ ցանկանում այլևս լծվել արդեն մի քանի տարի փորձարկված այդ գործին. չեմ ցանկանում, որ մտածեն, թե հերթական թիրախն իրեն պահում է իրենց իսկ գծած սցենարի պես: Դա արել են իմ գործընկերների նկատմամբ և փորձում են հիմա իմ նկատմամբ նույնը անել:
• Ես երբեք չեմ դադարի շփվել լրագրողների հետ և չեմ դադարի հրապարակային բանավեճից, բայց ես հրաժարվում եմ ներգրավվել անկիրթ ու անդաստիարակ բառերի «փոխհրաձգության» մեջ, որովհետև այդ դեպքում հաղթում է նա, ով ամենաբարձրն է գոռում, ամենաարագն է վիրավորում և հետո դա տարածում: Ես դա չեմ կարող անել: Ես այդպիսին չեմ:

Ահա օրվա իմ եզրահանգումները: Այսօրվա թեմայով սա իմ վերջին գրառումն է և հրապարակային անդրադարձը: Այլևս չի լինի: Իսկ օրվա վերջին ակորդը թող դնի Ազնավուրը. չէ որ այսօր նրա հոբելյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել