10, 20, 30, 40.....
200, 400, 800, 1000....
չըխկ. շըխկ, դըդըխկ,շըրըխկ...

Դրամապանակս եմ կարգի բերում: Մեջն ինչ ասես կա, բացի դրամներից: Միակ ավեելորդը ուսանողական տոմսս է: Ամեն անգամ նայում եմ էդ քարտին ու մտածում, որ Բուկինիստի ու Նոյան Տապանի քարտերի կողքին հե~չ չի սազում, ու ոնց մեր համալսարանի բակի սիրուն ծառերը էդ շենքի կողքը, էնպես էլ ուսանողականս` գրախանութների քարտերի: Ամեն տեսակ հետաքրքրասերների  կամ գողերի համար իմ դրամապանկում ոչ մի հետաքրքիր բան չկա:  Իմ ուսանող- թատրոնի դերասան- գրող ձևաչափի դրամապանակում լավագույն դեպքում կարող են նկարների բաժնում  eli.am-ի սիրուն, կապույտ փղի նկարը գտնել, որի գովազդային հատվածը ջնջել եմ ու փոխարենը վրան ուրիշ փղի անուն գրել սև մարկերով:
  Ու հիմա ծնողներիս ննջասենյակում նստած գրոշներս եմ հաշվում ու պատկերացնում մամայի դեմքը, երբ նորից խնդրեմ, որ մանր-մունր կոպեկներս մեծացնի ու փոխարենն ինձ թղթադրամ տա:
  Ամեն անգամվա պես ծիծաղելով բարկանում է, որովհետև գիտի, որ ամենաուշը  2 օրից գնալու եմ Բուկինիստ ու ինչ-որ «հիմար» գիրք առնեմ, մինչդեռ դեկտեմբերից խնդրում է, որ գնամ խանութ ու ինձ համար վերնաշապիկ ընտրեմ:
- Ձեր համալսարանում ի՞նչ կմտածեն, այ Մարիամ: Կասեն,թե էս երեխեն կարգին շոր չունի: Անընդհատ էդ կապույտ շորդ, էն 2 վերնաշպիկներդ ու շալվարդ ես հագնում, տենց հո չի՞: Էն մեկին էլ կոճակներ ես կարել, ու թվում ա, թե նոր ա,բայց ես գիտեմ չէ՞, որ տենց չի:
-Մամ,էդ մասին մենակ դու ես մտածում: Այ մարդ ի
՞նչ կարևոր ա ,թե էդ համալսարան կոչվածում, կամ ընդհանրապես մարդիկ ինչ կմտածեն: Այ մամ, թեթև նայի էլի, լավ կլինի:
   Մամաս  ամենից շատ իմ`գիրք կարդալու, բնավորությունն ա սիրում: Ճիշտ ա , ինքն ամբողջ օրը բողոքում ա,որ համակարգչի առաջ շատ եմ նստում, որ գիշերները կարգին չեմ քնում, որ փողերս գրքերի ու ծաղիկների վրա եմ վատնում,բայց ես գիտեմ, որ ինքը մենակ ուրախ ա,որ ես էսպիսին եմ. երբեք չի ասել ինձ, բայց ես գիտեմ: Մեր տանը գրքերը չուլանի վերևի մասում են, ու դրանք տեսնելու համար առնվազն 2 աթոռ ա հարկավոր, իսկ տատիկենց տանը էդպես չի: Ես հիշում եմ,որ փոքր ժամանակ ամենասիրածս  գործը պապիկի գրքերը դասավորելն էր: Մաման աչքի առաջ մեծ գրադարան ա ունեցել, իսկ ես գրքերս սեղանիս ու դրա կողքի փոքրիկ գրապահարանում եմ մի կերպ տեղավորում: Եթե մեր տունն էսքան փոքր չլիներ, կամ էլ ես իմ սենյակն ունենայի` Արամի Ռոբինզոնի պես ամբողջը կլցնեի իմ սենյակւոմ, ու քայլելու տեղ չէի թողնի,կնստեի գրքերից շինված քարանձավում ու բանան կուտեի: Երևի մաման, վախենում ա,որ մի օր ես էլ փոքրիկ տղայի պես գրքերի ծանրությունը գրկած կմեռնեմ, թեև Պաչյանի պատմվածքը չի կարդացել:
-Մամ, այ մամ, սիրահարվել եմ Արամին:
՞նչ Արամ: Քանի՞ տարեկան ա:
- 31, բայց էս քո մտածածը չի, ես իրեն ուրիշ ձև եմ սիրում: Գնում եմ Բուկինիստ ու մտածում, որ աշխարհի ամենադժվար բանը Արամի համար գիրք առնելը կլինի,որովհետև ինձ մեկ-մեկ թվում ա,թե ինքն աշխարհի բոլոր գրքերը կարդացել ա: Էսօր օրինակ Պետեր Հանդկեի մասին էսսեն էի լսում:  Իր էսսեի մեջ Արամն ասում ա,որ մեզ պետք է ներկան, կամ ներկայի կեղծ իմիտացիա ստեղխելու խաբեբա համարձակություն:
- Շատ բան ա  ասում:
- Հետո ասում ա ,որ այն ինչ Հանդկեն ի զորու չէ փոխանցելու, փոխանցվում է անզորությամբ: Ամենաշատն ինձ դուր ա գալիս էն հատվածը, որտեղ Արամն ասում ա , թե հեռանալու անխուսափելի տարածությունը Հանդկեի մոր տխուր քայլերի համար վերջնակետ չունի, և Հանդկեն մեղմ շոյում է մոր հեռացող մենակությունը:
-Հըըըըըմ
- Մամ, դու ինձ լսում ես,չէ
՞:
- Հա, վայ: Ասում եմ վաղը քույրիկի հետ գնացեք էդ խանութ:
-Լաուրը պարապում ա պետական քննության համար ու չի կարող:
  

Ամեն անգամ նեղանում եմ մամայից, որովհետև ինձ չի լսում: Գիտեմ, որ իրեն ամենից քիչ իմ Արամն է հետաքրքրում, բայց ախր ուզում եմ պատմել, ուզում եմ տեսնել, թե ոնց ա մամաս <<Տեր Վիլիկ>>-ն ու <<Թափանցիկ շշեր>>-ը կարդում: Իսկ մամային հետաքրքրում ա իմ զզվելի համալսարանը, որի մասին խոսելը մեծագույն տհաճություն ա ինձ պատճառում:
- Համալսարանում ի՞նչ կա, էսօր պատմություն պարապե՞լ ես:
- Չէ: Մամ, դա ի
՞նչ կարևոր ա: Էսօր ռադիոյի  ժամին Արամի հաղորդման մասին եմ պատմել: Գիտես, նենց էի խոսում, ոնց որ ընկերոջս, կամ վաղեմի ծանոթիս մասին պատմեի, որովհետև իմ մոտ էդ նույն զգացողությունն ա, երբ ինքն ինչ-որ գրողի մասին ա պատմում, կամ ինչ-որ ստեղծագործություն կարդում: Ասեցի, որ ինքն իմ գրողն ա, իմ ոգեշնչումը, իմ ընկերը, ինձ հասկացողն ու ինձ մենակ չթողնողը: Մամ, Արամն ինձ երբեք մենակ չի թողնի, որովհետև գիտի, որ ես էլ եմ իր պես մենակ:
-Դասախոսդ ի
՞նչ ասաց:
-Ինքը պետք ա Արամի մասին լսած լիներ,որ մի բան ասեր: Ասեցի, որ սիրում եմ Արամին, որ խանդում եմ` սարսափելի շատ: Մամ, ո
՞նց կարող ա Լիլիթի աղբակույտ երգերը լսողը կուրսեցիս հետաքրքրվի Արամի գործերով,հը՞: Էդ անհնար ա ,տենց բան հնարավոր չի: Ջղայնանում եմ: Ունեցած -չունեցածս էս մի զույգ կեդն ա, թե չէ կհանեի ու կտայի գլխներին: Ախր, որ զգամ իսկապես սիրում են, հասկանում, հետաքրքրվում, մենակ ուրախ կլինեմ, գրքերս կկիսեմ իրենց հետ, կքննարկենք, հաստատ Արամն էլ կուրախանա, բայց չէ: Արամից ուզում են երկրորդ Պաոլո Կոելիո կամ Մարկես սարքեն, դու պատկերացնու՞մ ես ,մամ: Ոնց որ ես մի տարի առաջ ասեի, թե սիրում եմ Մարինե Պետրոսյանի գործերը, այնինչ դրանք էս վերջերս եմ սկսել կարգին ուսումնասիրել, ու դեռ լավ չեմ էլ հասկանում:
- Էդ էն կոպիտ կինն ա
՞:
-Ոնց,դու Մարինեին տեսել ե
՞ս:
- Դե, էն օրը հեռուստացույցով գոռգռում էր:
-Հեհե, հա տենց բաներ ունի, բայց էդքան վատը չի: 

- Դե ոնց կարող ա Արամից լավը լինի չէ՞:
- Ձեռք ես առնում էլի: երեխեքին ասեցի, որ զգում եմ, երբ մարդիկ Արամին սեփական ռեյթինգի ու ինքնագովազդի համար են օգտագործում ,ու էդ պահին 4-5 մեջքի ճտոց լսվեց: Դասախոսիս դուր չեկավ նյութս: Դե էնպես չի, որ պետք ա հակառակը լիներ: Մենակ տեսնեիր դեմքը: Էսքան ժամանակ մտածել ա,որ ես խելոք երեխա եմ,իսկ էսօր նենց էր նայում,ոնց ես իրեն, դե այսինք` հոգեկան հիվանդի պես: Ինքն ուղղակի էնքան զբաղված էր իր ճառերով,ասմունքներով ու բանավեճերով, որ չէր նկատել, որ իր դասերին մենակ իմ մազերն են երևում` գլուխս սեղանին հենելու պատճառով: Զարմանալիա ,որ մինչև հիմա նկատողություն չի արել` էն դասին 80-ից ընդամենը 4-5 հոգու պես չաղոթելու համար: Մի խոսքով ինքն ընդհանրապես իմ աշխատանքը չհավանեց:
-Ասե՞ց ինչ-որ բան, թե էլի քո վառ երևակայությունն ա:
- Չէ, բան չի ասել, ուղղակի թարս էր նայում: Ոնց որ համ ջղայն էր, համ վախեցած:
- Չէ հա
՞, դե վերջացրու էլի:
-Հեմոն ասում ա,որ ինքը արջուկ ա, բայց Ֆոլքներն ինձ ուրիշ բաներ ա պատմել արջերի մասին: Լավ մարդ ա երևի, չգիտեմ, դեռ քննությանը մի ամիս կա, բայց իր մոտ մենակ դասաժամը սպանելն ա լավ ստացվում: 80 րոպե երեխեքի ուղեղն ու նեռվերը քամում ա,որ հետո մյուսների պես տանի դեկանատ: Թեև երեխեքի մեծ մասն առանձնապես դժգոհ չի: Մամ, ես զզվում եմ էդ համալսարանից:
 

 - Իսկ դու բացի քեզնից ու  ՞մ ես սիրում մի հատ կասե՞ս: Բոլորը վատն են. ամեն ինչից բողոքում ես, իսկ դու՞: Էդ մասին մտածե՞լ ես: Ես քո հետ խոսում եմ քո դատարկ զգեստապահարանից, դու գլուխս տանում ես քո Արամով, ով աշխարհի ամենավատ ու տհաճ ձայնն ունի:
- Ես Արամին եմ սիրում, մեկ էլ ... Ես Արամին եմ սիրում, հերիք չի՞:
՞նց ես սիրում:
- Ոնց Տիգրանին`Համասյան Տիգրանին:
՞նց կարելի ա սիրել մեկին, ում երբեք չես տեսել:
- Ես խմորե երևակայություն ունեմ:
-Դու շեղումներ ունես:
- Դու ինձ չես լսում, երբեք չես լսում:
-Էլի սկսվեց: Դու սիրում ես Արամ Պաչյանին, զզվում ես համալսարանից, դասախոսիդ դուր չի եկել աշխատանքդ: Էս չէիր ասու
՞մ:

 

-Ու՞:
-Ու քեզ համբերություն, քիչ բողոքի, ձեզ էլ բարի բախտ:
-Էս ի~նչ ուշադիր ես լսել:
-Նոր շորերդ էլ շնորհավոր:
-Ըհը,մերսի:
-Տան ու գրադարանի բոլոր գրքերը կարդացել ես ու հիմա գրքի քչություն ես զգում, էլ ոնց կլինի:
-Չգիտեի, որ մեր տանն ու գրադարանում հայ ժամանակակից գրականություն կա:
- Հա, ոնց չէ. ագռավներ,ծտեր,Վան ԳոգՌեքվիեմ ու էն գրողը, որ Ֆրեդդիդ շատ ա նման:
Կարեն,մամ, Անտաշյան Կարեն:
-Հա, թող տենց լինի:
- Ես Արամի հետ գրադարանում եմ հանդիպելու, կամ գրախանութում, չէ , ավելի շուտ Վերնիսաժում, ինքն էնտեղից ա ճարում իր գրքերը`Լյովի մոտից:
-Դե բնականաբար:
-Ինչի
՞:
-Որովհետև ոչ դու թեյի կամ սուրճի փող կունենաս, ոչ էլ ինքը:
-Հա, երևի:

  

-Մամ, կոպեկներս կմեծացնե՞ս:
- Էլի
՞: Սրան վերջ կա՞:
- Ես մեղավոր չեմ, որ Xerox-ում անընդհատ մանր են տալիս:
-Բուֆետ գնա, հաց կեր:
-Ինձ նայողը չի մտածի,որ չեմ ուտում:
-Անիմաստ ա քո հետ:
-Էլի են ասել:

50, 60, 70, 100....
300, 500, 700, 900...
-Ձեռքդ փող կա
՞:
-Հա, հավաքել եմ:
-Գործի տեղից ի
՞նչ լուր կա:
-Չեմ գնում, Լիանը ասել ա էս 2 օրը կզանգի կգնամ:
-Իսկ փողի
՞ց:

-Ուզեին առանց ասելու կտային, չեն խոսում էդ մասին, ուրեմն չեն տալու:
- 2 ամիս ա աշխատում ես:
-Փորձ ա , հետո պետք կգա:
-Սրա վերջը չի երևում:

 

-Մամ, դե մեծացրու էլի:
-Արամի հետ հանդիպման հաշվի փողն ա՞:
-Չէ, մամ:
-Արամն ա փակվելու
՞:
-Անունը Արամ չի, ու ինքը ոչ մի բան էլ չգիտի:
- Կներես, խաղս ժամանակով ա,չլսեցի, ի
՞նչ ես ասում: Դու ես հաշիվը փակելու ,թե Արամը:
- Ասում եմ կոպեկներս մեծացրու էլի:
-Քեզնից պրծում չկա, բեր:
-Հեսա, ուղիղ 1000 ա,էն մնացածը թող մնա:
- Քիչ խոսա ,այ Արամիկ, բեր:
-Մերսի մամ:

 

-Կիևյանի խանությում սիրուն կարճաթև մայկաներ կան, դասից գալուց կնայես:
-Հա, մամ:
-Չմոռանաս ու ականջի հետև չգցես: Էնքան չգնացիր դեկտեմբերը դարձավ մայիս:
-Ըհը,մամ:
- Համալսարանում էլ հաց կուտես, սովաած չմնաս:
-Անպայման, մամ:
-Դե զգույշ կլինես ու լսարանում ելույթներ չունենաս:
-Կաշխատեմ, մամ:
-Դե գնա:

դուռը բացում եմ...

- Մի րոպե սպասի
-Բան ա եղե
՞լ, մամ:
-Էսօր ցույց-մույց չկա չէ
՞:
-Չէ
-Դե հուսով եմ,որ ոստիկանությունից զանգեր չենք ստանա:
-Ըհը:
Բանալիդ
-վերցրել եմ
-դե հաջողություն, բալես:
-Լավ մամ

դռան շխկոց:

Մեկ, երկու, հինգ, յոթ, կանգառ, 13-ի ավտոբուս....

Նրանց խաղի ու երջանկության ճիչերը,վազքը, սառույցների վրա սայթաքելը, սահնակը, ձյան համը, ամեն ինչ խտացել էր փաթիլների մեջ, որոնք իջնում են` երկինքը անվերադարձ լքող ճերմակ հրեշտակների թախիծով: Բայց դու մենակ ես գավազանի գալարաձև, չոր կնճիռներին գգված. փակ ես բոլորի համար, բայց ոչ պատուհանի, որից այն կողմ կյանքն է` անհասկանալիորեն  վրա հասած նուրբ ու ցավոտ հայտնություն, որ չգիտես ինչու ու ինչպես տրվեց, բայց հաստատ ոչ միայն ապրելու ու մեռնելու, ոչ միայն տառապելու ու երջանկանալու, ոչ միայն խանդավառվելու ու հուսահատվելու համար. ուրիշ է, նա ուրիշ է. ճշմարտություն, առանց որի հնարավորություն չէր լինի արտահայտվել, նա արտահայտվելու բացառիկ հնարավորություն է. կյանքը` ձյան փաթիլներին պարզած երեխայի մատիկ է, նրա բիբերում` փայլող հիացմունք:
... համակերպվիր տխրության հետ, ուրիշ տարբերակ չունես, տխրությունը համակերպիր մարմնիդ, համոզիր նրան, որ սրանից հետո միասին եք կիսելու կյանքը. հիացիր տխրությամբ:

 
/Արամ Պաչյան- Ցտեսություն Ծիտ /

Հ.Գ Դրամապանակիցս էլ բողոքող մանրադրամների ձայներ չեն լսվում: Համալսարանում ամեն ինչ նույնն ա ` գաղջ: Արամին էլի չհանդիպեցի, բայց մի օր անպայման կհանդիպեմ, կգրկեմ ու կասեմ, թե ինչքան կարևոր ա ինքն իմ համար, ինչքան շատ ա ոգեշնչում, ու ինչքան շատ ունեմ իր կարիքը: Ինքը կհասկանա, որ ես գիժ եմ ու կսիրի ինձ, ոնց ես իրեն: Արամին կպատմեմ էն տղայի մասին, որից մաման գաղափար չունի, իսկ ինքն ինձ «մերկ» ու սիրուն աղջիկներից կպատմի, արվեստից, գրքերից, մարդկանցից, իր գործերից, քաղաքից: Մենք միասին կգնանք գրադարան, որովհետև ոնց մաման ա ասում`թեյի կամ սուրճի փող չենք ունենա, կամ էլ կթափաթենք առանց փողոցների անուններին նայելու: Ես Արամին կպատմեմ էն ամենն ինչ մենակ ինձ եմ պատմում գիշերները:

Հ.Գ-ի Հ.Գ Մամ, կներես մամ ջան, կներես, որ էլի խանութ չգնացի ու վերնաշապիկ չառա, կներես, որ կռվեցի քույրիկի հետ, նեղացավ ու չեկավ հետս, թեև ես չէի էլ պատրաստվում գնալ, կներես, որ գրքերիս պատճառով արդեն վաղուց նոր շորեր չես հագնում:
 Մամ, խոստանում եմ, էս վերջին անգամն ա, էլ մանր կոպեկներս չես մեծացնի:
 Ես կարգին աշխատանք կգտնեմ, կսկսեմ փող ստանալ, ու ամեն ինչ լավ կլինի:
 Ազնիվ խոսք մամ, ազնիվ Մարիամի խոսք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել