Իսկապես դժվար ժամանակներ են սպասվում «հրաշալի քառյակին»: Առաջիկա 10 օրերի ընթացքում «հրաշալի քառյակի» «հրաշափառ ծնունդը» նույնքան «հրաշափառ վախճան» կարող է ունենալ: Բանը նրանում է, որ կուտակայինի հարցով ամիսներ տևած քառյակի գզվռտոցները կառավարության հետ, այն միամտությունը, թե կառավարությունը ընդառաջ կգնա և օրենքից կհանի պարտադիր բաղադրիչը, ոչ մի արդյունքի չհանգեցրեց: Քառյակի քաղաքական ռոմանտիզմին արդեն ընդդիմադիր ՕԵԿ-ը պատասխանեց ավելի քան պրագմատիկ քայլերով: Մի քանի օր առաջ «Օրինաց երկիր» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց կուտակայինի վերաբերյալ օրենքի նախագիծ, որով հստակ և կոնկրետ առաջարկվում է օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Ավելին, ՕԵԿ-ը դիմեց ոչ իշխանական քառյակին և քաղաքական մեծամասնությանը՝ նախագծին աջակցելու և այն իրենց առաջարկներով լրացնելու համար: Ակնհայտ է՝ նախագիծը չպաշտպանելու դեպքում քառյակը կհայտնվի խաղից դուրս վիճակում՝ բացահայտելով կուտակայինի համար պայքարում իրենց անկեղծության իրական աստիճանը: Հանուն ճշմարտության պետք է նշել նաև, որ օրենքի այս նախագծի նկատմամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև «Դեմ Եմ» շարժումը:
Գալիք 10 օրերի ընթացքում ոչ իշխանական քառյակի հաջորդ փորձությունը կառավարության ծրագիրն է: Հայտնի է, որ քառյակից գոնե Դաշնակցությունը պատրաստվում է կառավարության ծրագրի վերաբերյալ ներկայացնել իր առաջարկները և գնալ քննարկումների, ինչը նշանակում է, որ բացառված չէ կառավարության ծրագրին Դաշնակցության աջակցությունը, իսկ ԲՀԿ-ն դեռևս դիրքորոշում չի հայտնել: Իսկ նման գործընթացը, ինչպես «Ժառանգության» լիդերն էր նշել, կհանգեցնի քառյակի լուծարմանը: Ինչպես ասում են, եկել է քառյակի «ճշմարտության պահը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել