Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք հայտարարում են, որ Հայրենական պատերազմը հայերի հաղթանակը չէ... Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք պնդում են, որ այս հաղթանակը Հայաստանին ոչինչ չի տվել, այլ միայն Ռուսաստանն է օգուտ քաղել... Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք անիմաստ են համարում մեր զոհերին այս պատերազմում, և պնդում են, որ հայերը ստիպված են մասնակցել պատերազմին, քանի որ սովետի կազմում ենք եղել... Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք հաղթանակի խորհրդանիշ գեորգիևյան ժապավենը, որ Հայրենականի մասնակից ցանկացած վետերանի համար ամենանվիրական արժեքներից մեկն է, անվանում են կոլորադյան բզեզ…. Իրականում ահավոր է այս ամենը, շատ տխուր… 102 սովետական միության հերոս ենք ունեցել այդ պատերազմում, իսկ հերոսներ/բնակչության քանակ հարաբերակցությամբ առաջին տեղում ենք եղել ամբողջ Սովետական Միության մասշտաբով: Երկու մարշալ ու մեկ ծովակալ ենք ունեցել, բազմաթիվ գեներալներ ու այլ զորավարներ, որոնք իրենց կյանքն են դրել այդ պատերազմում հաղթելու համար: Միայն մենք էինք, որ ազգային փառապանծ Թամանյան դիվիզիայով հասել ենք մինչև Բեռլին, քոչարի ենք պարել Ռեյխստագի ավերակների վրա: Ուրիշ ոչ մի պետության ազգային դիվիզիա չի եղել Բեռլինում: Սովետական ուրիշ ո՞ր մի պետությունը, ազգը նման ապշեցուցիչ հայրենանվեր գործեր ունի արած, բացի ռուսներից և ուկրաինացիներից: Իսկ ի՞նչ է ինձ համար Մայիսի 9-ը: Առաջին հերթին՝ հպարտության և ուրախության օր: Հպարտության, որովհետև նախ իմ ազգը, իմ երկիրը ծանրակշիռ ներդրում է ունեցել այդ համաշխարհային ժանտախտի` ֆաշիզմի կործանման գործում, և երկրորդ` որ իմ պապն անձամբ ներդրում է ունեցել այդ մեծ գործում: Ուրախության օր, որովհետև ես կամ այդ հաղթանակի շնորհիվ: «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն», - գրել էր պատմիչ Եղիշեն: Չեմ կարծում, որ այն հարյուր հազարավոր հայերը, որոնք մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին, իրենց կյանքն են զոհել հանուն իրենց ընդհանուր հայրենիքի` Սովետական Միության, ստիպողաբար են արել այդ, պարտադրված: Ոչ` հակառակը: Դա խորապես գիտակցված և հոգով-սրտով ընդունված պայքար է եղել: ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՅՔԱՐ: Ասում են՝ այդ պատերազմը ոչինչ չի տվել հայերին: Իսկ երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե Ստալինգրադի մարտերում Գերմանացիք հաղթեին, կամ ընդհանրապես Սովետական Միությունը պարտվեր: Ոչինչ չէր լինի, ոչ մեկս չէինք լինի: Չեմ ուզում խորանալ պատմական փաստերի մեջ, քանի որ շատ է խոսվել այն մասին, որ Թուրքիան էլ պատրաստվում էր Հայաստանի տարածքով հարձակման, երբ գերմանացիք հաղթեին Ստալինգրադում և այլն: Հայերը այդ պատերազմում ձեռք են բերել ապրելու և արարելու իրավունք, ինչպես 451 թվականին Ավարայրում, ինչպես 1918-ին` Սարդարապատում, ինչպես 1992-ին` Շուշիում: Հասկանում եմ շատերի վերաբերմունքը Սովետական Միության նկատմամբ, ընդունում եմ, որ ավտորիտար ռեժիմով, բազմաթիվ անմեղ մարդկանց կյանք խլած և անարդար իշխանություն է եղել: Բայց…. բայց ախր դա մեր պապերի, հայրերի հայրենիքն է եղել: Լավն է եղել, թե վատը, դա չպետք է որոշի մեր վերաբերմունքը Հայրենական պատերազմի նկատմամբ: Մեր օրերում կռիվ են անում Միկոյանի արձանը դնելու համար: Ծիծաղելի է, պարոնայք… Փոխանակ Հաղթանակ զբոսայգում մի ամբողջ ծառուղի սարքեն և տեղադրեն այն 102 հերոսների կիսանդրիները, որոնք իրենց կյանքն են տվել Հայրենականում հաղթանակի համար, և յուրաքանչյուրի տակ գրեն, թե ինչ հերոսություն է նա արել, ընկած քննարկում են Սովետական միության մոխրագույն կարդինալ չինովնիկներից մեկի արած լավ կամ վատ գործերը: Ի՞նչ է ինձ համար Մայիսի 9-ը: Հարգանքի և հիշողության օր է: Հարգանք մեր բոլոր նախնիների նկատմամբ, որոնք պայքարել են, կյանք են զոհել, որ մենք լինենք: Հիշողության օր, որ երբեք չմոռանանք այն զոհերին, այն արյունը, որ թափվել է հաղթանակի համար: Մեր բոլորի հաղթանակի համար:

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»: Մովսես Խորենացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել