Անշուք թանձրությամբ պատված փողոցի բազմությունը շտապ-շտապ ոտքերն ուղղում էր դեպի առաջ` սև ու խավարով պատված փողոցից ազատվելու և ավելի անվտանգ ու լուսավոր փողոց տեղափոխվելու համար: Աջ ու ձախ քայլող մարդկանց ոտնաձայները գնալով ավելի անտանելի են դառնում, երբ ցանկանում ես ազատվել այդ ամբոխից ու ունկնդիր դառնալ մտքերիդ ձայնին:
Ազատվելով ամբոխից` քայլում էի միայնակ` տրվելով գարնանային գիշերվա սառն ու անբացատրելի ակնթարթին:
Առավոտյան կատարվածը իր ազդարարող հետքը թողեց ամբողջ օրվա ընթացքի վրա` ստիպելով միայնակ մտային պայքար սկսել ինքս իմ դեմ:

Առավոտյան` ժամը 9-ին, երբ գտնվում էի Մ. Հերացու փողոցում, նայելով ժամացույցիս և տեսնելով, որ դասերի սկսվելուն դեռ 30 րոպե կար, շրջանցեցի 
«Սև շենքը» և քայլերս ուղղեցի դեպի Աբովյան փողոց` վայելելով օրվա շռայլությունը հանդիսացող արևի տաք ջերմությունը: Ագահաբար ըմբոշխնելով թարմություն ու ակտիվություն առաջացնող արևի ճառագայթները՝ կանգնեցի մի ոչ բարձրահասակ ծառի տակ և սկսեցի դանդաղորեն ուսումնասիրել ու հիանալ նորածիլ բողբոջի` դեպի փորձություններով լի կյանքի ներխուժումը: Մինչ ծառի նշմարվող կանաչը կհասցներ ինձ ամբողջությամբ կլանել իր մեջ, ականջիս լսելի դարձավ մի ձայն, որը չափից ավելի ծանոթ թվաց ինձ: Երբեմն լինում են պահեր, որոնք անհնար է մոռանալ, երբեմն լինում են հայացքներ, որոնք անհնար է չհիշել, երբեմն լինում են ձայներ, որոնք անհնար է չզգալ, չկարոտել ու մոռանա՜լ: Ես այդ պահին լսում էի այն ձայնը, որը ժամանակին ինձ դարձրել էր կատարյալ երջանիկ: Իսկ ի՞նչ էր կատարյալ երջանկությունը: Դա զգում էի այն ժամանակ, երբ նրա հիասքանչ` մեղեդիներով պարուրված սիրո խոսքերը` դուրս գալով նրա մաքուր ու պարզ շուրթերից, ուղղվում էին ինձ. ահա թե որն էր կատարելությունը:

Ես չէի սխալվում, ընդամենը մի փոքր հեռավորության վրա կանգնած էր Սոֆին, այնքան հարազատ, բայց ժամանակի ընթացքում այնքան օտար դարձած Սոֆին: Իմ անցյալը, իմ անցյալի ամենապայծառ կետը, որտեղ հիմա այնպես էի ցանկանում հայտնվել: Չնայած փոքր հեռավորությանը, մեր միջև մի մեծ անդունդ էր խոյանում, որի մյուս ծայրից մյուս ծայրը տեղափոխվելու համար հարկավոր էին գերբնական ուժեր, մեծ անցում կատարելու և այնուհետև երջանիկ լինելու համար. բայց ցավոք ես անզոր էի կատարել այդ մեծ քայլը: Զարմանալի բան է կյանքը, անցյալում այն, ինչ պատկանում էր մեզ, երբ սկսում է իսպառ բացակայել ներկայում, սկսում է ավելի գնահատվել նրա արժեքն ու կարևորությունը: Ես հիմա Սոֆիին ցանկանում էի այնպես, ինչպես երբևէ չէի ցանկացել նրան անցյալում: Միայն նրա ձեռքին հպվելը, որը անցյալում այնքան սովորական էր մեզ համար, հիմա նոր կիրքով ու զգացմունքով դարձել էր անիրականալի ցանկություն, որի համար պատրաստ էի տալ ամեն ինչ, միայն թե նորից հպվեի նրան, նորից ձեռքումս զգայի նրա ձեռքերը, զգալու նրա մարմինը, շոշափելու բարակ մատները, զգալու նրա ապրեցնող ջերմությունը, մատներով շոշափելու նրա քնքուշ երակները` ու ագահաբար հարբելով նրա` խելացնորության հասցնող բուրմունքով:

  Պատրաստ էի թողնել ամեն-ինչ և տրվել երազանքին: Ցանկանում էի գրկել ու զգալ նրա ծանոթ մարմինը, համբուրելու կիսաբաց շուրթերը, տրվելով քամուն` անհայտանալ նրա` ժամանակին փայփայած վարսերի ծովե ալիքների մեջ, սավառնելու նրա հյութեղ բուրմունքի մեջ և անկուշտի պես կլանել այն, ինչը կապված էր իր հետ, ինչը արտացոլում էր նրան ու նրա կարոտած գեղեցկությունը: Ուզում էի գրկել ու անվերջ սիրել` երբեք չհագենալու և սիրել` երբեք չբաժանվելու համար: Գրկել ու սիրել, գուցե նորից կվերադառնայի այնտեղ, որտեղ ես երջանիկ էի: 
Ա՜խ իմ անցյալ, իմ սիրով լի անցյալ, իմ երանելի, իմ ցանկալի, գալիս եմ այդտեղ, չէ որ այստեղ ես մենակ եմ, իսկ ում է պետք այս ներկան, եթե նա անցյալում է:

Նա հեռացել է, իսկ ես դեռ կանգնած եմ` այս ամենին ականատես կանաչազարդ ծառի տակ: Նա էլ չկա, չկա ոչինչ, չկամ և ես: Իմ ես-ը նրա հետ է, իմ ես-ը տարավ նա իր հետ: Տարավ անցյալ, չէ որ մենք` իմ ես-ը և նրա ես-ը, չափազանց երջանիկ էինք այնտեղ:

Դժբախտություն: Ամեն ինչ վերջացած է, ես նորից զգում եմ իմ ներկայի իրականությունը, ես ինձ նորից զգում եմ ներկայի մի մասնիկը, որը տառապում է միայնությունից: Մի միայնություն, որը դարձել է իմ ներկային հոմանիշը:

Ես շարունակում եմ քայլել մութ փողոցով` վերհիշելով օրվա յուրաքանչյուր վայրկյանը: Քայլում եմ ու փորձում նորից գտնել նրան, գտնել ու էլ երբեք չկորցնել: Բայց արդյո՞ք կա իմաստ փնտրել մեկին, ում երբեք էլ չես գտնի: Ինչպես կարող եմ գտնել նրան: Նա էլ չկա, չկա և ոչ ոք նրա նման: Իսկ հնարավո՞ր է, որ մի օր կգտնվի մեկը, ով նման կլինի նրան, ով կունենա այն լույսը, որը շողարձակում էր նրա մեջ, կունենա այն աչքերը, որտեղ այնքան մեծ մի աշխարհ էր թաքնված: Եւ արդյո՞ք մեկը օժտված կլինի այն բոլոր հատկանիշներով, որով նա փայլում էր իմ աչքի առաջ: Եւ ի վերջո, արդյո՞ք կգտնվի մեկը նրա նման ... իհարկե ոչ, մի՞թե մարդ երկու անգամ կհանդիպի իր կատարյալ իդեալին:


«Բոլորը նույնն են, նույն հասարակ, միօրինակ ու տրամաբանական էակները, իսկ դու ուրիշ էիր, ուրիշ, որին ես կորցրի` թողնելով այս մեծ աշխարհում միայնակ, որտեղ այնքան դժվար է քո նմանների համար, քանզի Դուք կատարելություն եք, իսկ անկատարներով լցված այս աշխարհը չի հանդուրժում Ձեզ: Դուք մի մեծ աշխարհներ եք, իսկ Ձեզ նայում են որպես փոքրիկ օթևանի:
Դուք իդելաներ եք, այս անիդեալ աշխարհում, դուք լույսեր եք, այս խավարոտ աշխարհում: Դուք այնքան քիչ եք, այնքան յուրօրինակ, որ Ձեզնից մեկին գտնելը համարվում է երջանկություն, իսկ մեկին կորցնելը` կատարյալ դժբախտություն: Ես կորցրի քեզ` դառնալով կատարյալ դժբախտ»
Էլ չեմ գտնի ես նրան, էլ չեմ գտնի և ոչ ոքի, չէ որ կորցրի այն միակին, որ տարբերվում էր այս ամբոխից: Ես կորցրի նրան` անչափ սիրելով, և կորցրի նրան` անընդհատ փնտրելով:


Ու շարունակում եմ փնտրել նրան` չգտնելու հույսով պատված, գուցե այդժամ գտնեմ մեկին, ով մի փոքր նման կլինի  իմ միակին ...

Նարեկ Դալլաքյան «Ես փնտրում եմ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել