Նա, ով լաց է լինում կողքի սենյակում... ով բռնում է ձեռքդ ու համոզում, որ դեռ ժամանակ ունես... Ժանտախտը կերել է քեզ, բայց դու ապրելու մասին ես մտածում, որովհետեւ վերջին ժամերդ նրանն են… Ու վախենում ես, որ ամեն պահի նա կարող է բաց թողնել ձեռքդ...
... Վերջին վայրկյաններդ են, նրա աչքերին ես նայում... կորուստդ ես շոշափում, չարածդ, մարմնիցդ ավելի սաստիկ ցավացող երազանքներդ, որ քեզնից կես վայրկյան շուտ են մեռնելու... ափսոսում ես, որ ժամանակին քեզ վախկոտի պես ես պահել... հետո ձեռքը դանդաղ հեռանում է ձեռքիցդ... էլի նրան ես նայում, ուզում ես հպվել, բայց չես հասնում...
... Սրտի վերջին ծակոցը միշտ ցավոտ է լինում... Գուցե նա էր քո վերջին սրտխփոցը, վերջինը, ում չունեցար... որովհետեւ շրջանակ գծեցիր, ապրեցիր դրա մեջ ու կուլ գնացիր քո հնարած քառակուսիներին...
...Կյանքդ գալիս է աչքիդ առաջ... բոլորին ներում ես, որ մաքուր հեռանաս... նրան էլ ես ներում... նա, ով աշխարհի ամենագեղեցիկ աչքերն ունի... ներում ես, որ ձեռքդ բաց թողեց այն ժամանակ, երբ ամենաշատն ունեիր նրա կարիքը... Հետո ինքդ քեզ ես ներում, որ դավաճանել ես քեզ, որ զգացմունքներդ քառակուսիներին ես ծախել, որ գեղեցիկ աչքերը կարծիքներին ես զոհել… Խաղաղվում ես, փնտրում ես աչքերը, ձեռքը… ու վերջին անգամ շնչում սենյակի ծանր օդը…
… Արդեն չկաս, բայց զգում ես՝ ոնց է ձեռքը փակում աչքերդ… բոլորը ներս են մտնում, լացի ձայնը երկինք է բարձրանում… գեղեցիկ աչքերն այդպես էլ չեն թացանում… Հետո քո մասին լավ բաներ են պատմում իրար, կատարյալ ես դառնում մի տեսակ… Նա լռում է, ոչինչ չի խոսում քո մասին, որովհետեւ մեռնողի հետեւից չեն հայհոյում…
… Սեղան են նստում՝ քեզ հիշելու… Միայն նա է նկատում, որ աթոռդ դատարկ է… մի քանի վայրկյան նայում է դատարկ աթոռին ու… տեղի է ունենում ամենասարսափելին. կյանքը շարունակվում է…

Էդգար Կոստանդյան
10.01.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել