Ռեգրեսիան հոգեբանական Պաշտպանական մեխանիզմ է, որը, ինչպես և մյուս պաշտպանական մեխանիզմները, ներդրել է հոգեբանական գիտության մեջ Զ. Ֆրոյդը: Երբ մարդը հայտնվում է ֆրուստրացված վիճակում, ապա նրա վարքում, ի թիվս մի շարք այլ անմիջական հակազդումների (ագրեսիա, հույզեր, շարժողական կրկնվող գործողություններ, անհանգստություն և այլն) և պաշտպանական մեխանիզմների, դիտվում է նաև առանձնահատուկ մի փոփոխություն, որն անվանում են Հոգեբանական Ռեգրեսիա:
Հոգեբանական նահանջի ստորև բերվող օրինակը, շատ լավ ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսքը: -> Եթե ընտանիքում նորածին է հայտնվում, ապա 4-5 տարեկան երեխայի վարքում դիտվում են փոփոխություններ: Նա սկսում է ծծել մատը, կրծել եղունգները, գիշերները թրջել անկողինը (էնուրեզ), խոսել մանկան նման, թոթովել և այլն: Դրանք նրա կյանքում վարքի արդեն անցած ձևեր են, բայց այժմ վերականգնվում են: Ինչու՞: Որովհետև ծնողներն իրենց ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել են նորածնի վրա, նրան են առավելապես խնամում և գուրգուրում, իսկ <<մեծն>> իրեն հուզական տեսակետից զրկված է զգում, այսինքն ֆրուստրացվում է: Այս երևույթը մեր հասարակության մեջ հայտնի է որպես <<մանկական խանդ>> անվամբ: Եվ ահա նա ինքնաբերաբար և ենթագիտակցորեն դիմում է հոգեբանական տարիքային նահանջի մեխանիզմի օգնությանը` մանկական ավելի պարզունակ վարք է դրսևորում` ծնողների նախկին ուշադրությունն ու գուրգուրանքը վերականգնելու համար:
Հայտնի է, որ ծերության, հատկապես զառամյալ տարիքում շատ մարդիկ դրսևորում մանկացման նշաններ: Ոմանց մանկացումը շատ խոր ու պաթոլոգիկ, անշրջելի բնույթ է ստանում: Այդպիսի ծերունիներին պետք է լինում խնամել այնպես, ինչպես խնամում են փոքրիկ երեխաներին, ծերունիները քանի գնում ավելի ու ավելի են ապրում իրենց անցյալով: 
Նույնիսկ լինում են դեպքեր, երբ Ռեգրեսիան հասնում է ներարգանդային զարգացման փուլին, հիվանդը կծկվում, արգանդում գտնվող սաղմի ձև ու դիրք է ընդունում և ժամեր շարունակ կարող է այդ վիճակում մնալ:
->Իրականում բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ականատես ենք լինում նման երևույթների և ի վերջո թերևս բոլորս էլ անցնում ենք դրանց միջով…
P.S.
Եղե՛ք Ներդաշնակ

Սարգիս Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել