Քաղաքական դաշտում ոչ միայն նոր վարչապետին է դժվար ժամանակներ սպասվում, այլ նաև ընդդիմությանը: ՀՅԴ-ն իր 7 կետերի ծրագիրը արդեն պարտադիր է համարում նաև ընդդիմության հետ համագործակցության համար, ՀԱԿ-ը երբեք, ըստ էության չի թաքցրել իր արմատական պահանջների իրագործման ցանկությունը, ԲՀԿ-ն այդպես էլ դեռ չի կողմնորոշվում քառյակի ֆորմատում, ժառանգությունը չգիտի՝ երեքից որ վեկտորի կողմն ուղվի, ընդդիմության ճանապարհին գտնվող ՕԵԿ-ի հետ չեն ուզում աշխատել, բայց հնարավոր է նաև մտածեն այդ ուղղությամբ, Կարապետիչը հանրահավաքների հայտ է ներկայացնում: Նախապայմաններ, որից ամիսներ շարունակ այս ուժերից ոչ մեկը չի կարող հրաժարվել: Ընդ որում՝ յուրաքանչյուրը հայտարարում է, որ անձերի և պաշտոնի խնդիր չի դնում, այլ երկրի ապագայի խնդիրն է: Անհասկանալի է, թե ինչպես է ապագայի խնդիրը լուծվում, եթե անձի և պաշտոնի խնդիր չի դրվում, ի վերջո «հրաշալի քառյակ» անվանումը դեռ չի նշանակում, որ առանց անձերի ու պաշտոնների հրաշքներ են գործելու, նման բան չկա: Ունիկալ մի վիճակ է, մի կողմից Աքիլեսի պես կրիային չեն կարող հասնել, իսկ մյուս կողմից էլ արդեն որերորդ անգամ համառորեն նույն գետն են մտնում: Մի գուցե անհատական պայքարը ավելի լավ ստացվի, քան կոլեկտիվը: Ի վերջո ոչ մեկ դեռ վստահ չէ մեր՝ կոլեկտիվ, թե ինդիվիդուալիստ լինելու հարցում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել