Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Դատարանը պաշտոնապես ընդունում է ուրվականների գոյությունը

5_993629661989 թ.-ին Ջեֆրի Ստամբովսկի անունով մի տղամարդ տուն գնեց Նյու Յորքի Նայեք քաղաքում: Նախկինում այդ տանը իր ընտանիքի հետ բնակվում էր Հելեն Էքլին: Երբ Ստամբովսկին ու իր կինը տեղափոխվեցին այդ տուն, նրանք իմացան, որ տունը հալածվում էր ուրվականների կողմից: Էքլին տարիներ շարունակ պնդում էր, որ տանը ուրվականներ կան: Նրա պատմությունը տեղ գտավ անգամ մեդիայում: Խնդիրն այն էր, որ նախքան տան գնումը Ստամբովսկին այս մասին չէր տեղեկացել:   

Թեպետ Ստամբովսկին երբևէ չէր տեսել ուրվականների և չէր էլ հավատում դրանց գոյությանը, նրա կինը ահաբեկված էր ուրվականներով լի տանը ապրելու մտքից: Ստամբովսկին որոշեց դատական հայց ներկայացնել Էքլիի դեմ՝ տանը բնակվող ուրվականների մասին տեղեկությունն իրենից թաքցնելու համար՝ պահանջելով ազատել իրեն առքուվաճառքի պայմանագրին ենթարկվելու պարտավորությունից: Սկզբում դատարանը չբավարարեց նրա պահանջը, սակայն նա հետագայում բողոքարկեց դատարանի որոշումը, և 1991 թ.-ին գործը տեղափոխվեց Գերագույն ատյանի դատարան: Որքան էլ որ անհավատալի թվա, դատարանը հօգուտ Ստամբովսկու վճիռ կայացրեց: Նա ազատվեց պայմանագրի կետերը կատարելու պարտականությունից և նրա վճարած գումարը հետ վերադարձվեց: Վճիռը հիմնված էր այն փաստի վրա, որ Էքլին հրապարակայնորեն նշել էր իր տանը բնակվող ուրվականների մասին և անգամ գումար էր աշխատել՝ այդ տեղեկատվությունը վաճառելով մեդիային: Այսպիսով, նա պարտավոր էր այդ փաստի մասին իրազեկել նաև տան պոտենցիալ գնորդներին:

 4  Ուրվականը մարդկանց փրկում է մրրիկներից

4_464978917Փոուլեյս Այլենդը մի փոքրիկ ափամերձ քաղաք է, որը գտնվում է Հարավային Կարոլինայում: Այս քաղաքը հայտնի է մի ուրվականով, որին կոչում են Գորշ Մարդ: 1822 թ.-ից ի վեր տարբեր ականատեսներ պատմել են մի խորհրդավոր կերպարի մասին, որը թափառում է ափեզրով: Գորշ մարդու ինքնության մասին մի շարք տեսություններ կան: Ըստ մի հայտնի պատմության՝ Գորշ մարդը մի երիտասարդ էր, ով պատրաստվում էր իր սիրեցյալին ամուսնության առաջարկություն անել, սակայն մահացավ սողանքի պատճառով, նախքան կհասցներ իրականացնել իր ցանկությունը: Նա դատապարտված է մշտապես թափառել տարածքում՝ փնտրելով իր սիրուն: Այնուամենայնիվ, ըստ տարածված կարծիքի, նա առանձնանում է մնացած ուրվականներից իր փրկարար ազդեցությամբ:  

Շշուկներ են տարածված այն մասին, որ Գորշ մարդը հայտնվում է այն ժամանակ, երբ տարածքում ուժգին հողմ է լինում: Եթե որևէ մեկին բախտ է վիճակվում տեսնել նրան, նա ազատվում է հողմի կործանարար ազդեցությունից: Ականատեներն ասում են, որ Գորշ մարդն իրենց զգուշացրել է հեռանալ տարածքից, քանի դեռ հողմը չի սկսվել: Հողմի ավարտից հետո այս ականատեսները վերադարձել են և գտել իրենց տունը միանգամայն անվնաս վիճակում: Այս պատմությունը առասպել է հիշեցնում, սակայն դեպքերից մեկը շատերին է հավատ ներշնչում: 1989 թ. սեպտեմբերին ամուսիններ Ջեյմս Մուրը  և Կլարա Մուրը պնդում էին, որ անցել են Գորշ մարդու կողքով իրենց ծովափնյա տնից այն կողմ զբոսնելիս: Դրանից կարճ ժամանակ անց «Հյուգո» մրրիկը տարածքում լայնածավալ ավերածություններ առաջացրեց: Շրջակայքում բազմաթիվ բնակավայրեր ավերվել էին, սակայն Մուրերի տունն անվնաս էր մնացել:

 3  Համերսմիթի ուրվականը

1804 թ. հունվարի 3-ին ձերբակալվեց Լոնդոնի Համերսմիթ թաղամասի բնակիչ Ֆրենցիս Սմիթը՝ Թոմաս Միլվուդ անունով մի պատշարի սպանելու մեղադրանքով: Սմիթն ասաց, որ դա ինքնապաշտպանություն էր: Իբրև արդարացում նա վկայակոչեց այն փաստը, որ Միլվուդը սպանության օրը սպիտակազգեստ է եղել, ինչի պատճառով էլ ինքը նրան ուրվականի տեղ է դրել: Այն ժամանակ սա անհավանական պատմություն չէր համարվում: Սպանությանը նախորդող շաբաթվա ընթացքում Համերսմիթում մի շարք մարդիկ տեսել էին ինչ-որ մեկի, ով ուրվական էր հիշեցնում: Ամեն ինչ ավելի լրջացավ, երբ մի հղի կին պնդեց, որ իր վրա ուրվական է հարձակվել, և երկու օր անց մահացավ:

Զինված ոստիկանները սկսեցին որոնել ուրվականին: Միլվուդի սպանության գիշերը որոնողական աշխատանքներով էր զբաղված նաև Ֆրենցիս Սմիթը: Քանի որ ողջ համայնքը շատ սարսափած էր, այսպես կոչված, «Համերսմիթի ուրվականից», շատերն էին հետաքրքրված, թե արդյոք Սմիթը պետք է պատասխանատվության ենթարկվի Միլվուդի սպանության համար: Նա դատապարտվեց կանխամտածված սպանություն գործելու համար:  Դատավարության ժամանակ վկաները վկայություն տվեցին նախորդ պատահարների մասին, երբ Միլվուդի սպիտակ հագուստը սարսափեցրել էր մարդկանց, ովքեր նրան ուրվականի տեղ էին դրել: Սմիթը մահապատժի դատապարտվեց: Այնուամենայնիվ, Սմիթին համաներում շնորհվեց: Այս պատահարից հետո Համերսմիթի ուրվականին այլևս տեսնողներ չկան:

 2  Խառնակիչ ուրվականը

9_4534147311812 թ. մայիսին Ռասել Քոլվին անունով մի տղամարդ խորհրդավոր կերպով անհետացավ իր հայրենիք Մանչեսթերից: Քոլվինը Ջես և Սթիվեն Բուրների խորթ եղբայրն էր: Վերջիններս երբեք չէին սիրել Քոլվինին: 7 տարի շարունակ Քոլվինի մասին ոչ մի տեղեկություն չկար: Նրա անհետացումից 7 տարի անց Բուրն եղբայրների հորեղբայր Ամոս Բուրնը մի խելահեղ պատմություն պատմեց: Ամոսը պարբերաբար երազներ էր տեսնում, որոնցում Ռասել Քոլվինի ուրվականը հայտնվում էր իր մահճակալի մոտ: Ուրվականն ասաց Ամոսին, որ իրեն սպանել են և նշեց, որ իր դիակը թաքցրել են Բուրների ընտանեկան ագարակի մոտակայքում: Այդ տեղանքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքում նրա դիակը չհայտնաբերվեց, սակայն հայտնաբերվեցին որոշ առարկաներ, որոնք ենթադրաբար պատկանել էին Քոլվինին: Կարճ ժամանակ անց Բուրների ագարակի մոտակայքում մի շուն հողը փորեց և գտավ ոսկորների մնացորդներ:

Բուրն եղբայրները ձերբակալվեցին Քոլվինին սպանելու մեղադրանքով: Ի վերջո, նրանք երկուսն էլ խոստովանեցին իրենց հանցանքը: Հետագայում պարզ դարձավ, որ հայտնաբերված ոսկորներն իրականում ինչ-որ կենդանու ոսկորներ էին, իսկ խոստովանությունը նրանցից կորզվել էր, սակայն դա չազատեց Բուրներին պատասխանատվությունից: Ջեսը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ Սթիվենը կախաղանի: Այս պատմությունն  էլ ավելի խճճվեց 1819 թ.-ին, երբ New York Evening Post-ում հոդված հրապարակվեց Բուրների մասին: Հոդվածը կարդալուց հետո հայտնվեց մի մարդ, ով պնդում էր, որ ինքը տեսել է Ռասել Քոլվինին Նյու Ջերսիում: Ի վերջո Քոլվինին հայտնաբերեցին ողջ-առողջ վիճակում և բերեցին Մանչեսթեր: Այդ ժամանակ Սթիվեն Բուրնին դեռ չէին հասցրել կախաղան հանել: 1819 թ. դեկտեմբերի 22-ին Բուրն եղբայրները պաշտոնապես արդարացվեցին: 

 1  Բութին ընդդեմ Բարնաբիի 

1_101039909Դժվար թե լինի ավելի տարօրինակ դատական գործ, քան «Բութին ընդդեմ Բարնաբիին»: Գործի որոշ մանրամասներ (օրինակ՝ մասնակիցների անունները) հայտնի չեն, և առհասարակ ողջ պատմությունը չափազանց անհավատալի է թվում: 1687 թ. մայիսի 15-ին նավապետ Բարնաբին և նրա անձնակազմը Իտալիայի Ստրոմբոլի կղզում ճագար էին որսում: Այդ օրը նրանք տեսան, թե ինչպես է սևազգեստ մեկը հետապնդում մի մարդու: Բարնաբին ճանաչեց այդ մարդուն. նա հարևան պրն. Բութին էր: Նրանք երկուսն էլ վազեցին հրաբխի կողմ և խորհրդավոր կերպով անհետացան կրակի բոցերի մեջ:

Ամիսներ անց Բարնաբին վերադարձավ տուն և իմացավ, որ պրն. Բութին մահացել էր հենց այն ժամանակահատվածում, երբ ինքը տեսել էր, թե ինչպես էր ինչ-որ մեկը Ստրոմբոլիում հետապնդում նրան: Բարնաբին համոզված էր, որ ինքը տեսել է Բութիի ուրվականին, իսկ հրաբխի բոցերն իրականում դժոխքի կրակներն էին:  Նրա պատմությունը շուտով տարածվեց ողջ  քաղաքով մեկ, իսկ հանգուցյալի այրին՝ տիկին Բութին, դատական հայց էր ներկայացրել Բարնաբիի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտություն տարածելու մեջ: Նրան հավանաբար դուր չէր եկել, որ Բարնաբին լուրեր էր տարածում, թե իր հանգուցյալ ամուսինը դժոխք է տարվել: Բարնաբին նավում գտնվող իր օրագրում գրել էր այս պատահարի մասին Ստրոմբոլիում եղած ժամանակ: Գտնվեց 30 ականատես, ովքեր նույն բանն էին պնդում, ինչ Բարնաբին: Նրանք ասում էին, որ երբ նրանք տեսել են Բութիի ուրվականին, նրա վրա նույն հագուստն է եղել, ինչ Բութին կրել է իր մահվան օրը: Դատարանը հանգեց այն եզրակացությանը, որ 30 վկաները չէին կարող սխալվել, ուստի Բարնաբին զրպարտություն չէր տարածում: Այսպիսով՝ տիկին Բութիին չհաջողվեց շահել դատական գործը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել