Երկար աշխատանքային օրվանից հետո ալարկոտ բարձրացա աստիճաններով։ Աչքերս փակվում էին։ Փորձում էի բանալիներս հանել տաբատիս գրպանից, երբ դռան վրա մի ծրար նկատեցի։ Սկզբից մտածեցի` հերթական գովազդը կամ ոչինչ չասող պաշտոնական նամակն է։ Սակայն աչքերս միանգամից չորս դարձան, երբ տեսա, որ վրան միայն անվանս կարճ տարբերակն էր գրված։ Նշանակում է` նամակի հեղինակն ինքնուրույն էր բերել այն, ոչ թե ուղարկել փոստով, հետևաբար` այն մարդկանցից է, որ տանս տեղը լավ գիտի։
Մտա ներս, նամակը թողեցի հյուրասենյակի սեղանին։ Չգիտեմ ինչու` ինչ-որ խմիչք ըմպելու ցանկություն առաջացավ մեջս։ Վերցրի ռոմը, որ Նոր տարուն աշխատանքային ընկերներս էին բերել, լցրեցի սիրած աղջկանիցս նվեր ստացած բաժակի մեջ ու մի կում արեցի։ Մի քիչ վառում է, այդքան էլ իմը չէ։ Կասկածանքով նայեցի սեղանին դրված նամակին ու, որպեսզի մտքերս ինձ չկրծեն, նետվեցի դեպի ծրարը։ Առաջինը, որ փնտրեցի, ստորագրությունն էր։ Մի փոքր հիասթափվեցի, երբ այն չգտա, բայց ինտրիգը աճեց։ Եվս մի կում, ու սկսեցի կարդալ։

 

«Երբ աչքերդ հառած են ճեփ-ճերմակ թղթին, իսկ մտքումդ զանազան իրական ու անիրական կադրեր են պտտվում, բազում չասված խոսքեր… ուշքի գալուն պես հասկանում ես, որ շուտով սպիտակ թուղթը կպատմի պատմություն և, հնարավոր է, կյանքեր փոխի։ Գրիչը ձեռքդ ես վերցնում, որ սկսես գրել ու հանկարծ զգում ես պատասխանատվության իրական մասշտաբները և մի կողմ նետում գրիչը։
            Բայց միտքը չի ննջում, զգացմունքները գետ են` կանգ չեն առնում։ Խոսքերը հավաքվում են բերանում, լցվում կոկորդդ ու շնչահեղձ անում։ Օդը չի հերիքում, արտասուքն էլ հետ պահել չի լինում։ Գլխապտույտ։ Սիրտդ սկսում է ծակել։ Ի՞նչ անել։
            Միայն այս ժամանակ, երբ դանակը հասավ ոչ թե ոսկորիս, այլ` սրտիս, ճարահատյալ վազեցի դեպի գրիչը։ Ա՜խ, որքա՜ն կուզեի, որ կարողանայիր միտքս կարդալ. ստիպված չէի լինի այսքանը տանջանքներով շարադրել։ Բայց այլևս չեմ կարող ներսումս պահել։
            Ուրիշ ես դու` բառի լավագույն իմաստով։ Դու իմ ալկոհոլն ես` իմ սիրելի ռոմը, որին երկար ժամանակ անտեսում էի, քանի որ կածում էի, թե անպետք բան է, որից հա՛մ առողջությունդ է քայքայվում, հա՛մ ուղեղդ է մթագնում, հա՛մ էլ հետզհետե կախվածություն ես ձեռք բերում։ Չնայած այս խելոք ու հասուն մտքերիս` ես էլ միլիոնավոր մարդկանց պես որոշեցի անտեսել բոլոր պատճառները ու փորձել։ Դե, ինքդ էլ գիտես, մարդ էակին արգելվածն է ձգում, վնասակարը։
            Առաջին կումը անսովոր տհաճ համ ուներ, կոկորդս վառում էր, բայց տարօրինակ քաղցրություն էլ կար։ Շարունակել չէի ուզում, բայց շարունակեցի։ Համին սովորեցի, ու այն նույնիսկ սկսեց ինձ դուր գալ։ Պարպերաբար խմում էի։ Շուտով նույնիսկ սկսեցի սիրել այդ համը, որ տարօրինակ զգացողություններ էր առաջացնում մեջս։
            Հա, այս ռոմը դու ես։ Իսկ մեր ամենօրյան գիշերային խոսակցությունները ինձ համար դարձել են մի բաժակ ռոմ, առանց որի քուն մտնել չեմ կարողանում։ Հակասական զգացմունքներ ես արթնացնում մեջս, բայց հասկանում ես ինձ, մե՛կ մեղմում ես ցավս, մե՛կ ավելի ցավեցնում։ Իսկ ես շարունակում եմ մտածել քո մասին ու տենչում եմ մեր երկուսի ռոմի շշին` զրույցի տեսքով։ Ամեն գիշեր միայ մի բաժակ, որ ուղեղս վերջնականապես չմթագնի, իսկ զգացմունքներս էլ հավասարակշռության մեջ մնան։ Բայց միևնույնն է, դրանք հակասական են։ Աստված հեռու տանի, եթե կանկարծ պատկերդ ձուլվում է ձայնադարանիս որոշ երգերի, կորած եմ։ Արցունքները սկսում են հորդել աչքերիցս, ինչպես հիմա։ Իսկ հիմա ես լսում եմ Zack Hemsey – The Way։ Չէ, մի փորձիր լսել։ Կարծում եմ` չես հավանի։
            Քո հոգատարությունն ու քնքշանքը, քաջալերող ջերմությունը ու նույնիսկ կատաղությունդ ողջ կյանքս իրար են խառնում, նույնիսկ մոլորեցնում են։
            Դե, կասե՞ս, թե ինչու ես այդպես անում։
            Կասե՞ս, թե ես ինչ եմ զգում քո հանդեպ։
            Չգիտեմ` ինչ եմ զգում, բայց որ անդադար մտածում եմ քո մասին, դա փաստ է։
            Լավ է… ի՞նչ անհրաժեշտություն կա հստակեցնելու։ Ես մեր հարաբերությունները Ռոմ անունով եմ կնքել։ Սիրում եմ ռոմ։ Դու էլ, գիտեմ։
            Հ.Գ։ Ներիր` արցունքներիս պատճառով տեղ-տեղ լղոզված է։
            Հ.Հ.Գ։ Հա, մի երկու կաթիլ էլ ռոմ է թափվել։ Անփույթ եմ, բայց արբած չեմ, ազնիվ խոսք։ Գիտես` շատ խմել չեմ սիրում։
Հ.Հ.Հ.Գ։ Չսպասես, հույս էլ չունենաս, թե կներկայանամ։ Ինքդ մտածիր»։
            Գլուխս բարձրացրի ու զարմանքով նկատեցի, որ տան մյուս ծայրն եմ հասել։ Կասկած չկա` նա է։ Արագ վերցրի հեռախոսս ու զանգեցի սիրածս աղջկան։ Գրողը տանի, որքա՜ն ժամանակ է` նրա կողմից ուշադրության եմ սպասում։
            - Ալո՞, - լսվեց նրա բարակ ձայնը։
            - Ըմ… Ողջույն։ Ստացա նամակդ։ Նույնիսկ չգիտեմ էլ ինչ ասել։ Ես…
            - Բարև։ Ի՞նչ նամակ։
            «Ինչպե՞ս թե` ինչ նամակ», մտածեցի ես ու ահավոր անհարմար դրության մեջ զգացի ինձ` գլխի ընկնելով, որ նամակի հեղինակը բոլորովին էլ նա չէ։
            - Վա՜յ, ներիր, քեզ չպիտի զանգահարեի։ Խառնել եմ համարները, - արագ դուրս տվեցի ու շփոթված անջատեցի հեռախոսը։ Այտերս եռում էին, արագ էի շնչում։ Մի բաժակ էլ ռոմ լցրեցի ու տարվեցի մտքերով, թե ով կարող էր նման նամակ ուղարկած լինել։
            Տասը-տասնհինգ րոպե հետո լսեցի հեռախոսիս ձայնը։ Իմ ամենահարազատ մարդկանցից մեկն է։ Վերջերս խնդիրներ ուներ, ինչի պաճառով շատ ինքնամփոփ էր դարձել։ Անհանգստացա, կարծեցի, թե բան է պատահել, որ այս ուշ ժամին է զանգահարում։
            - Հե՛յ։ Ինչպե՞ս ես։ Ամեն ինչ կարգի՞ն է։
            Մի քանի վայրկյան լուռ էր, հետո լսեցի կամացուկ ձայնը, ասես հազիվ էր խոսում։
            - Ստացա՞ր նամակս։
            Խոսքերն արձագանքեցին մտքումս, վերհիշեցի նամակում գրված ամեն տողը։ Գլխիս մի դույլ սառույց թափվեց։

 

            «Օ, ո՛չ։ Միայն թե ոչ սա», մտածեցի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել