ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ՝ 
ՀՈՒՅՍԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՎ
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Կարեն Դեմիրճյան. մեծ հայորդի, ականավոր պետական գործիչ: Նրա հետ շփվելը, համով-հոտով, հումորիկ խոսքին հաղորդակցվելը մի ուրիշ վայելք էր: Նրա իմաստուն մտքերն ասես՝ դաս ու խորհուրդ:
Կարեն Դեմիրճյանը նաիրյան նորօրյա դոֆին էր...
Նրա հետ շփված, նրա հետ աշխատած մարդիկ վկայում են, որ Սերոբի որդու կյանքի գլխավոր նպատակը Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելն էր: Երիտասարդական ավյունով ու նվիրումով էր գործում նաև վերջին տարիներին՝ նորանկախ հայրենիքը խաղաղ ու ապահով հանգրվան հասցնելու առաքելությամբ:
_ Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով: Եկել է այդ ժամանակը:
Կարեն Դեմիրճյանը սիրում էր իր երկիրն ու ժողովրդին, խարիզմատիկ էր, բնուստ ղեկավարի շնորհներով օժտված անհատ, աշխատասեր էր ու գործունակ: Ինտելեկտուալ էր, բանիմաց: Լինելով ճարտարագետ՝ հիմնարար պատկերացում ուներ հումանիտար ոլորտների մասին, քաջածանոթ էր դասական երաժշտությանը, համաշխարհային գրականությանը, փիլիսոփայությանը: Մի առիթով, երբ խոսք բացվեց ԽՍՀՄ-ում արգելված միստիկ փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի մասին, այնքան հանգամանալից ներկայացրեց նրա «Անհավասարության փիլիսոփայություն» աշխատությունը, որ ապշեցի. միշտ պաշտոնի ու բազմազբաղ այս մարդը երբ է հասցրել: Ապա նրանից մի միտք մեջբերելով՝ մտահոգ ասաց, թե անկախության համար պետք է դողալ:
Պակաս ուշագրավ չէ Հրաչյա Ղափլանյանի պատմածը. «Պաշտոնական միջոցառման առիթով Կարեն Սերոբիչը մեր թատրոն էր եկել: Այդ օրերին «Կորիոլանն» էինք փորձում: Նախ քաջալերեց, որ Շեքսպիրի այդ քիչ հայտնի գործն ենք բեմադրում: Իսկ երբ տեղեկացավ, որ երաժշտությունը պատվիրել ենք Մանսուրյանին, ասաց, թե Տիգրանը լավ կոմպոզիտոր է, բայց Բեթհովենի «Կորիոլան» անավարտ կոնտատը նույնպես նկատի առեք... Որքա՜ն մեծ էր իմ ու Խորիկի զարմանքը: Իսկ երբ սկսեց երաժշտությունը սուլել, մենք ուղղակի քար էինք կտրել»:
Տեղին է վկայաբերել նաև Արմենպրեսի՝ իմ գործընկերոջ պատմածը.
«1978թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակի առթիվ ԽՍՀ Միության Մեծ թատրոնը երկու ներկայացումով ժամանել էր Երևան: 
Ժամանակացույցի համաձայն՝ Կ. Դեմիրճյանը բազմամարդ
պատվիրակությանը Կենտկոմում պետք է ընդուներ 
երեսուն րոպեով: Բայց հանդիպումը տևեց մոտ երկու 
ժամ. «տանտերն» այնքան հետաքրքիր ու հագեցած էր 
զրուցում մշակույթի, արվեստի մասին առհասարակ, որ 
հյուրերը չէին ուզում հրաժեշտ տալ, կարծես մոռացել էին
ժամի մասին: Դեմիրճյանը պրոֆեսիոնալի պես 
«վերլուծեց» նաև թատրոնի խաղացանկը, իսկ Երևանում 
ներկայացվելիք օպերաների մասին խոսեց մանրակրիտ, 
բանիմացորեն: Աշխարհի բեմեր, մեծ-մեծ ղեկավարներ 
տեսած Նեստերենկոն, Արխիպովան, Օբրազցովան, 
ներկաներից դարձյալ մեկ-երկուսը խոստովանեցին, որ 
այդպիսի բան իրենց կյանքում չի պատահել»:
Լիահունչ արժևորել Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործը՝ 
ժամանակի խնդիր է, որովհետև ժամանակակիցները մի 
անբացատրելի մտակուրությամբ երբեք ճիշտ և արդար չեն
գնահատում անհատներին: Այդպես եղել է միշտ: 
Ընտանեսեր, վայելչասեր այր, արժանապատիվ քաղաքացի... Կարեն Դեմիրճյանի եղերական մահը հարված էր հենց իրեն ծնած, իր այնքան սիրելի ժողովրդի սրտին: Նրա վախճանով ասես հողմածեծ եղան Մեծ հույսի արդեն պարզված առագաստները: Պատմիչի բառերով՝ «Նրան մահվան դեղ խմցնելով՝ զրկվեցինք նրա շնորհի ճառագայթներից»:
(Հ. Մարտունի «Օթյակ»)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել