Ինչքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան էլ ավելի են ուժեղանում տարատեսակ հոգեբանական և քաղաքական ճնշումները թուրքական կողմի վրա՝ ներառյալ վերջերս ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը... Թուրքական կողմը արդեն վաղուց եկել է այն գիտակցման, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ գործնականորեն անհնար է հավասարը հավասարի պես պայքար մղել, քանի որ փաստերը խոսուն են, հիշողությունները՝ անմար... Այս պարագայում ուղղակի ծիծաղելի է հարևան Ադրբեջանի պահվածքը, ով բացի ձայնակցելուց, որևէ կերպ չի կարողանում օգնել իր <եղբորը>... Թուրքական կողմի համար արդեն դադարել է արդյունավետ լինել այսպես կոչված <Պատմաբանների համատեղ հանձնաժողով> ստեղծելու առաջարկը, որն իրականում իր մեջ ներառում է ավելորդ ժամանակ ձգելու և Հայոց Ցեղասպանության թեման շրջանցելու հնարք, մյուս կողմից զուտ սիմվոլիկ են թվում նաև թուրքական ղեկավարության այն հավաստիացումները, թե իբր իրենք հետևողական են լինելու, որպեսզի Թուրքիայում հայկական քրիստոնեական սրբավայրերը, հուշարձանները չպղծվեն... Մյուս կողմից ցավալիորեն պետք է արձանագրել նաև, որ շատ երկրներ, փորձելով Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ մղել իրենց շահերը, փորձում են շահարկել հայ անմեղ զոհերի հիշատակը և ամեն անգամ Թուրքիային սպառնում են ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը, եթե թուրքական կողմը չբավարարի իրենց պահանջները... Այնուամենայնիվ վերջին ժամանակներս ակնառու է, որ թուրքական կողմը արդեն իսկ շատ դեպքերում ընդունում է, որ 1915 թվականին սպանվել են շատ անմեղ հայեր, սակայն այդ փաստերը փորձում են խեղաթյուրել զանազան մտացածին պատճառաբանություններով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել