Լեդի Գագա անվանմամբ երգչուհին վերջերս հայտարարեց, որ ինքը սատանայի դեսպանն է երկրի վրա և կոչված է տարածելու սատանայի ուսմունքը: 
«AC/DC»«The Who»«Բիթլս», Մադոննա, Էլթոն Ջոն, «Ռոլինգ Սթոունս», Ռիհանա … սա ընդամենը մի փոքր մասն է այն հանրաճանաչ մարդկանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն սատանայական ուսմունքն են քարոզում: Սրանցից շատերի (Լեդի Գագա, Ռիհանա, «AC/DC» … ), երգերը թաքնված ուղերձներ են պարունակում համայն մարդկությանը: 
Չարը շատ ավելի խորամանկ է, քան մենք կարող ենք երևակայել, նրա խորամանկությունը աճել է հազարավոր տարիների` մարդկային պատմության փորձի հաշվին: Նա հասկացել է` ժամանակակից մարդուն դժվար է ուղղակիորեն դարձնել հեթանոս և ստիպել, որպեսզի պաշտի կրակի կամ ջրերի չաստվածներին: Այդ իսկ պատճառով նա և իր հետևորդները հնարեցին համատարած անաստվածությունը, և ժամանակակից մարդու համար դրվեց ընդամենը մեկ սկզբունք. «Արաˊ այն, ինչ ցանկանում ես»:
Մեր մեջ էլ այսօր շատ են մարդիկ, նույնիսկ քրիստոնյաներ, ովքեր լսում են սրանց նմաններին և, ըստ իրենց, շարժվում ժամանակին համընթաց: 
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել և՛ Աստծուն և՛ մամոնային» (Մատթեոս 6:25): 
Սիրելինեˊր, այս ամենը առաջադիմություն չէ, սա հետամնացություն է, հետընթաց է դեպի հեթանոսություն: Սրանց համերգները, երգերը, տարբեր տեսակի ժամանցային ակումբները, որոնք ողողված են այս ամենով, ոչ այլ ինչ են, եթե ոչ` գործիքներ չարի ձեռքին, որի հիմնական նպատակն է հեթանոսական արժեքների վերականգնումը: Այն ժամանակ մարդիկ սատանայապաշտական ծեսեր էին իրականացնում բանսարկուի կողմից ստեղծված կուռքերի համար, այժմ նույն այդ ծեսերը ժամանակակից մարդը անուղղակիորեն իրականացնում է վերը նշված վայրերում: 
Հեթանոսական ժամանակաշրջանում սատանայի և իր դևերի նպատակը այն չէր, որ մարդը պաշտեր կրակի կամ ծովերի չաստվածներին. դա ընդամենը միջոց էր իր հիմնական նպատակի իրականացման համար, իսկ նպատակն էր` որքան հնարավոր է հեռվացնել մարդուն Աստծուց:
Այժմյան աշխարհում մեծագույն ստախոսի նպատակը չի փոխվել, այն մնացել է նույնը, փոխվել են միջոցները, փոխվել են գործիքները՝ դրան հասնելու: Եվ այդ գործիքներից են վերը նշված մարդկանց (և ոչ միայն) երգերը, ֆիլմերը, համերգները, տարբեր տեսակի ակումբները, որտեղ և կատարվում են ժամանակակից մարդու կողմից սատանային նվիրված հեթանոսական անուղղակի ծեսերը: Այս ամենը ստեղծվեց չարանենգ ուժերի կողմից, որոնք մարդկության հաշվով մեծ ծրագրեր ունեն. որքան հոգիներ խժռվեցին այդ խավարային տեղերում, և դեռ որքաններին են պատրաստվում խժռել: 
Էլ չեմ խոսում հեռուստատեսության կամ համացանցի մասին, որոնց միջոցով ամեն օր, ամեն վայրկյան տեղի է ունենում ուղեղների մասայական լվացում, մարդկային հասարակության զոմբիացում: Ամոթալի և կործանարար արժեքները աստիճանաբար ներխուժում են դեպի մեր տները, անբարո և պիղծ արժեքները կամաց-կամաց դառնում են նորմա շատերի համար: Ուղիղ և թաքնված ճանապարհներով, շատ հաճախ վերը նշված մարդկանց միջոցով քարոզվում և խրախուսվում է հարբեցողություն, թմրամոլություն, մանկապղծություն, միասեռականություն, աննկարագրելի այլասերվածություն, մարդկային բնության ապականացում, տարբեր տեսակի սատանայական կրքեր ու մոլորություններ, որոնց մասին սուրբ Հայր Հովհան Մանդակունին ասում է. « Սրա վրա վերին զորություններն էլ են ապշում ու զարմանում, սրա վրա տխրելով սգում են սուրբերի դասերը, սրա վրա ողբում են բոլոր արդարները, որովհետև անօրեն պղծություններով անարգեցին ու արհամարհեցին արարածների Արարչին։ Սրանցից գարշում, փախչում ու հեռանում է Սուրբ Հոգին և այլևս չի վերադառնում սրանց մոտ, որից հետո սրանք դառնում են սատանայի ու դևերի բնակարան և ողորմելի բոլորի համար»: 
Եթե ժամանակին կուռքերը ոսկուց կամ արծաթից էին, ապա այսօր դրանք մարմնից ու արյունից են` դերասաններ, երգիչներ, մեծահարուստներ, հանցագործներ …: Այսօր մարդկության կուռքերն այլ տեսք ունեն, սակայն փոխվել է միայն ձևը, բովանդակությունը մնացել է նույնը: 
Սիրելինեˊր, երբեք ու երբեք չասեք` տվյալ անձն ինձ չի հետաքրքրում, ես երաժշտությունն եմ սիրում, ֆիլմն եմ սիրում: Սա դիվային միտք է, որի նպատակը մոլորեցնելն է: Պիտի վանենք սատանայի ծառաներին մեր կյանքից, մեր տներից, մեր և մեր երեխաների առօրյայից: Սուրբ Գիրքը հենց սրա մասին է մեզ հորդորում՝ ասելով. «Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով և մի՛ նախանձիր անօրենների ճանապարհներին։ Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակվում են նրանք։ Խուսափի՛ր նրանցից և խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչև չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից և չեն քնում, քանի որ նրանք ամբարշտության հաց են ուտում եւ հարբում են անօրենության գինով։ Ամբարիշտների ճանապարհները նման են խավարի, և նրանք չգիտեն, թե ինչպես պիտի սայթաքեն» (Առակ. 4:15-18,20): 
Ոչ միայն մենք չպետք է շփվենք այդ ամենի հետ, այլև` իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, պիտի պայքարենք ու հանդիմանենք բոլոր նրանց, ում աչքերը փակվել են մեծագույն ստախոսի կողմից: Պողոս առաքյալը ասում է. «Մեղավոր են ոչ միայն անողները, այլ նաև նրանք, որոնք ընդունում են, նրանք, որոնք ձայն չեն հանում, նրանք, որոնք համաձայն են»: Պիտի կռվեˊնք, սիրելինեˊր, կռվեˊնք որպես Խաչյալի զինվորներ. չէ՞ որ սրա մասին էր սուրբ առաքյալն զգուշացնում. «… Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ և Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին» (Եփես 6:10-13):
Վաˊյ մեզ, եթե լսենք, դիտենք կամ տարածենք սրանց նմանների եղկելի գործերը: Եվ եթե մեզանից որևէ մեկն այդպես վարվի, ուրեմն թող չասի, թե քրիստոնյա է, որովհետև այդպես ասելով կանպատվի ճշմարիտ քրիստոնյաներին` Քրիստոսի զինվորներին, ովքեր մինչև իսկ իրենց կյանք են զոհում հանուն Նրա: Նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն: 

Պատեր Պեկավի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել