Երեւի  արդեն մի շաբաթ կլինի, ինչ Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի ազդեցության տակ եմ։ Մի շնչով կարդացվող, բայց շատ տխուր ու ծանր գիրք է։ Կարդացի հայերեն՝ Արտաշես Էմինի փայլուն թարգմանությամբ․ էնքան լավն է թարգմանությունը, որ մեկ֊մեկ թվում էր, թե հայերենը հենց բնագրի լեզուն է։

Պատմությունը երեխաների մասին է, ովքեր ինչ֊ինչ պատճառներով ընկել են անմարդաբնակ կղզի ու փորձում են էնտեղ գոյատեւել։ Կարդալուց գիտեի, որ հորինված պատմություն է, բայց Գոլդինգը էնքան մանրամասն ու հետեւողական էր նկարագրել, ու ամեն դետալն էնքան ճիշտ էր համապատասխանում երեխեքի հոգեբանությանը, որ անընդհատ վախենում էի՝ «հանկարծ իրականություն կլինի»։

Տենց էի մտածում, որովհետեւ երեխեքի էդ դաժանությունը ես տեսել եմ թե՛ կենդանիների նկատմամբ, թե՛ առավել եւս իրար։ Ընդհանրապես, կարծում եմ, որ փոքր տարիքում մարդու շփումները ավելի սթրեսային են, ավելի բարդ։ Երեխաները շատ խոցելի են, ակնոցի համար ոչ մեկ մեծ մարդու վրա չի ծիծաղի, իսկ երեխային դասարանում կարող են ձեռ առնել, նույնը անուն֊ազգանվան դեպքում, չաղության, կաղության, խելացիության, սովորական միջին երեխայից մի քիչ տարբերվող ցանկացած երեխա հարվածի տակ է։ Ու չգիտեմ՝ որտեղից երեխեքի մեջ էդքան իրենց չնմանին չսիրելու, ձեռ առնելու, նվաստացնելու ու ստորացնելու ցանկությունը։ Ու երեխաները, փաստորեն, հենց էդ տարիքից, նաեւ հենց իրենց հասակակիցների ճնշմամբ են սովորում լինել հնարավորինս չառանձնացող, հնարավորինս աննկատ։ Կամ ստորացնող, նվաստացնող։ Ու եթե մեկին էլ ստորացնում նվաստացնում են, նա էլ փնտրում է մեկ ուրիշին ստորացնելու, նվաստացնելու համար (ինչպես օրինակ Խոզուկի պարագայում էր։)

Շատ հետաքրքիր էր նաեւ երկու լիդերների բախումը, ու էդ առումով գիրքը նաեւ քաղաքական էր։ Բավականին լավ էր ներկայացրած, թե ոնց է լինում, որ մարդիկ սկզբում ունենում են մեկ ընդհանուր նպատակ, հետո՝ ժամանակի ընթացքում, նրանցից մեկը իր անձնական շահերից դրդված հորինում է նոր «գաղափար», նոր նպատակ, որը դարձնում է առաջնային, ու պնդում, թե դրա իրականացնումն է ամենակարեւորը։ Ու նրա հետեւորդները հավատում են դրան, չտեսնելով դրա տակ եղած իրական մոտիվը՝ անձնականը։ Մենք՝ էն մարդիկ, ովքեր քաղաքականությանը ըստ էության չեն մասնակցում, բայց հետեւում են, ամեն ինչ հիմնականում փորձում ենք բացատրել ավելի «հաշվարկված» փաստարկների միջոցով (երբ քաղաքական գործչի հոգեբանությունը, էմոցիաները հաշվի չենք առնում), բայց, ցավոք սրտի, քաղաքականության մեջ նույնպես, շատ հաճախ է պատահում, որ մարդիկ պարզապես մրցում են իրար հետ, նեղանում կամ այլ մանր անձնական խնդիրների պատճառով լքում մի քաղաքական թիմը, ու անցնում մեկ այլ թիմի կազմ։ Իհարկե, այդ ամենը արդարացնելու համար ընտրելով ամենասկզբունքային ու ամենաարմատական փաստարկները։

Հ․ Գ․ «Ճանճերի տերը» գիրքը Գոլդինգի առաջին նովելն է ու գրվել է ի հակադրություն  R. M. Ballantyne֊ի  “The Coral Island: A Tale of the Pacific Ocean”  նովելի, որը պատմում է երեք տղաների մասին, ովքեր փրկվել են խորտակվող նավից ու հայտնվել անմարդաբնակ կղզում։ (Տղաներից երկուսի անունները՝ Ռալֆի եւ Ջաքի Գոլդինգը վերցրել է հենց այդ ստեղծագործությունից։) Այս գրքում հեղինակը ներկայացնում է երեխաների արկածները անմարդաբնակ կղզում, ինչպես են նրանք զվարճանում, կռվում ծովահնների դեմ, հետո հայտնվում են բնիկներ ու տղաները կանխում են կաննիբալիզմի մի քանի դեպք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել