Հիշողությունը զարմանալի բան ա: Ուկրաինայի եղբայրասպան կռիվ-կոտորածի ռեպորտաժներն էի էլի նայում ու մեկ էլ հիշեցի, որ ուղիղ մի տարի առաջ մազի վրա էինք էդ վիճակից: Էսօր ապրիլի 9-ն ա: Ուղիղ մի տարի առաջ Հովհաննիսյան Րաֆֆին ստեղ-ընդեղ բարևելով ահագին ժողովուրդ էր հավաքել Բաղրամյանում ու արդեն ոչ իրա բարևին էր կարում տիրություն անի, ոչ էլ էդ ժողովրդին: Հասկանալի էլ չէր, թե ինչ են ուզում: Չնայած, երբ որ անծրագիր ժողովուրդ ա հավաքվում, ոչ մի խելքին մոտ բան էլ չեն ուզում: ԱՄԲՈԽԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԲՆԱԶԴՆ Ա: Իսկ բնազդի նպատակը արարումը չի, ավերումն ա: Անկախ նրանից՝ նախնական խնդիրը բարի ա եղել, թե չար, մի պահից գնալու են չափառները փշրեն, գլուխ ջարդեն, արյուն անեն: Էնքան, մինչև որ չարը պարպվի: Ու մի տարի առաջ այ էդ մազի վրա էինք… 
Էդ օրը չարի ու բարու մասին չեմ մտածել, անկե՛ղծ: Ես էլ էի բնազդի վրա՝ վախի բնազդի: Որովհետև անգիտակիցի ուզածդ պոռթկում ժողովրդին հետ է շպրտում տարիներով, քաղաքացիական բախումը (Աստված հեռու պահի, քաղաքացիական պատերազմը) հետ է շպրտում դարերով: Ինչքան էլ սիրուն անուններ դնենք՝ սահմանադրական կարգի վերականգնում, հանցավոր ռեժիմի տապալում, սոցիալական արդարության հաստատում, փողոցի բնազդը ընդունակ ա մենակ ավերելու, ու ով իմանա, թե հետո ինչ կշինվի… 
Մի տարի առաջ այս էս վախը կար, ու արյունոտ պարպման վտանգը իրական էր: Էդ ժամանակ չէի պատկերացնում, որ չարը խափանելու հնարավորությունն էլ կա: Աղոթքո՛վ: Գիտեի, բայց ինչ էլ անես՝ դեռ ահագին սովետական ու կռապաշտ ենք: Ուղիղ մի տարի առաջ, երբ որ մազի վրա էինք, Աստված հենց էդ ճամփան ցույց տվեց: Թե իր կամքի կատարման համար ինչի՞ էր ոստիկանապետ Գասպարյանին ընտրել՝ չգիտեմ, անքննելի են Տիրոջ ուղիները, բայց որ ճիշտ ու ժամանակին էր ընտրել, հաստատվեց հենց էդ օրը ու դրանից հետո: Չգիտեմ նաև, թե արյունը աղոթքով փոխարինելու էդ հրաշքից հետո քանիսը հավատացին Տիրոջ ուժին ու Աղոթքի զորությանը, բայց մի բան հաստատա. ընտրվեց իրար լսելու, հաշտությունը, միասին, ոչ թե իրար դեմ քայլելու ճանապարհը … 
Մի կարևոր բան էլ մեզ հուշվեց՝ ոչ մի գաղափար ու գաղափարախոսություն մարդու արյան կաթիլը չարժի, ու նաև ուժը ուժեղ է, երբ խոնարհ է ու բարեպաշտ… 
Իսկ գուցե ուժայինին, հենց դրա՞ համար ընտրեց, որ սովորեցնի մեզ՝ ուժը (իշխանության, թե ժողովրդի) եղբոր վրա գործադրելու համար չի, աղո՛թքն ա եղբոր համար:
Ի՜նչ սև էր լինելու ու ի՜նչ լուսավոր օր դարձավ մինչև անցած տարի շարքային էս ապրիլի 9-ը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել