Այն, որ վարչապետի հրաժարականը իրարանցում է առաջացրել, արդեն իսկ տեսանելի է: Այն զգացվում է և իշխանության շարքերում, և ընդդիմության: Սակայն եթե իշխանության դեպքում վարչապետի փոփոխությունը ընկալվում է որպես առավել արդյունավետ տնտեսական կուրսի որդեգրում և այն իրականացնող անձի նշանակում, ապա ընդդիմության պարագայում այն նոր տեղաշարժերի առիթ է ծառայելու: «Հրաշալի քառյակի» շարքերից հնչող հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ տևական աշխատանքի արդյունքում նրանց չի հաջողվել մշակել ֆորս մաժորային իրավիճակներում գործելու պլան, չկա նաև առաջիկայում իրականացվելիք քայլերի մասին միասնական և հստակ պատկերացում: Հայտարարություններն այն մասին, որ շարունակելու են աշխատել նույն կերպ, ինչպես նախկինում, անիմաստ է, քանի որ կոնկրետ իրավիճակ է փոխվել: Խնդիրն առավել դժվար է ԲՀԿ-ի համար: «Ընդդիմադիր կամ այլընտրանք» մնալու հարցում նրան օգնող քննադատության թիրախը այլևս չկա: Կամ ԲՀԿ-ն փորձելու է առաջարկել իր թեկնածուին` դառնալով կառավարություն, կամ համաձայնելու է առաջարկվող թեկնածուի հետ` ստանալով որոշակի պորտֆելներ, էլի դառնալով կառավարության մաս: Հակառակ դեպքում երկու տարբերակներից հրաժարվել և գործել նախկինի պես ևս մի քանի տարի, պարզապես ժամավաճառություն է լինելու: Իսկ եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարության մաս, ապա չի կարող միաժամանակ մնալ այլընտրանք: Հայաստանի քաղաքական համակարգը այն աստիճան կատարյալ չէ, որ իրեն թույլ տա երկիշխանություն: Դատելով ՀՅԴ-ի կոալիցիոն անցյալից, հավանական է նաև նրա մասնակցությունը կառավարությանը: Ստացվում է, որ ամբողջական իշխանափոխության կողմնակից ՀԱԿ-ը և Ժառանգությունը լուրջ մտածլու տեղիք ունեն` թե ինչ դերով են հանդես գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել