Հայաստանյան ներքաղաքական կյանքում խմորումները շարունակվում են, իսկ նոր զարգացումներն ավելի հետաքրքիր են դառնում: Շատերի համար սպասելի, շատերի համար էլ շատ անսպասելի կերպով վարչապետը «հրաժարական» տվեց: Թեև սա է պաշտոնական հայտարարությունը, բայց իրականում բոլորն են հասկանում, որ սա նախագահականից իջեցված բացառապես քաղաքական-հրամայական պարտադրված որոշում էր, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի անձնական ցանկությունը կամ որոշումը: Հետաքրքրականն այն է, որ այս քայլն արվեց ԱԺ-ի չորս ոչ իշխանական ուժերի կողմից միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու և գործող կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուց հետո: Եվ ապրիլի 28-ից 30-ն Ազատության հրապարակում այդ քաղաքական ուժերի միացյալ շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին սարսափեցնող ինֆորմացիան, ըստ երևույթին, արագացրեց Տիգրան Սարգսյանին «զոհաբերելու» իշխանության մտադրության իրականաացումը, իսկ այն, որ իշխանությունն ուներ նման մտադրություն և վաղ թե ուշ պիտի այն կյանքի կոչեր, դրանում քչերն էին կասկածում: Պարզապես այդ քայլն անելու համար առավել նպաստավոր ժամանակ, պահ, քան հիմա էր, իշխանությունը գուցե հետո չունենար: Կարծում եմ՝ ռեժիմն այս քայլով փորձում է մի կրակոցով միանգամից երկու նապաստակ խփել. նախ՝ փորձել փոքր-ինչ մեղմել հասարակության լայն շերտերում ահագնացող դժգոհության ալիքը (ցույց է տալիս՝ իբրև թե տեսեք, կառավարություն ենք փոխում, փոփոխությունների ենք գնում), և այդպիսով նաև փորձել վիժեցնել «Քառյակի» համագործակցությունն ու դրա հետագա արդյունավետ շարունակությունը, և երկրորդ՝ մեկնարկ տալ Սերժ Սարգսյանի հետնորդին պատրաստելու ու նրան քաղաքականապես աճեցնելու կարևոր առաքելությանը: Համենայն դեպս, եթե ոչ միանշանակ, ապա գոնե մեծ հավանականությամբ նշանակվող նոր վարչապետը իշխանության թեկնածուն կլինի 2018-ի նախագահական ընտրություններում:
Այսպիսով՝ այս փուլում, շախմատային լեզվով ասած, իշխանությունն ընդդիմության դիրքերը թուլացնելուն ուղղված լիովին տրամաբանված և կշռադատված հակաքայլ արեց ու անհամեմատ շահեկան դիրքում հայտնվեց: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք. կարծում եմ՝ ռեժիմի այս քայլն ինչ-որ տեղ կարող է նպաստել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտի մաքրմանը, համենայն դեպս, գոնե «Քառյակի» կտրվածքով. չէ՞ որ այժմ այդ չորս ուժերից որ մեկն էլ եթե հանկարծ ճանապարհի կեսից հետ կանգնի (ասենք՝ գայթակղվի իշխանության՝ կոալիցիոն կառավարության մեջ մտնելու առաջարկությամբ) և հրաժարվի նույն ձևաչափով ամբողջական իշխանափոխության համար մղվող պայքարից, կնշանակի, որ այդ ուժը երբևէ ընդդիմադիր չի եղել ու չի կարող լինել: Բայց հուսանք՝ «Քառյակը» կպահպանվի, ու, ռեժիմի այս քայլին համարժեք արձագանքելով, համապատասխան գործողություններ կձեռնարկի: Սպասենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել