Ռուսաստանի կողմից Ղրիմն իրեն միացնելուց հետ հայական վերլուծական դաշտում աննախադեպ գեոքաղաքական փոթորիկ  բարձրացավ: Ամենատարբեր որակի ու խորության վերլուծություններն ու կարծիքները հաջորդում են միմյանց՝ նույնիսկ մարսելու ժամանակ չտալով սովորական ընթերցողին: Սակայն, եթե փորձենք այդ փոթորիկն ինչ-որ կերպ բնորոշել, ապա իմ կարծիքով այն աչքի է ընկնում երկու հիմնական հատկանիշներով. խուճապ, կողմնորոշիչների տոտալ կորուստ, անորոշություն և ծայրահեղություն դիրքորոշումներում: Ինչպե՞ս է ազդում այս նոր իրավիճակը վերլուծական հոդվածների բովանդակության վրա:  Համարյա բոլոր հոդվածագիրներն իրենց հոդվածներում շեշտը սկսել են դնել երկարաժամկետ կանխատեսումների վրա, առավել հաճախ մտահոգվելով այս կամ այն գերտերության, այս կամ այն բևեռի ճակատագրով ու հեռանկարով, իսկ Հայաստանի ճակատագրի ու հնարավորությունների մասին էլ խոսում են այս կամ այն բևեռի (ըստ նախասիրությունների) վերջնական հաղթանակը կանխատեսելուց, ապա որպես հնարավոր փաստ ֆիքսելուց հետո միայն: Եթե, օրինակ, հոդվածագիրը չի կասկածում Արևմուտքի վերջնական հաղթանակին ու համոզված է, որ Արևմուտքի հաղթանակը (ոչ)շահեկան է Հայաստանի համար, ապա իր համոզմունքը կամ թեզը գեոքաղաքականության տեսանկյունից մանրամասն վերլուծելուց ու հիմնավորելուց հետո միայն հարկ է համարում անդրադառնալ Հայաստանին ու նրա ճակատագրին: Կարծես Հայաստանը մինչև այդ եզրագիծը, երբ այս կամ այն կողմը կհաղթի, թեկուզ թույլ, սուբյեկտայնության ամենացածր մակարդակում, այնուամենայնիվ, որպես գործոն գոյություն էլ չունի: Միևնույն ձեռագիրն է նաև բոլոր այն դեպքերում, երբ հոդվածագիրը չի կասկածում, որ Ռուսաստանի հաղթանակը (ոչ) շահեկան է Հայաստանի համար: Այսինքն, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ այն ամբողջ ընթացքում, քանի դեռ գերհզորները սուր առճակատման փուլում են, և նրանցից որևէ մեկը դեռ չի հաղթել, կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում: Սակայն կարող է պատահել նաև այնպես, որ Հայաստանը երկարաժամկետ լավագույն ելքին ուղղակի չձգի. զոհաբերվի, ինքնաոչնչացվի, ինչպես միշտ, լավը ցանկացողների օգնությամբ, ուժասպառ լինի և այլն կամ էլ հակառակը, որքան էլ անհավանական թվա ուժերի գերլարումով ինքնուրույն ելքեր գտնի վերջնագծին հասնելու համար: Բացառելով հենց առճակատման ընթացքում Հայաստանի ելքեր գտնելու, կարճաժամկետ հեռանկարներում այս կամ այն չափով իր սեփական խաղը խաղալու, մանյովրելու հնարավորությունները, առճակատման հնարավոր ավարտից հաշվարկ կամ հետհաշվարկ կատարելու միջոցով վերլուծություններ կառուցելով, իմ համոզմամբ, ինքներս մեզ զրկում ենք ինքնուրույնության վերջին փշրանքներից... Սակայն պետք է փորձել պատասխաններ գտնել ու կանխատեսումներ անել ընթացիկ հարցերի համար, օրինակ` որո՞նք են ընթացիկ, մոտակա այն վտանգները, որ սպառնում են Հայաստանին Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատման ընթացքում հենց այսօրվանից սկսած... Արդյո՞ք ամեն ինչ սև ու սպիտակ է, այնքան, որ մի բևեռի բոլոր քայլերը շահեկան են կամ առնվազն չեզոք, իսկ մյուսինը միայն վնասակար... Արդյո՞ք այս կամ այն հզորը, որ Հայաստանին համատարած անապատում դրախտային օազիս է խոստանում ճանապարհի վերջում և պիտի շալակած տանի Հայաստանը մինչև այդ դրախտային օազիսը, հանկարծ այնքան ուժասպառ չի լինի ու չի փորձի ազատվել ավելորդ բեռից կամ չի փորձի Հայաստանը փոխել մի երիտասարդ ուղտի հետ... Արդյո՞ք Հայաստանին շալակած տանող հզորը ի սկզբանե հենց երիտասարդ ուղտի հետ փոխելու համար չէ թույլ տվել ելնել իր շալակը, ինչպես ստալինյան ժամանակներում ռուսական Սիբիրի ճամբարներից փախուստ կատարող փորձառու հանցագործ-ռեցեդիվիստներն էին իրենց հետ մի որևէ խեղճուկրակի վերցնում՝ ճանապարհին ուտելու համար, քանի որ այլ կերպ հնարավոր չէր հաղթահարել անծայրածիր Տայգան, քան եթե սնունդդ իր սեփական ոտքով հետևի քեզ... Արդյո՞ք Հայաստանն այդքան ուժ ունի, որ չիջնի հզորի շալակից կամ իջնելուց հետո ինքնուրույն հաղթահարի անապատն ու հասնի դրախտային օազիսին... Վերջապես Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի, հենց ընթացիկ, այլ ոչ թե ինչ-որ ցանկալի կամ ոչ ցանկալի կետից սկսած...Գուցե երկարաժամկետի վրա կանխատեսումներ անելն ավելի հե՞շտ է... Այո, բացի այն, որ չիրականացած երկարաժամկետ կանխատեսումը շատերը չեն հիշելու, նաև օբյեկտիվորեն ընթացիկ կարճաժամկետ վերլուծություններն ու կանխատեսումները առավել բարդ են: Ովքեր խաղադրույքներ են կատարել տոտալիզատորներում, լավ գիտեն, որ, օրինակ, ավելի հեշտ է գուշակելը, թե թիմերից որը կհաղթի, քան թե կոնկրետ ինչ հաշիվ կգրանցվի խաղավերջում: Բայց չէ՞ որ եթե մենք ընտրության հնարավորություն ունենք, թե թիմերից որի հաղթանակի վրա խաղադրույք կատարենք, ապա դաշտում կա մեկը, ում վրա խաղը դեռ չսկսած, ի սկզբանե խաղադրույք ունենք արած և մեզ համար ավելի կարևոր է, որ այդ մեկ խաղացողը անհատապես հաղթի, ասենք գոլ խփի, եթե նույնիսկ նրա թիմը պարտվի... Իհարկե վատ չի լինի որ թիմն էլ ճիշտ ընտրած լինենք... Սակայն կա, կարծում եմ, ևս մեկ պատճառ, թե ինչու ընթացիկ, կարճաժամկետ հեռանկարի համար մանրամասն վերլուծություններ ու կանխատեսումներ չեն արվում: Պատճառը, ըստ իս, անձնական է: Ենթադրենք x վերլուծաբանը համակրանք ունի Արևմուտքի նկատմամբ և համոզված է, որ Արևմուտքն ի վերջո հաղթելու է այս առճակատման մեջ,  սակայն օբյեկտիվորեն չի կարող իմանալ, թե որքան կտևի այս հակամարտությունն ու դժվարին աստիճանական վերլուծությունների ու կանխատեսումների արդյունքում հանգում է այն եզրակացությանը, որ Հայաստանն իրոք կարող է չձգել, չհասնել հակամարտության ավարտին, այն է` եզրագծին, դրախտային օազիսին, հոդվածագրի սեփական երազանքին և այլն, և հենց Արևմուտքի կողմից ճանապարհին զոհաբերվելու, Ռուսաստանին ընդդիմանալու հնարավորությունների բացակայության, սեփական ռեսուրսների սակավության, օբյեկտիվ իրականության կամ մեկ այլ պատճառով, ապա այնուամենայնիվ ինչպե՞ս նրա ձեռքը կգնա գրել դրա մասին: Չէ՞ որ եթե նույնիսկ կարողանար էլ ինքն իրեն հաղթահարել, ապա ինչպե՞ս պիտի իր հոդվածներում հիմնավորեր, որ մեր ապագան Արևմուտքի հետ կապելով, մենք ճիշտ ընտրություն ենք կատարում,  երբ ստիպված պիտի լիներ հենց նույն հոդվածում եզրակացնել, որ մեր այդ ապագան անհասանելի է կամ հենց Արևմուտքն ամենայն հավանականությամբ մեզ ճանապարհին փորձելու է կորցնել: Նույնը վերաբերում է նաև y հոդվածագրին, ով ինչ-ինչ գեոքաղաքական կամ գաղափարական վերլուծությունների արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ մեր ընտրությունը պիտի լինի Ռուսաստանը, սակայն ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձելու է ճանապարհին կորցնել մեզ: Ինչպե՞ս գրել ընթացիկ-կարճաժամկետի մասին, որ հետո ինքդ քեզ չհակասես... Ուրեմն կամ ընթացիկ-կարճաժամկետի վրայով աննկատ ցատկել ու գրել միայն երկարաժամկետ հեռանկարների մասին կամ հետհաշվարկ կատարել առճակատման որևէ ելքից սկսած Հայաստնի ինքնուրույն դերը հասցնելով նվազագույնի կամ էլ գրել գլխավորապես ընթացիկ-կարճաժամկետի մասին, երկարաժամկետ հեռանկարում առանց որևէ մի բևեռի առավելությունները շեշտադրելու...

Համոզմունք ունեմ, որ երրորդն առավել իրատեսական և օգտակար կլինի մեր հասարակության համար: Նաև համոզմունք ունեմ, որ հենց սեփական ընթացքի մանրամասները կարևորելուց, խելամիտ եսակենտրոնությունից ու բոլոր հնարավոր զարգացումների համար ինքդ քեզ ելակետ վերցնելուց է սկսում անկախությունը և այստեղ քո սեփական մասշտաբները որևէ էական նշանակություն չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել