Այսօր ՍԴ-ն առաջին հայացքից ժողովրդահաճո որոշում կայացրեց՝ հակասահմանադրական ճանաչելով Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթներ: Այդպիսով` ՍԴ-ն իմիտացիա ստեղծեց, թե ի դեմս իրեն, կա մի ատյան, որը այնքան անկախ է, որ ի զորու է ազնվագույն վճիռներ կայացնել, անգամ այնպիսիք, որոնք հակառակ են իշխանությունների կարծիքին: Կարճ ասած՝ դա լավ մտածված հնարք էր, որ ժողովուրդը թող մի քիչ հրճվի, լարվածությունն էլ թուլանա: Իրականում ՍԴ-ն միշտ էլ կայացնում է որոշումներ, որոնք այնքան սողանցքներ ունեն, որ հարկ եղած դեպքում կարող են ծառայեցվել՝ ըստ նպատակահարմարության, բայց ո՛չ հօգուտ ժողովրդի: Դա անուղղակիորեն հաստատել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ ԶԼՄ-ներին հայտարարելով, որ թեեւ որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային համակարգը ուժի մեջ է մնալու մինչև սեպտեմբերի 30-ը: Ու քանի որ ամեն ինչ կարելի է արդարացնել գերակա շահով, Հարությունյանը, բնականաբար, պատճառ է բռնել երկրի իրավական անվտանգության խաթարումը որոշ դրույթների՝ այսօրվանից չեղյալ հայտարարվելու դեպքում: 
Հրճվանքի կարճատեւ պահեր ապրած ժողովրդի վիճակը լուրջ է: Փաստորեն, ՍԴ-ն «թոզ է փչել» նրա աչքին: Նույնիսկ ՍԴ-ի կողմից պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելը իշխանահաճո գործատուների կամքով պարտադիր կուտակային «կցած» մարդկանց թույլ չի տալիս ազատվել կուտակային համակարգից: 
Հիմա դառնանք ոչ իշխանական կուսակցություններին, որոնք իբր ի շահ ժողովրդի բարօրության պատրաստ են վճռական քայլերի: Փաստենք, որ այդ ուժերի ներկայացուցիչներից շատերը գործատուներ են, որոնք եւս պահումներ են կատարել իրենց աշխատողներից, այնպես որ «ոչ իշխանական ուժ» պիտակը ձեւական է, մանավանդ այդ քայլով ի ցույց են դրել իրենց հավատարմությունը իշխանությունների պարտադրած ռեֆորմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել