ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են ապրիլի 28-30-ը Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով։
Սա հրաշալի կոչված քառյակի մինչ այս պահը կայացրած ամենասկզբունքային որոշումն է, որով միս ու արյուն է ստանում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։
Հատկանշական է, որ քառյակի որոշումը հրապարակվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առթիվ ՍԴ որոշումից առաջ ու կարող է նաև ընկալվել որպես քաղաքական ճնշում իշխանության վրա։
Հայտնի է, որ նոր համակարգի ներդրումն իշխանության քաղաքական որոշումն է, որը գոնե մինչ այս պահը վերանայված չէ։
Կարո՞ղ է, արդյոք, եռօրյա հանրահավաք անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը ստիպել իշխանությանը՝ վերանայել իր որոշումը։
Կառավարության անվստահության նախաձեռնությունն իշխանության համար ինքնին վտանգավոր չէ, որովհետև կոալիցիան խորհրդարանում տիրապետում է մեծամասնության ու առանց լուրջ ջանքերի՝ մեկ քվեարկությամբ կարող է զրոյացնել ընդդիմության ջանքերը։
Այլ խնդիր է փողոցը, որտեղ՝ եթե անգամ ընդդիմությունը վստահություն չունի, իշխանությունն էլ հաստատապես մեծամասնություն չէ։
Փողոցն այն գործոնն է, որ կարող է խառնել թե իշխանության ու թե ընդդիմության խաղաքարտերը։
Սերժ Սարգսյանը վերահսկում է իշխանությունը, օլիգարխիկ համակարգը, հաշվել է ընդդիմադիրների ատամները, սակայն ոչ արդյունավետ կառավարումը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գոռծոնները ձևավորել են բողոքավորների հսկայկան բանակ, որն առայժմ լուռ բողոքում կամ արտագաղթում է, սակայն ցանկացած պահի կարող է դառնալ լարվածության աղբյուր։
Միտումնավոր չեմ օգտագործում հեղափոխություն բառը, որովհետև, արժեքային ու ինստիտուցիոնալ իմաստով, մեր հասասրակությունը հեղափոխություն անելու պոտենցիալ չունի։
Այնուամենայնիվ, հուզումներ կարող են լինել, իսկ իշխանությունը դրանից վախենում է, որովհետև հանրային դժգոհությանը հակազդելու ադեկվատ մեխանիզմներ չկան, նոր «Մարտի մեկի» ռեսուրս՝ նույնպես։
Ընդդիմությունն էլ իր վախերն ունի փողոցից. հասարակության մի մասը գուցե հավատում է Գագիկ Ծառուկյանին, բայց նրա մեջ չի տեսնում հեղափոխականի, հեղափոխականի իմիջ ունեցողներին չի հավատում, ՀՅԴ–ի կոնկրետ դեմքը տեսանելի չէ, Րաֆֆու վճռականության խոստումը մարդիկ տեսել են։
Մի խոսքով՝ փողոցը լրիվ վերահսկելի չի կարող լինել նաև ընդդիմության համար։
Այս հարցում իշխանությունն ու ընդդիմությունն ունեն ոչ ֆորմալ կոնսենսուս։
Այուամենայնիվ, կամա թե ակամա, այս ամիս փողոցը դառնալու է հայաստանյան միապաղաղ իրականության բաղկացուցիչ՝ հենց միապաղաղությանն ուղղված մարտահրավերով։
Հայկական Մայդան չի լինի, բայց քաղաքական համակարգը չի կարող չազդվել փողոցից եկած ազդակներով։
Վատն այն է, որ այդ ազդակները կարող են զուրկ լինել ռացիոնալ ասելիքից ու իրենց մեջ կրեն լյումպենի քանդող էներգիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել