Asparez.am-ը գրում է.

Չորս ոչխար մորթելու համար՝ ութ տարվա ազատազրկման վճիռ

Հրանտ Մաթեւոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներն ավելի շատ հայտնի են համանուն ֆիլմից: Թե վիպակի, թե ֆիլմի պատմությունն ու նախատիպերն իրական են՝ 4 հովիվներն էլ ազգակցական ու բարեկամական կապ ունեն Հրանտ Մաթեւոսյանի հետ:

1952թ-ին` հնձի սեզոնին, երբ հովիվները սովորականի նման սարերում էին, Ահնիձորի ֆերմայի հոտին է խառնվում 4՝ այլ տեսակի ոչխար: Մեծ գրողի հորեղբոր տղան՝ Վոլոդյա Մաթեւոսյանը պատմում է իրական դեպքի մանրամասները. «Շամուտեցի Մեսրոպի գառները կորել էին, եկել էին մեր գյուղի  Սասնակում՝ եղեւնիների անտառում,  խառնվել ոչխարի սուրուին: Նույն գյուղում մի միլիցա Սարիբեկ կար, Էդ Սարիբեկն իմանալով, որ Զավենի մերն ու Իշխանի կինը ոչխարներ են տարել շուկա, գնացել էր դակումենտ (փաստաթուղթ) պահանջել: Դե, ո՞վ էր նրանց դակումենտ տվողը, ու էդտեղ բռնել էին: Ոստիկան Սարիբեկը համ բռնում ա, համ ուզում ա հաշտ վերջացնի, դե, վերջապես 2 գյուղն էլ իրա ենթակայության տակ են, գալիս են աշխօրիցը՝ (աշխատավարձից)  ցորեն են դուրս գրում, տալիս՝ որպես վճար: Ահնիձորցի Արշալույս Մաթեւոսյանն էլ, որ կրտսեր լեյտենանտ էր, ուզում էր պաշտոնը բարձրացվի, Սարիբեկի հետ էլ անհաշտ էր, հարեւան գյուղի մեկ այլ ուչաստկավոյի (միլիցիայի տեսուչ) հետ գնում են, բողոքում, որ  հովիվները մորթել են, կերել են միսը, իսկ Սարիբեկը նրանց պաշտպանել է: էկան քննություն արին, տղերանցը բռնեցին, տարան»:

Մեղադրվեցին Իշխան եւ Զավեն Անտոնյանները, Ավագ Մաթեւոսյանը,Պավլե Դավթյանը. «Հայկն էլ էր, նրան բանակ ուղարկեցին, նա դատից փրկվեց: Զավենին, որպես ֆերմայի վարիչի, Սիբիր տարան, Ավագին, Իշխանին եւ Պավլեին՝ Ջերմուկ, որ առողջարանային քաղաքը կառուցեն: Իսկ մինչեւ տեղափոխումը նրանք մասնակցել են Երեւանի Կիեւյան կամրջի շինարարությանը»:

Նոր քննության արդյունքում հովիվներին 8 տարվա ազատազրկում էր սպասվում, սակայն 1953 թ-ին՝ Ստալինի մահից հետո, նրանք վաղաժամ ազատվեցին, բայց համագյուղացի ոստիկանին նրանք այդպես էլ չներեցին. «Էդքան բանն էլավ անհաշտ ոստիկանների պատճառով՝ մեկը մեկի տակը քչփորելու (խառնելու) խաթեր՝ տղերքը գնացին, նստեցին»,-շարունակում է Վոլոդյա Մաթեւոսյանը:

Երբ լույս տեսավ «Օգոստոս» ժողովածուն, որտեղ զետեղված էր «Մենք ենք մեր սարերը» վիպակը, հովիվները երկար ժամանակ չէին ներում ու նախկին բարեկամական կապը չկար Հրանտ Մաթեւոսյանի հետ: «Էն ժամանակ դեռ տաք էինք, կարծում էինք, թե մեզ խայտառակ ա արել ամբողջ հանրապետությունով, ջահել էինք… Ու մտածում էինք, սաղ հովիվներն էլ նման բան անում են, սուրուին խառնված ոչխարին, որ տեղակող (հարցնող) չի ըլըմ, ուրեմն էդ հովվի փայն ա՝ մորթում, ուտում էինք», -տարիներ առաջ զրույցներից մեկում անկեղծացել էին հովիվները՝ Զավենն ու Պավլեն: Տարիներ հետո նոր նրանք պետք է հասկանային, որ Մաթեւոսյանը անմահացրել է իրենց, ստեղծել ժողովրդի կողմից սիրված կերպարներ:

Հ.Գ.Հիմա հովիվներից ոչ մեկը կենդանի չէ, բայց նրանց մասին պատմությունները գյուղում գիտեն ոչ միայն իրենց ազգակից հետնորդները, այլեւ յուրաքանչյուր երիտասարդ մոտկորեցի:

Նելլի Դավթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել