Ի՞նչ է երջանկությունը` կարգավիճա՞կ, զգացու՞մ, կարճատև զգացողությու՞ն։ Որտեղի՞ց է այն գալիս և ու՞ր է տանում մեզ։ Ե՞րբ ենք մենք հասկանում, որ երջանիկ ենք։ Պե՞տք է այն մեզ, արդյոք, որքա՞ն երկար է տևում իրականում և ինչպե՞ս հասնել երջանկության։
Երջանկությունն այն է, ինչը յուրաքանչյուրի մոտ իբր թե տարբեր կերպ է մարմնավորվում, այն է, ինչին հասնելու համար մարդիկ իրար վրայով են անցնում` չհասկանալով, որ այդպես երբեք էլ երջանկության չեն հասնի։ Երջանկությունն ունի իր հայելային կեղծ պատկերը, ինչն էլ հենց դառնում է մարդկանց նշանակետը։ «Ես ուզում եմ երջանիկ լինել, ապրել երջանիկ» խոսքերով էլ հենց մարդիկ կրակում են կեղծ պատկերի ուղղությամբ ու վհատվում, թե ինչո՞ւ գնդակը չդիպավ նշանակետին։
Երջանկությունը հայելի է, որում մարդ որոնում է ամեն ինչ, բացի իր արտացոլումից, հայելի, որում արտացոլվածը կանգնած է հենց այդ հայելու դիմաց` առանց նկատելու այս երկուսի տարբերությունը։ Մենք բաց դաշտում քայլում ենք, հուսահատ որոնում անհայտը, հետո հեռվում նկատում հայելին ու որոշում, որ դա հենց այն է, ինչ մենք փնտրում էինք այսքան ժամանակ, ինչի կարիքն ունենք։ Անմիջապես վազում ենք դեպի այդ հայելին։ Արագ։ Ավելի արագ։ Ոտքերի տակին դաշտն ասես հակառակ ուղղությամբ է վազում։ Ժամանակ չկա դրան ուշադրություն դարձնելու։ Ժամանակ չկա դաշտային ծաղիկները տեսնելու ու բույրն առնելու։ Շունչ… Շունչը չի հերիքում։ Մի քիչ էլ, քիչ մնաց։ Հասնում ենք…
Հասանք։
Ե՞վ։
«Ի՞նչ։ Ինչպե՞ս, թե չեմ կարող վերցնել հայելու պարունակությունը։ Ուրեմն այսքան ժամանակ զու՞ր եմ վազել, այս ճանապարհը զու՞ր եմ անցել»։
Այս խոսքերով էլ հաճախ ավարտում ենք մեր ճամփորդությունը` առանց նկատելու, որ հայելու պարունակությունն իրականում մեր արտացոլումն է, այն դաշտի արտացոլումը, որով վազում էինք։

 

Ու այդպես էլ չենք հասկանում, որ երջանկությունն ընթացք է, ոչ թե նշանակետ։ Երջանկությունը միշտ ավելի մոտ է, քան մենք կարծում ենք։ Պետք չէ հեռվում որոնել այն։ Երջանկությունը մենք ինքներս ենք, կյանքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել