Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացներին, ասաց, թե շատ հնարավոր է, որ կարճ ժամանակ անց մեր երկրում ընդդիմադիր ուժեր չլինեն. լինի այլընտրանքային քաղաքական ուժ։

«Ընդդիմադիր քաղաքական դաշտում կոնսոլիդացիան նոր երևույթ չէ, այն սկսել է դեռևս երկու տարի առաջ՝ Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դրանից մեկ տարի հետո նախագահական ընտրություններում այդ չորս կուսակցությունները էլի փորձեցին համախմբել իրենց ջանքերը։ Դրա արդյունքը բոլորդ հիշում եք և հիշեցնելու կարիք չկա»,–ասաց պատգամավորը, նշելով, թե ինքը ողջունում է այդ համախմբումը, հատկապես որ այն գնում է սիրահոժար՝ առանց որևէ մեկի կամքին դեմ։

«Ենթադրում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերն այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ կամ հակառակը՝ այլընտրանքն ընդդիմադիր ուժերին կտեղափոխի այլընտրանք։ Այդպիսով՝ կստացվի, որ ընդդիմություն չենք ունենա։ Իսկ այլընտրանքային ուժի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ինքը ընդդիմություն չի դառնա»,– հայտարարեց Գագիկ Մինասյանը։

Կառավարության հրաժարականի պահանջի մասին խոսելով՝ ՀՀԿ–ական պատգամավորն ասաց, թե իր կարծիքով այդ պահանջը չեն ներկայացնի, քանի որ նախատեսված օրից ընդամենը երկու օր հետո սահմանված կարգի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովում ներկայացնելու է բյուջեի կատարողականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել