Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 1952, 1972, 1973թթ. Հ.Մնացականյանի ղեկավարությամբ:
Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի: Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է: Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ, որոնցից մեկը զարդարված է կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով: Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե, երկաթե, ոսկրե և քարե զենքեր, գործիքներ ու զարդեր): Հայտնաբերվել են նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն: Հիմքեր կան ենթադրելու, որ եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ: Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Հայրավանք վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։

Հ.Գ. Այն ինչ մենք ունենք չունի աշխարհում ոչ մի պետություն, այն պատմությունը, որը մենք ունենք չունի ոչ մի պետություն, քանզի մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք և պարբերաբար կորցնելով մեր պետականությունը հույսներս չենք կորցրել և առաջ ենք շարժվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել