Ամուսնալուծությունը հուզականորեն հյուծող գործընթաց է ոչ միայն ամուսինների, այլև երեխաների համար: Ամուսիններն իրենց հուզական խնդիրները հաճախ լուծում են բարձրաձայն վեճերի միջոցով, իսկ երեխան, գտնվելով նման սթրեսային իրավիճակում, իրեն մեղավոր է զգում ծնողների բաժանման համար: Նրան թվում է, թե լինելով ավելի հնազանդ կամ ավելի լավ սովորելով, նա կկարողանա միավորել ծնողներին: Որքան էլ պարզ հնչի, նա կարծում է, թե այդ բաժանության հիմնական պատճառն ինքն է հանդիսանում: Այս ֆոնի վրա մանկական վարքագիծը կարող է անճանաչելիության չափ փոխվել. նրա մոտ կարող է չափազանց դյուրագրգռություն դրսևորվել, տրամադրության անպատճառ փոփոխություններ լինել և այլն: Այս ամենն էմոցիոնալ սթրեսի հետևանք է: Երեխան ներքին կոնֆլիկտ է զգում, հատկապես այն դեպքում, երբ ընտանիքից գնում է նա, ում հետ նա ավելի շատ էր կապնված, ով կարողանում էր «ճիշտ» հարաբերություններ կառուցել փոքրիկի հետ: Ամեն դեպքում գալիս է ժամանակ, երբ երեխային անհրաժեշտ է բացատրել, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքում: Դրա համար հարկ է հետևել որոշ խորհուրդների, որոնք կարելի է կիրառել կոնկրետ իրավիճակներում՝
• Ընտրել ճիշտ ժամանակը, երբ մեծահասակն ու երեխան չեն շտապում և տրամադրված են զրույցի: Ցանկալի է, որ երկուսն էլ գտնվեն հանգիստ վիճակում.
• Զրույցը կարելի է սկսել նրանից, թե դրական ինչ պահեր են եղել ամուսնության մեջ (չմոռանալով, որ մի ժամանակ կյանքի այլ շրջան էր, երբ դուք միասին շատ լավ էիք զգում), ասելով, օրինակ` «Մենք շատ էինք սիրում միմյանց…, մեզ մոտ ծնվեցիր դու` մեր կյանքի ամենաթանկարժեք էակը…, դու գիտես, թե որքան ենք քեզ սիրում և միշտ կսիրենք` անկախ նրանից, թե ինչպես և որտեղ կապրենք…».
• Մի՛ մոռացեք, որ ձեզ պետք է «հարթեցնել» անկյունները և ավելորդ հոգեկան տրավմայի չենթարկել փոքրիկին, այդ պատճառով խնդիրը կարելի է հիմնավորել նրանով, որ «…դադարել ենք միմյանց սիրել և այժմ կապրենք առանձին…», «Դու և՛այստեղ, և՛այնտեղ կարող ես քո սենյակն ունենալ», «Դուք միասին կանցկացնեք հանգստյան օրերը և կգնաք զբոսնելու, երբ ցանկանաս» (գործողություններ, որ անում էիք միասին` կախված տարիքից և նրանից, ինչ պայմանավորվել են մեծահասակները).
• Փոքրիկը պետք է իմանա, որ ցանկացած հանգամանքում ինքը կմնա մեծահասակի սիրելին, միշտ կկարողանա օգնություն խնդրել և կստանա այն.
• Կարևոր է բացատրել այն զգացումները, որ այժմ վերապրում է երեխան` «Ես հասկանում եմ, որ դու այժմ քեզ ընկճված, անհանգիստ ես զգում, քո փոխարեն ես նույնը կզգայի…».
• Եթե մեծահասակներն իրենց վաղ մանկությունում վերապրել են նման իրավիճակ, ապա կարող են կիսվել իրենց զգացմունքներով ու մտքերով: Դա երեխային կօգնի միանալ ձեզ և հոգեպես իրեն ավելի քիչ միայնակ զգալ:
• Որքան էլ դժվար լինի, երբեք մի՛ վատաբանեք նախկին ամուսնուն, ուշադրությունը մի՛ սևեռեք բացասական կողմերի վրա` «Քո հիմար հայրը լքեց ինձ և քեզ…», «մենք նրան այլևս պետք չենք…»: Այս իրավիճակում լավագույնը չեզոք դիրքն է` որքան էլ մանպուլյացիայի ենթարկելու, հանդիպումներն արգելելով պատժելու ցանկություն լինի: Երբ ընտանիքը թողած ծնողը ցանկանում է հանգստյան օրերին տեսնել փոքրիկին, թույլ տվեք նրանց հանդիպել և միասին լինել: Չէ՞ որ ոչ շատ վաղ անցյալում միասին անցկացվող ժամանակը բնական էր այդ երկու մարդկանց հարաբերությունների համար.
• Երեխային արգելելով հանդիպել իր ծնողի հետ՝ դուք նրան լրացուցիչ հոգեկան տրավմայի եք ենթարկում, քանի որ նա արդեն իսկ ենթագիտակցաբար իրեն լքված է զգում, իսկ դուք, կարծես, «աղ եք լցնում» նրա հոգեկան վերքերի վրա: Հնարավոր է` ամուսնալուծության սկզբնական, ամենաբարդ շրջանում մեծահասակների հաճախակի հանդիպումներն ու հնարավորինս չեզոք շփումը երեխային թույլ կտան այդքան սուր չզգալ ներընտանեկան կոնֆլիկտը և ավելի հեշտ հաղթահարել ճգնաժամային իրավիճակը:
Իհարկե, իդեալական կլիներ, եթե ծնողները կարողանային ինքնուրույն քննարկել նման հանդիպումների պայմանները և ընդհանուր հայտարարի գային, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա շատ հազվադեպ է լինում: Հավատացե՛ք` եթե ծնողները կարողանան համաձայնության գալ բնակության և դաստիարակության այլ կարևոր պայմանների հարցում` խուսափելով դատական քաշքշուկի ծանր փորձությունից, ապա մեծահասակներին ու փոքրիկներին ավելի հեշտ կլինի կյանքը շարունակել` պահպանելով նյարդերը, և ամեն ինչ սկսել նոր էջից:/harmonia.am/ 

Best Regards:
©Psychology and More
©Sargis Nazaryan

P.S.:
Եղե՛ք Անբաժան! 
Best Regards:
©Sargis Nazaryan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել