Ոսկին չի կարող չփայլել։

Կյանքը ցույց է տալիս, որ  կազմակերպված կենսառիթմի դեպքում Հայ միտքը սկսում է հանճարներ երկնելու օրինաչափությամբ տրոփել։

Հայը իրեն բացահայտողին և գնահատողին գնահատել գիտի։

Եւ պատահական չէ, որ հայերը օտար երկրներին նվիրվում են անմնացորդ, քանզի այնտեղ են գտնում իրենց կազմակերպողին ու գնահատողին։

Եւ վիճում են երկրները։

Եւ խոշոր առումով, էլի Հայ միտքն է մեկ այլ երկրի Հայ մտքին բախվում։

Անսահմանությունը ընկալելու համար նախատեսված Հայ միտքը սահմանափակվում է ինչ որ երկրներին երախտագետ լինելու համար մեկ այլ անսահմանության ներուժի բախվելով։

Մի մոռացկոտ հիշողություն երբեմն ասում է, որ Հայը պիտի որ ինքնակազմակերպվելու ջիղ էլ ունենա, բայց այդ ջղին շատ հազվադեպ է լիցք հասնում։

Հայը համբերել գիտի։

Համբերելը Հայի արյան մեջ է։

Մի ժամանակ Հայը վատը հետաձգելով էր համբերում։

Այժմյան համբերությունը լավն է հետաձգում։

Հայը քաջ գիտի, որ կազմակերպվածությունը չի կարող վատ լինել, բայց ինչ որ լիցք չի հերիքում։

Հայը գիտի, որ մի օր կազմակերպվելու է։

Եւ այդ գիտենալն է կազմակերպվելը հետաձգում։

Մի ժամանակ կազմակերպվելը աստվածություն էր Հայի համար։

Հետո աստվածությունների վրա կուռք լինելու մեղադրանքներ բարդվեցին և Հայը պարզին օտարացավ։

Հայը գիտեր կուռը։ 

Եւ կուռը գիտենալով էր կռում։

Եւ կռում էր ոչ որպես մեղք, քանզի գիտեր, որ կուռ չլինելն է մեղք։

Հայը կռում էր և իր կռածից ոչինչ չէր խնդրում, քանզի արդեն ստացածը հիմարն է խնդրում։

Հայը կռում էր, որովհետև Հայ էր առանց մակդիրի։

Հայի կազմակերպվածությունը տրոհվել է կազմի և կերպի և այդ է պատճառը, որ բովանդակությամբ(կազմ) Հայը բախվում է հաճախ Հայի ձևին(կերպ)։

Մեկին խուժն է համակել, մյուսին՝ դրուժը։

Վաղուց ժամանակն է, որ Հայը խուժ ու դրուժին ճանապարհի իրենց հայրենի անապատներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել