Raisa KaragyozyanAsparez.am-ը գրում է.

«Ուկրաինայի հայերը, իբր, չեզոք դիրք են բռնել, բայց իրականում, չգիտեմ նույնիսկ, թե ինչ ասեմ, ո՛չ ռուսամետ են, ո՛չ ուկրաինամետ, պարզապես ապրում են, ինչպես բոլոր հայերը բոլոր երկրներում: Իրենք, իհարկե, պատերազմ չեն ուզում, այլ` ուզում են հանգիստ ապրել իրենց կյանքով՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Ինչ իշխանություն լինի, նրան էլ կներբողեն, բայց, հոգու խորքում, երեւի, ռուսամետ են: Ուկրաինայի հայ համայնքում ես երբեք համախոհներ չեմ ունեցել, որն արդեն շատ բանի մասին է խոսում: Ապրում եմ Ուկրաինայում, որի ամբողջականության կողմնակիցն եմ, համակրում եմ այդ երկրի պետականաշինությանը, մի բան, որ չեմ նկատում հայ համայնքում:Յանուկովիչի տղայի մոտիկ ընկերը՝ մուլտիմիլիոնատեր Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի հայ համայնքի նախագահն է, Յանուկովիչի նման չի փախել, Գերագույն Ռադայի  պատգամավոր է, Յանուկովիչի հարազատ` «Ռեգիոնների» կուսակցության ֆրակցիայի ակտիվ անդամ: Սա արդեն պերճախոս բան է: Ես, իհարկե, նման աշխարհընկալմամբ հայ համայնքի հետ գրեթե գործ չունեմ, թեեւ, իբր անդամ եմ: Հայ համայնքը Մայդանից խիստ անջրպետված է»,-պատմում է Ուկրաինայում բնակվող իմ զրուցակից Ռաիսա Կարագյոզյանը:

Զրուցակիցս նշում է, որ Մայդանում վերջերս զոհված երկու հայ տղամարդկանց անուններն ինքը  մշտապես հիշատակում է, սակայն  այդ դեպքերի վերաբերյալ հայ համայնքից ոչ մի արձագանք չկա: Ռ.Կարագյոզյանի համոզմամբ, որպես մասնավոր անձ, իր նման ակտիվ մայդանցի է հայտնի նկարիչ Բորիս Եղիազարյանը: «Կիրակի օրը եվրոպական տարբեր երկրների դիվանագիտական առաքելություններն իրենց դրոշներով եկել էին Մայդան: Հայկական դեսպանությունը չկար, բայց բեմից մի երեխա հայերենով Շեւչենկո արտասանեց, որովհետեւ մեծ հանճարի 200-ամյակն էր: Չգիտեմ ինչպես ասեմ. կանք եւ չկանք, համաձայն ենք եւ համաձայն չենք, ուզում ենք եւ չենք ուզում, սպասում են, թե քամին որ կողմից կփչի»:

Շարունակելով խոսքը՝ Ռ.Կարագյոզյանը պնդեց.«Ռուսամետության տակ հասկացեք զոմբիացվածություն: Այդպիսինները կրթված չեն, հիմնականում գործարարությամբ են զբաղվում: Այնքա՜ն են ռուսամետ, որքան այդ բագաժով եկել են Հայաստանից: Չեն կարդում, պատմություն չեն ուսումնասիրում, կարծում եմ` իրենց նյութական շահն է հետաքրքրում: Խոսում են հիմնականում ռուսերենով: Է՜հ, մարդիկ են, էլի, ինչպես խորհրդային համակարգում դաստիարակված հասարակությունը»,-եզրափակեց Ռ.Կարագյոզյանը:

Անահիտ Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել