Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք, շրջանառության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Որպես նախագծի համահեղինակ՝ այս օրերի քննարկումների արդյունքում ուզում եմ մի քանի փաստ արձանագրել և հանդես գալ առաջարկությամբ:

1. Այն գաղափարները, որոնք իրացված են նախագծում, հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: Սակայն, բոլորը չէ և միշտ չէ, որ գիտեն, թե ինչ է սահմանված այդ որոշումներում և կարող են կամ ցանկանում են նշված վեճերը լուծել դատական կարգով: Այս առումով նախագիծը փորձ է անում ամփոփել դատական պրակտիկան և հստակ սահմանել խաղի կանոնները:

2. Ամենայն անկեղծությամբ և վստահությամբ բոլոր գործընկերների անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա սահմանափակել պրոֆեսիոնալ լրագրողների խոսքի ազատությունը, հակառակը, նրանք իրենք են այս կարգավորմամբ շահագրգիռ, որովհետև պրոֆեսիոնալ լրագրությունը իր տեղը զիջում է անհայտ գրառումների դիտումներին:

3. Նախագիծը ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Հիմնվելով թե՛ գործընկերներիս, և թե՛ նաև ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկների վրա, խնդրում եմ և առաջարկում եմ հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները, և բոլոր նրանց, ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ, ուղարկել այն ինձ կամ նախագծի համահեղինակներից որևէ մեկին: Այդ առաջարկները կհավաքվեն և այդուհետ հանրային քննարկման ժամանակ կբարձրաձայնվեն ու կքննարկվեն: Առաջիկա օրերին կլինի նաև իրազեկում այդ քննարկման օրվա, վայրի և ժամի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել