6 տարի առաջ այս օրն էր: Գարնանային ուրախ, հաղթական սպասումներով դասի էի գնում (այդ ժամանակ քաղաքապետարանի դիմաց գտնվող «Գլաձոր» համալսարանի ուսանող էի): Դասերից հետո նորից պիտի գնայինք Ազատության հրապարակ: Այդ օրը Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացին իր տասնօրյա աննահանջ պայքարը հաղթանակի պիտի հասցներ, Գարուն պիտի գար Հայաստանի համար: Համալսարանին մոտենալիս հեռվում՝ ֆրանսիական դեսպանատան առջև տեսա, որ մարդկանց մեծ խումբ է հավաքվել, զարմացա մի քիչ. բոլորն այս օրերին Ազատության հրապարակ են գնում, իսկ այս մարդիկ այստե՞ղ են ցույց անում: Եվ միայն համալսարանում իմացա, որ այդ մարդիկ հենց Ազատության հրապարակից են մի կերպ «փախել» այստեղ, որ այդ գիշեր ոստիկանական հատուկ ջոկատները դավադրաբար հարձակվել են իրենց վրաններում քնած ցուցարարների վրա ու ծեծուջարդով մաքրել Օպերայի հրապարակը: Աննկարագրելի լարվածություն կար, մի քիչ էլ հուսահատություն, բայց բոլորն արդարացիորեն վրդովված էին. ախր ո՞նց, ո՞նց կարելի ա քնած մարդուն ծեծել: Ճիշտ է, ինչպես պարզվեց, դա ընդամենը չարյաց փոքրագույնն էր այն ամենի, ինչ հետո պիտի կատարվեր: Շտապ զանգեցի ընկերոջս, ով ևս Օպերայի հրապարակում էր գիշերել, ասաց, որ իր հետ ամեն բան լավ է, և, որ շուտով ամբողջ ժողովուրդը հավաքվելու է Մյասնիկյանի արձանի մոտ: Այդպես էլ եղավ ու շատ չանցած մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել, իսկ մյուս կողմից էլ ոստիկանության զորքերն էին կուտակվում, մթնոլորտը շիկացած ու պայթունավտանգ էր արդեն: Պարզ դարձավ, որ ամեն բան վճռվելու էր այդ ժամերին և այդտեղ: Երկար դասամիջոցին մի խումբ ընկերներով որոշեցինք միանալ ժողովրդին ու փորձեցինք մայթով անցնել դեպի փողոց, բայց ավտոբուսից ոստիկանները հանկարծակի դուրս թափվելով փակեցին ճանապարհը: Ասացինք, որ ուզում ենք միանալ ցուցարարներին, բայց մեզ չթույլատրեցին, և երբ ընկերներիցս մեկը չդիմացավ ու փորձեց ճեղքել ոստիկանների օղակը, նրանք հարձակվեցին և բառիս բուն իմաստով ծեծելով մեզ հետ շպրտեցին մինչև համալսարանի մուտք, մի կերպ ներս մտանք շենք, շատերս էլ չհասցրեցինք խուսափել դուբինկաների հարվածներից: Բոլորը խուճապի մեջ էին, աղջիկներից շատերը վախից մինչև 7-րդ հարկ էին բարձրացել: Ընկերոջս տարանք բուժկետ, թևն էր վնասվել: Այդ պահին կարծես անջատված լինեի, ոչինչ չէի հասկանում, ոչինչ չեի կարողանում խոսել ու լսել, մի պահ միայն մեր ռեկտորի բարձր ձայնը լսվեց. «Սա ի՞նչ բարբարոսություն է, ի՞նչ եք ուզում էս երեխեքից, դուրս եկեք շենքից»: Շատ չանցած մեզ հայտնեցին, որ էլ դաս չի լինելու, ու խնդրեցին բոլոր ուսանողներին «Մետրոպոլի» կողմով գնալ տուն: Իհարկե, մենք տուն չգնացինք, մենք մնացինք, մենք միացանք հրապարակում կանգնած մեր ընկերներին, քույրերին ու եղբայրներին ու տեսանք ամենը, տեսանք ժողովրդի դեմ դուրս հանված զինվորներին, իսկ նրանց մեջ նաև մեր ընկերներին ու հարազատներին: Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ. բարիկադներ, բախումներ, ստահակ իշխանավորի անօրեն հրաման ու դավադիր կրակոցներ, արյունոտ գիշեր և տասը անմեղ զոհեր: Շատ չանցած արդեն արտակարգ դրություն էր հայտարարվել: Առավոտյան արցունքներն աչքերիս հեռուստացույցով տեսնում էի, թե ինչպես այդ ամենը ներկայացվեց: Այդքան պայքարեցինք հանուն մեր ազատության, հանուն արժանապատվության ու արդարության, իսկ վերջում մեզ ներկայացրեցին իբրև հանցագործների և խանութ թալանողների: Այդպես կորսվեց մեր գարունը, Հայաստանի գարունը…
Բայց մեկ է, գալու է հատուցման ժամը: Ինչպես մեր ընկերներից մեկն է սիրում ասել՝ իրենք մեզ Գարուն են պարտք: Վաղ թե ուշ, ուզեն-չուզեն պիտի հատուցեն այդ պարտքը… ՀԱՍՏԱՏ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել