Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ որ կերպ հետաքրքրված են ՛Հարսնաքար՛ ռեստորանային համալիրում կատարված դեպքերով: 
Նախ և առաջ սկսեմ նրանից, որ Ձեզ տեղյակ պահեմ իմ անձնական կարծիքի մասին: Ես չափազանց մեծ ուշադրությամբ հետևում եմ այս ամենին հենց ամենաառաջին իսկ օրվանից և արդեն ուղղակի վստահորեն կարող եմ պնդել, որ կան մարդիկ, ովքեր չափազանց մեծ ջանքեր են թափում հենց մենակ նրա համար, որ վարկաբեկեն կամ ինչ որ վնաս պատճառեն Ռուբեն Հայրապետյանին, փորձում են ժողովրդին օգտագործել այդ նպատակով, օգտվելով ներկա դրությամբ ստեղծված կարգավիճակից, որը, վստահ եմ, որ ամբողջովին սարքված գործ է: Փորձեմ հիմնավորել խոսքերս և միաժամանակ մի քանի ինձ համար ոչ հասկանալի հարցեր ուղղեմ:
- Առաջին հերթին տարածվել են ինչ որ կեղծ լուրեր, թե Ռուբեն Հայրապետյանը դեպքի օրը եղել է համալիրում: Տեղեկացնեմ Ձեզ, որ նա ընդհանրապես ոչ մի կապ չունի այս ամենի հետ, այդ օրը նա ՉԻ եղել ռեստորանային համալիրում, տեղյակ չի եղել ծեծկռտուքից ու նրա հրամանով չի կատարվել այդ ամենը: Նույնիսկ եթե նա լիներ ասենք Շոտլանդիայում, ոմանք հաստատ կգտնվեին և կպնդեին, որ նա այնտեղ է եղել…
- Բժիշկները ակնհայտորեն խաբում ու կեղծ ցուցմունքներ են տալիս: Եթե իրոք անվտանգության աշխատակիցները ծեծել են Վահե Ավետյանին, հետևաբար նա հենց ամենասկզբից պետք է լիներ կոմայի մեջ: Հասարակ լոգիկան ասում է, որ եթե նա այդ վիճակում կարողացել է Ավանից հասնել Էրեբունի, ուրեմն ներկայիս նրա վնասվածքները նա ստացել է դեպքից հետո, ինչ որ անհասկանալի հանգամանքներում, ճանապարհին: Հաջորդ փաստը, որ բժիշկները ստում են, ասում է հետևյալ հանգամանքը – նրանք պնդում են, որ իրենց ծեծի են ենթարկել 10-15 հոգի: Ինչպե՞ս դա կարող է ճիշտ լինել, եթե անվտանգության աշխատակիցների թիվը չի գերազանցում հինգը: Սա ևս մի անհերքելի ապացույց, որ ցուցմունքը բժիշկների կողմից սուտ է: Եվս մեկ հանգամանք, որը մտածելու տեղիք է տալիս – տուժած բժիշկները սկզբում երեքն էին, հետո դարձան չորս, հինգ… Երևի թվաբանական պրոգրեսիայով ՛տուժողների՛ թիվը դեռ կաճի… Թե ինչու վերջում ՛տուժած՛ բժիշկները հենց առաջին իսկ օրվանից չէին ներկայացել ու չէին բողոքել պատահածի համար, դա ինձ համար դեռևս անհասկանալի է մնում: Երևի դեռ չէին զգացել որ իրենք գտնվում են ծանր վիճակում, մի երեք օր անցավ, նոր հիշեցին դրա մասին:
- Մյուս կետում մի քանի խոսք տուժածների պահվածքի մասին – բոլորը միաբերան դատապարտում են կատարվածը միայն մի տեսանկյունից դիտելով: Բոլորը միայն մտածում են, թե ո՞ր մի չարագործը կարող էր ու իրավունք ուներ ծեծել բժիշկներին, հայոց բանակի սպաներին և վերջապես հազարավոր կյանքեր փրկած ռազմական բժշկին: Ոչ ոք չի փորձում անգամ մտածել – ինչո՞ւ, ինչի՞ց կարող էր առաջանալ միջադեպը: Սկզբից շեշտեմ այն հանգամանքը, որ առաջին զանգը դեպի Ոստիկանություն եղել է ՛Հարսնաքարից՛, բողոքով, որ իրենց վրա հարձակում են գործել: Սա ասում է նրա մասին, որ բժիշկները, լինելով ալկոհոլի մեծ չափաբաժնի ազդեցության տակ, փորձել են իրենց դրսևորել այնպես, ինչպես անում են համարյա բոլոր տվյալ սֆերային պատկանող անձինք՝ հայհոյել, ձեռք առնել մատուցողին, խանգարել կողքի սեղանների մոտ նստաց անձանց (կան վկաներ) և նույնիսկ իրենց թույլ տալ կտտացնել մատուցողին, որից հետո դուրս գալ ու սկսել հարվածել նրան ու մոտ եկած անվտանգության աշխատակիցներին: Սա չեմ կարծում, որ ռազմական բժշկին, սպային վայել պահվածք է:
- Հաջորդ հարցով ցանկանում եմ խոսել 81 համարի երթուղայինների ՛խուճապի՛ մասին: Վարորդները պնդում են, թե Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը, որը, ի դեպ, ներկա դրությամբ երկամսյա կալանավորված է, ծեծել է իրենց վարորդներից մեկին: Առաջանում է երկու հարց՝ առաջին, որ եթե թիկնապահները կալանավորված են, ինչպես կարող էին մարդ ծեծել, միգուցե բանտից դուրս եկան մի երկու ժամով ձեռքերը բացեին, և երկրորդ հարց՝ ՛Հարսնաքարը՛ ներկա դրությամբ չունի անվտանգության աշխատակիցներ, Ռուբեն Հայրապետյանը նույնպես չունի թիկնազոր – ո՞ւմ թիկնազորն է հիմա մարդ ծեծել: Միգուցե վարորդները ճիշտը չեն ասում կամ ոչ ոքի չեն էլ ծեծել, կամ, որն ավելի հավանական է, կրկին ուզում են վարկաբեկել Ռուբեն Հայրապետյանին՝ դրանով իսկ բարձրացնելով իրենց ՛պատիվը՛ ժողովրդի աչքերում:
Եվ, որպես վերջին, կուզենայի արտահայտել իմ կարծիքը այն անձանց, էլեկտրոնային լրատվությունների ու ֆեյսբուքյան խմբերի մասին, ովքեր ջանքեր չեն խնայում ՛գտնել ու պատժել բոլոր մեղավորներին՛: Որտե՞ղ էիք դուք, երբ 100 դրամի համար մարդ դանակահարեցին: Դա կարելի էր անտեսել, չխոսալ այդ մասին, իսկ բժիշկ ծեծելու դեպքը, որը եղել է իր իսկ մեղավորության պատճառը, պետք էր հրապարակայնորեն դատապարտել ու պատժել մեղավորներին: Ես չեմ տեսնում ոչ մի արդարություն դրա մեջ, նա էլ էր մարդ, նա էլ էր հայ, չնայած ոչ դուք կարծում եք, թե պայքարում եք անարդարության դեմ, հանուն օրենքի: Թե՞ միայն բժիշկների ու սպաների դեպքերն են քննարկվում: Չի լինում այնպիսի շաբաթ, որ գոնե մեկ ինքնասպանության դեպք չլինի, գողությունը համատարած է, արդեն սովորություն է դարձել, վերջապես երկիրը կանգնած է պատերազմի շեմին, եթե ոչ նրա մեջ, ինչո՞ւ չեք մտածում դրանց մասին: Ձեզ միայն հետաքրքրում է այն, թե ինչպես կարելի է ինչ որ ձևով վնաս հասցնել Ռուբեն Հայրապետյանին, որից երևի ՛աբիժնիկ՛ եք մնացել… 
Հիմա քիչ ա մնում ասեք, թե Սիրիայի ու Թուրքիայի պատերազմում է ա ինքը մեղավոր, կործանիչ ա ՛ծեծել՛…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել