Օրեր առաջ իշխանությունների կողմից դադարեցվել էր Արարատի ցեմենտի գործարանի ջրամատակարարումը: «Արարատցեմենտը» պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, իսկ գործարանի ջրամատակարարումը դադարեցվել էր ԲՀԿ համագումարից և դրանում հնչած Գագիկ Ծառուկյանի կոշտ ելույթից օրեր անց: Կապը, կարծում ենք՝ միանգամայն տեսանելի է և տրամաբանական: 
Ի սկզբանե փորձ արվեց ներկայացնել, թե գործարանը պարտքեր է ունեցել, սակայն Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարությամբ հանդես եկավ և հերքեց դա: Անուղղակի ձևով դա հերքեց նաև Բնապահպանության նախարարությունը` ամեն կերպ խուսափելով պատասխանել պարտքի մասին լրատվամիջոցներից մեկի հարցերին: 
Այլ կերպ ասած, ամեն կերպ երևում էր հստակ քաղաքական մոտիվացիան և տրամաբանությունը: Սակայն Ծառուկյանի պարտքերի մասին վարկածը չկարողանալով հաստատել, այժմ էլ լրատվական մի շարք կայքեր փորձ են անում ներկայացնել խնդիրը այնպես, իբր այդ ամենը արվում է հատուկ նպատակով` Գագիկ Ծառուկյանին որպես զոհ ներկայացնելու և վերջինիս ընդդիմադիր դաշտում տեղակայելու համար` ընդդիմադիր դաշտը ավելի վերահսկելի դարձնելու նպատակով: 
Այս վարկածը նույնքան թույլ է, որքան այն, որ ընդդիմության դաշտը ընդհանրապես հնարավոր է որևէ կերպ վերահսկել: Նախ բավական է միայն նշել, որ Հայաստանում այսօր կան ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք անընդմեջ անում են հանրահավաքներ, ունեն հստակ ընտրազանգված, և առաջինը նրանք թույլ չեն տա, որ իրականացվի վերոնշյալ «վարկածը»: 
Երկրորդ, արդեն ավելի քան հստակ է, որ հասարակության դժգոհությունը այսօր այնքան է բարձրացել, որ որևէ քաղաքական ուժ, նույնիսկ տեսականորեն, չի կարող ամբողջությամբ վերահսկել հասարակական տրամադրությունները, և սա շատ հստակ հասկանում են իշխանությունները: 
Ուստի, վերոնշյալ վարկածը ընդամենը կարող է լինել դրա հեղինակի վառ երևակայության արդյունքը, իսկ իրականում նման ձևով փորձ է արվում գոնե որևէ խելացի հիմնավորում տալ իշխանական թուլություններին և ծանոթ գործելաոճին, այն է, տեսեք, ամեն ինչ արվում է հատուկ, որոշակի նպատակներով, պլանավորած, այլ ոչ թե ընդամենը էժան ճնշման և շանտաժի փորձ է իշխանությունների կողմից, ինչին շատ լավ ծանոթ է մեր հասարակությունը: 
Բացի այդ, միշտ էլ պարզ է եղել մեկ բան, որ ընդդիմադիր չեն «դարձնում», որքան էլ դա ցանկալի լինի այսօրվա իշխանությունների համար: 
Սակայն հստակ է մի բան, որ նման քայլերով, օրինակ, կտրել գործարանի ջրամատակակարումը կամ հարկային ստուգումներ սկսել և այլն, իշխանությունները ավելի են ցուցադրում իրենց անպատրաստ վիճակը և վախն ու սարսափը ցանկացած քննադատության նկատմամբ, իսկ Ծառուկյանի ելույթը հենց քննադատություն կամ ավելի շուտ առկա իրավիճակի սթափ գնահատական էր: 
Ուստի, «Արարատցեմենտի» դեպքը ընդամենը հերթական, արդեն հայտնի ու սովորական քայլն է իշխանությունների կողմից, չունի որևէ պլան կամ ծրագիր, ծիծաղելի է այն դիտարկել որևէ վարկածի տեսանկյունից: Սա առաջին դեպքը չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել