Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասկանում նկարում գրվածը, կթարգմանեմ։ Ջոն Լեննոն և Յոկո Օնո. «Մի ատեք այն, ինչ չեք հասկանում»։ Անկախ նրանից` սիրում եք Լեննոնի արվեստն ու գործունեությունը, թե` ոչ, ոգեշնչվում եք նրանից, թե` ոչ, նրա հեղինակային երգերից Imagine-ից բացի, ուրիշ երգ գիտեք, թե` ոչ, պարտավոր եք հարգել այս մարդու մեծությունը։ Ձեզնից որևէ մեկը դժվար թե արած լինի այնքան բարի գործ իր կյանքում, դժվար թե որևէ մեկը հասած լինի այն բարձունքին, որին հասել է Լեննոնը։ Նման մեծության մարդը հաստատ գիտի՝ ինչ է ասում։
Մարդկանց մեջ շատ տարածված է անհանդուրժողականություն կոչվող դեֆեկտը։ Գիտե՞ք դեֆեկտն ինչ է, չէ՞։ Դա անսարքություն է մեխանիզմի մեջ, որի պատճառով մեծ ու փոքր խնդիրներ են առաջանում, կարող էն հանգեցնել նույնիսկ մեխանիզմի աշխատանքի դադարին։ Պատկերացրի՞ք։ Եթե այո, ուրեմն կտեսնեք, որ դրանից տուժում է միայն այդ դեֆեկտը կրող մեխանիզմը, իսկ կողքինները կարող են տխրել նրա համար կամ չտխրել, սակայն բոլորից հաճախ նրանք պարզապես անտարբեր են։ Այդպիսի դեֆեկտ է անհանդուրժողականությունն է. այն միայն իր տիրոջ կյանքն է թունավորում, ուրիշներին հնարավոր է` վիրավորի, բայց նրանց ապրելակերպը հաստատ չի փոխի։ Անհանդուրժող մարդիկ չեն հասկանում, որ իրենց ատելությունը կրողները չեն դադարելու գոյություն ունենալ։ Նրանք շարունակելու են ապրել իրենց կյանքը, ստեղծել իրենց աշխարհը։
Նման մի դեֆեկտ է նաև տգիտությունը։ Դրա վառ օրինակը կարող են լինել այն, որ աթեիզմը չեն տարբերում սատանիզմից ու զանազան աղանդներից, արվեստի մասին տարրական գիտելիքների բացակայությունը։ Տգիտություն կարելի է համարել նաև նրբանկատության բացակայությունը, ինչը միայն անմշակ հոգու արտահայտումն է, իսկ վերջինս տգիտության ապացույց է միայն։ Գրագետ չի նշանակում միայն Ա-ն Բ-ից տարբերել, իսկ ստորակետը ճիշտ տեղում դնել։ Խելացիության մասին համեստորեն կլռեմ։
Այս և նման այլ դեֆեկտների համադրությունից ծնվում է անկառավարելի անարդարացիություն։ Առաջ են գալիս գունեղ, անհիմն, ֆանտաստիկայի ժանրին պատկանող բամբասանքներ, որոնք երբեմն ծանր են տանում հաջողության ձգտող, սեփական աշխարհը կերտող, կայացող անհատները, ովքեր մի քիչ փխրուն հոգի ունեն, բայց` իզուր։ Ես, 19-ամյա նվաստ աղջնակս, որ կարդացել եմ հաջողակ ու հայտնի հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների կյանքի, հաջողության հասնելու ճանապարհին կրած դժվարությունների մասին, եկել եմ փաստելու հետևյալը։ Եթե մարդ աշխատում է, իր ֆիզիկական ու մտավոր ողջ ուժն օգտագործում է իր նպատակին հասնելու համար, միևնույն ժամանակ ոչ ոքի «շնչին չի նստում», նրա մասին սկսում են բամբասել, չարախոսել վերջին անհայտից մինչև ամենամտերիմ բարեկամը։ Եթե բարեկամներն են արդեն սկսում բամբասել, համոզված եղեք` դուք գնում եք ճիշտ ուղղությամբ ու արդեն մոտ եք գլխավոր նպատակին։ Ամենայն հավանականությամբ, բուրգի գագաթ կհասնեք միայնակ, այնտեղ կդնեք ձեր վերջին շտրիխը ու համբերատար կսպասեք։ Աստիճանաբար ձեզ կսկսեն գնահատել ու սիրել ավելի, քան երբևէ, նույնիսկ նրանք, ովքեր ձեզ չէին սիրում կամ երես էին թեքել ձեզնից։ Բարեկամներն էլ, փառքի մի թեթև շող նկատելուն պես ետ կվազեն ձեզ մոտ ու ծանոթների մոտ հպարտությամբ կասեն, որ ձեզ ճանաչում են։ Այնպես որ, եթե ձեր նպատակին հասնելու համար ամենաճիշտ ուղղությունը գտել եք, մի լսեք ոչ ոքի։ Սա ՁԵՐ կյանքն է, ասում են` մեկ անգամ ենք ապրում։ Ապրեք այնպես, որ բաց թողած հնարավորությունների համար չզղջաք։ Մարդկանց տգիտությունն ու անհանդուրժողականությունը, ինչ խոսք, վտանգավոր դժվարություններ են ձեր ճանապարհին, սակայն դրանք հաղթահարելուն պես կտեսնեք, թե ինչ չնչին էին դրանք իրականում։ Միայն դժվարությունների միջով անցնելով՝ կարող եք ճանաչում ստանալ, միայն այդպես մարդիկ կընդունեն ձեզ։ Չհանձնվեք բարդություններին, թույլ չտաք կոտրել ձեր «ես»-ը։ Երես թեքած մարդկանց նկատմամբ էլ չարությամբ չլցվեք, այլ շնորհակալ եղեք նրանց, որ ձեզ հնարավորություն են տալիս կայանալու նման խոչընդոտ հաղթահարելով։ Դա առաքինի քայլ է ձեր կողմից, որը, պիտի խոստովանեմ, շատ ավելի է բարկացնում նման մարդկանց։ Նենգ մարդիկ բոլորից են նենգություն սպասում։ Մի վախեցեք այն խոսքերից, թե դուք սխալ ճանապարհով եք գնում։ Փորձեք բացատրել, որ սխալ ճանապարհներ չկան, հատկապես երբ ոչ ոքի «դիակի վրայով չեք քայլում», կան զուտ տարբեր ճանապարհներ։ Դուք եք ձեր ճամփորդության տերը։
Իսկ դեֆեկտավորները թող գլուխ ջարդեն` այդ ինչպես է լինում, որ բոլորը հասնում են հաջողության, բացի իրենցից։ Սեփական դեֆեկտներն ընդունելու ու շտկելու համարձակություն եթե ունենան, շատ լավ, եթե չէ, թող շարունակեն էներգիա վատնել բամբասանքների վրա, միևնույնն է` դրանով նրանք միայն իրենց կյանքն են թունավորում։ Ատողները միշտ էլ կատեն այն, ինչ իրենցից բարձր է, ինչ իրենց հասանելի ու հասկանալի չէ։ Ձեզ անկեղծորեն սիրող, հարգող ու գնահատող մարդիկ երբեք ականջ չեն դնի նման էժանագին ելույթների։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել