Այսօր մի անգամ ևս փոխվեցին իմ պատկերացումները: Դեռ մի քանի րոպե առաջ ինձ թվում էր, թե ամեն ինչ այնքան էլ վախենալու չէ, և ես իրականում այն ամենի տերն եմ, ինչը որ ինձ է պատկանում: Պարզվեց, որ նույնիսկ հայրենասիրությունս իմը չէր: Այսուհետ, ես այն կկոչեմ բռնազավթված հայրենասիրություն: Դեռ մի քանի ժամ առաջ մտածում էի, թե կարելի է չսիրել կառավարությունը, բայց սիրել երկիրը: Հնարավոր է, քանի դու դեռ չես հանդիպել նրանց, ովքեր ամեն օր մեզ են ժպտում էկրանից այն կողմ, մինչդեռ տարածության մեջ նրանք մեզ համար ավելի սարսափելի են, քան մղձավանջները` երեխաների: Վախենում եմ ես: Այնքան, որ չգիտեմ՝ խելագարվե՞մ, թե խենթանամ, կամ թե տարբերություն չդնեմ բառերիս մեջ ու պարզապես գժվեմ, որ ապրեմ, որ շարունակեմ: Իսկ ինչի՞ համար: Մի գիժ, մի խելառ, կամ մի խենթ գուցե, ո՞վ կուզի գնել: Ես անվճար կգամ: Կգամ կգժվեմ, կՎանանամ բռնազավթված, կամ գուցե Մշո երգեր կերգեմ քո բռնազավթված ուղեղի համար, որ ազատագրվի սարսափի ձեռքից, որ խենթանա իմ պես ու խոսի ինձ հետ: Եկա: Գժվել եմ հաստատ, արցունքներս կոկորդս են խեղդվում, լացս իմն է, դեռ ինձ մոտ է այն: Դե արի հրեշ, բռնազավթիր այն...

Ես իմ երկրից չեմ զզվել, ես պարզապես վախենում եմ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել