Հակաօսկանյանական արշավը համախմբեց որոշ քաղաքական գործիչների, որոնց համար, փաստորեն Սերժի նախագահ մնալը ու նրան ծառայելը ավելի կարևոր է քան Հայաստանի ապագան: «Ժառանգությություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը որսաց 1in.am-ի «լրատվությունը» ու այն որպես աղբյուր օգտագործելով «անալիզ» արեց. «Առաջին նախագահի ու նրա վարչապետի կողմից Հանթսմանին չհրավիրելու ու ընդունելության չարժանացնելու պատճառ է նշվում այն, որ վերջինս «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» կամ որ նույնն է` Մորմոնների համաշխարհային եկեղեցու առաջնորդն է»:

Որպես ո՞վ է խոսում Սաֆարյանը, եթե որպես «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ապա ևս մի անգամ բացահայտում է, որ Սերժ Սարգսյանին այդ կուսակցության ծառայությունները չեն սահմանափակվում միայն ընտրարշավի ժամանակ նրա հակառակորդների դեմ պայքարելով: Ու նաև Սաֆարյանի հակամորմոնական տեքստը ցույց է տալիս, որ Ժառանգությունը անկեղծ չէ, երբ ներկայանում է որպես փոքրամասնությունների պաշտպան և հարմար պահի կարող է զոհաբերել փոքրամասնությունների պաշտպանության դեմոկրատական գաղափարը:

Բայց գուցե մի կուսակցականի գաղափարները դեռևս չարժի՞ տարածել ողջ կուսակցության վրա, մանավանդ որ այդ կուսակցականը քաղաքագետ լինելու հավակնություն ունի: Սակայն Սաֆարյանի տեքստը, եթե քաղաքագիտական է, ապա նա կամ պրոֆան է, ով հերյուրանքը փաստից չի տարանջատում կամ էլ քաղաքագետի անվան տակ սև PR-ով է զբաղված:

Սաֆարյանը հրճվանքով Օսկանյանի «մեղքերի» ցուցակն է ներկայացնում հատկապես շեշտելով մարտի մեկը, այդպիսով դառնում Սերժի մարտավարության մասնակիցը, որի գաղափարն է` մարտի մեկը օգտագործել բոլոր նրանց դեմ, ովքեր սպառնում են մարտի մեկով նախագահ դարձած անձի իշխանությանը:

Սաֆարյանը «մեղքերի» ցուցակը ավարտում է եզրակացությամբ. «Վարդան Օսկանյանին ուղղվող և ուղղվելիք քաղաքական մեղադրանքների բեռը թեթևներից չէր: Իսկ այժմ դրանց գումարվում են նորերը, որոնք նրան սպառնում են ազատազրկումից մինչև քաղաքական ոչնչացման հեռանկարներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել