Ինչո՞ւ են Գերմանիայի ՀՀ դեսպանատանը քամահրանքով վերաբերում մարդկանց 

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ստելլա Սիմոնյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին եւ ԱԳ նախարարին, բողոքելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատանքից, որտեղ մարդկանց քամահրանքով են վերաբերում ու ստորացնում:

Ստորեւ ներկայացնում են նամակն ամբողջությամբ.
«Ես` Ստելլա Սիմոնյանս, արդեն 14 տարի է ապրում եմ Գերմանիայում: Հայաստանից հեռացել եմ մեծ ցավով, կրել եմ մեծ զրկանքներ, միայնակ դաստիարակել եմ երկու երեխա: Ունենալով բարձրագույն կրթություն եւ մանկավարժի տասնամյա աշխատանքային փորձ, Գերմանիայում արդեն տասը տարի է աշխատում եմ ծերանոցում, կատարում ծանր, բայց բարի աշխատանք: Ամեն ինչ արել եմ, որ երեխաներս լավ ապագա ունենան, ստանան լավ կրթություն: Ջանք չեմ խնայել, որ սիրեն իրենց հայրենիքը, չմոռանան իրենց մայրենի լեզուն, օգնեն իրենց հարազատներին եւ ընդհանրապես օգնել սովորեն: Որդիս ի տարբերություն շատ շատերի 19 տարեկանում ավարտեց դպրոցը եւ վերադարձավ Հայաստան, կատարեց իր պարտքը` երկու տարի ծառայեց հայկական բանակում ու վերադարձավ Գերմանիա: Այժմ ապրում է Իտալիայում: Դուստրս ուսանողուհի է, ուսանում է սլավոնական լեզուներ, ցանկանում էր իր պրակտիկան անցկացնել Հայաստանում: Ներողություն եմ խնդրում երկար նախաբանի համար: 

Շուրջ 10 օր է ամբողջ Եվրոպան տառապում է սարսափելի ցրտից: Բնության այս անոմալիային բոլորը փորձում են ընկալումով մոտենալ, բացառությամբ Գերմանիայում Հայասատանի դեսպանատնից: Երբ դուստրս զանգահարեց եւ խնդրեց, որ իր փաստաթղթերը փոստային ճանապարհով ուղարկի Բեռլին, դեսպանատնից պատասխանը եղավ` ՈՉ, ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ: 

Սակայն սա դեռ հարգալից վերաբերմունքի առաջին նոտան էր, աղջիկս ավելի զարհուրելի տեսարանի ականատեսը եղավ: Թեեւ դաժան ցրտերին, անցած շաբաթ, նա կեսգիշերին ընկերոջ հետ տանից դուրս եկավ, որպեսզի գնացքով առավոտյան 9.00-ին Բեռլին հասնեն: 9.20 ժամանել են Հայաստանի դեսպանատուն: Ժամը 9.50 հյուպատոսը եւ օգնականը, ընդունելության ժամից նույնիսկ 10 րոպե շուտ, բակում հավաքված, ցրտահարված ամբոխին ներս են թողել: Այցելուները միջանցքում տեղավորվել եւ սպասել են մինչեւ նրանց կընդունեն: Սակայն ջերմության այդ հաճույքը նրանց բախտ չի վիճակվել երկար ըմբոշխնել: Միջանցքում եւ սպասասրահում հավաքվածները լսել են բղավոցներ, մոտեցել է ոմն սափրագլուխ եւ բղավելով աշխատակցին ասել. «Սրանց սաղին ստեղից հան, էս ինչա»: Այցելուներից ոմանք ընկճված աղերսագին ձայնով խնդրել են. «Դրսում ցուրտա, ախր շատ ցուրտա»: Սակայն դաժան պաշտոնյան լինելով անսասան իր որոշման մեջ, քմահաճ հայացքով ցույց է տվել դեպի երկինք եւ պնդել, որ բոլորը դուրս գան:
Դիմադրելով բնության եւ ցավոք, մարդկանց դաժան վերաբերմունքին երկու ժամ դիմանալուց հետո, աղջկաս գերմանացի ընկերն ասել է. Սա ուղղակի անընդունելի վերաբերմունք է, թողել ու հեռացել են: Դրսում սպասելիս նրանք իմացել են, որ այդ բղավողը, ոչ ավել, ոչ պակաս, Գերմանիայում Հայաստանի դեսպանն է եղել: 

Պարոն դեսպան, երբ առանց խղճի խայթի մարդկանց ուղղորդում եք դեպի դուրսը, ցուրտն ու առհամարանքը` չեք մտածում արդյոք, որ սպասողները ձեր դստեր, որդու, քրոջ, կամ եղբոր նման մարդ են, ոչնչով ոչ ավել եւ ոչ պակաս: Ինչու եք կարծում, որ ձեր բախտանիվը այլ կերպ է պտտվել, դուք այնտեղ կանգնած յուրաքանչյուրից ավելի լավն եք: Վայր իջեք: Պարոն Մարտիրոսյան, հավատացեք` սովորական մահկանացու եք, ինչպես բոլորս:

Աղջիկս տուն եկավ եւ հեկեկալով պատմեց տեսածը, իսկ նրա գերմանացի փեսացուն վրդովված առաջարկում էր գրել գերմանական «Բիլդ» թերթին:
Բեռլինից վերադառնալուց հետո, երեք օր դուստրս անկողնային հիվանդ էր: Փորձել եմ զանգահարել Երեւան` ԱԳՆ, ձայնս եւ ցասումս նրանց հասցնել: Նախարարության 544041 հեռախոսահամարից ինձ տվեցին ոմն Տիգրան Սարգսյանի ներքին հեռախոսահամարը, որին ես ոչ մի կերպ չկարողացա զանգահարել:

Ստիպված դիմելով Ձեզ` հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ, մի մոռացեք, որ մենք Ձեր քաղաքացիներն ենք, որ մեր ծանր եւ երբեմն էլ նսեմացնող աշխատանքի քրտինքը այս կամ այն կերպ կաթում է նաեւ հայոց հողի վրա եւ սնում գոնե մեկ ընտանիքի:
Խնդրում եմ հասկացրեք պարոն դեսպանին, որ մենք օտար չենք, որ իր անմիջական պարտականություններից մեկն էլ` նույնիսկ չուզելով մեզ տեսնելն է եւ մեր շահերը պաշտպանելը: 
Ներողություն եմ հայցում Ձեր բազմազբաղ օրն ու ժամանակը իմ վիրավորված սրտի կանչով շահարկելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել