Երևանի մանկապարտեզներում աշխատանքն ավարտվում է ամենից ուշը՝ ժամը 17.30-ին:
Բոլորս գիտենք, որ պետական կառավարման և շատ այլ ոլորտների հիմնարկների գերակշռող մասում (գրեթե բոլորում) աշխատանքային օրը սկսվում է ժամը 9.00-ից և ավարտվում ժամը 18.00-ին: Այսօր այդ հիմնարկների զգալի մասում գործում է քարտային անցագրային համակարգ, որով գրանցվում է աշխատաժամերին անձնակազմի շարժը:
Ստացվում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողները, որոնք տանը չունեն աջակցող ընտանիքի այլ անդամներ, կամ պետք աշխատաժամանակի ընթացքում խախտում կատարեն և գնան մանկապարտեզներից վերցնելու իրենց երեխաներին կամ պետք է թողնեն աշխատանքը:
Ստացվում է, որ այս աններդաշնակության հետևանքով մարդկանց հարկադրաբար դարձնում են խախտողներ, կամ, ավելի վատ՝ տվյալ ոլորտը կորցնում է լավ մասնագետ: Հանդիպել են նաև դեպքեր, երբ երիտասարդ մասնագետները հրաժարվում կամ հետաձգում են երեխա ունենալը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև երեք տարեկանների խնամքի ժամանակահատվածի ավարտից հետո չեն կարողանալու կազմակերպել իրենց երեխայի առօրյան, հետևաբար այն խոչընդոտ է հանդիսանալու հետագա մասնագիտական աճի և կարիեռայի վրա: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ մանկահասակ երեխաների ծնողները երիտասարդներ են՝ պետության ապագան:
Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ ուսումնասիրել այս խնդիրը և փորձել լուծումներ տալ, որպեսզի չխաթարվի աշխատանք - ընտանիք ներդաշնակ կապը:
Որքան էլ տարօրինակ հնչի՝ լուծումը շատ պարզ է՝ մանկապարտեզների աշխատանքն ավարտել աշխատանքային օրվա ավարտից հետո կամ՝ յուրաքանչյուր մանկապարտեզում առանձնացնել երեկոյան խումբ՝ նման խնդիր ունեցող անձանց համար: Դետալների մասին հիմա քննարկելն անիմաստ է: Բայց լուծելի է:
Ձեզ տեսնենք, շահագրգիռ և պատասխանատու մարմիններ և անձիք:
Ի շահ Հայաստանցու: Ի շահ Հայաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել