Վագրի գաղտնի ուսմունք

Շարժում և հանգիստ

Ու վանը հարցրեց Տայգունին.
- Դիցուք, մենք բանակն առաջնորդել ենք սահմանային իշխանների տերությունների խորքը և ճակատել ենք հակառակորդին: Երկու բանակները կանգնած են դեմ դիմաց, հավասար ուժով և քանակով, և ոչ ոք չի համարձակվում հարձակվել առաջինը: Ես կցանկանայի այնպիսի մի բան անել, որ հակառակորդի զորապետը վախենա, իսկ ռազմիկները խուճապի մատնվեն, որ նրանց մարտակարգը խախտվի, նրանց օժանդակ ուժերը ցանկանան ճողոպրել, իսկ առաջնապահ գնդերը երկմտանքով նայեն իրար: Ինչպե՞ս կարելի է դա անել:
Տայգունն ասաց.
- Պիտի բանակդ տաս հազար լի հեռավորության վրա պահես հակառակորդի առաջնապահ գնդերից և դարանակալես թևերի մոտ: Ուղարկիր հեծելազորն ու մարտակառքերն առաջ, մինչև հարյուր լի՝ հակառակորդի դիմաց դիրք գրավելու համար: Ավելացրու դրոշների ու վառերի, թմբուկների ու կոչնակների թիվը: Մարտի նետվելով՝ հրամայիր թմբկահարել ու աղմուկ ստեղծել և թող բոլոր ռազմիկները միաժամանակ մարտի նետվեն: Հակառակորդի զորապետը անպայման կվախենա, իսկ բանակը խուճապի կմատնվի: Մեծ ու փոքր գնդերը միմյանց օգնության չեն գա, բարձր և ցածր զորական աստիճանավորները չեն կարողանա հրամաններ տալ, և հակառակորդը կջախջախվի:
Ու վանը հարցրեց.
- Եթե հակառակորդի ուժերի ռազմավարական դասավորությունը հնարավորություն չտա դարանակալել թևերում, ավելին, հեծելազորն ու մարտակառքերը չկարողանան առաջ շարժվել: Հակառակորդը տեղյակ է ամեն ինչին և լավ պատրաստված է: Մեր զորավարները և ռազմիկները խուճապահար են, իսկ զորապետը՝ վախեցած: Եթե մենք մարտի նետվեն, չենք հաղթի: 
Տայգունն ասաց.
- Դա բարդ հարց է: Այդ դեպքում մարտը սկսելուց հինգ ժամ առաջ հեռագնաց հետախույզներ ուղարկիր և հետևիր հակառակորդի վարքին, որպեսզի կարողանաս ճիշտ դարաններ սարքել: Կենաց և մահու պայքար պետք է մղել մարտում: Դրոշները և վառերը պետք է դասավորել տեսանելի, ամեն գնդին համապատասխան: Անհրաժեշտ է շտապել հակառակորդին ճակատելու: Մարտը սկսելուց հետո պետք է հանկարծակի նահանջի ազդանշան տաս՝ անընդհատ թմբկահարելով: Նահանջիր մինչև երեք լի և արագորեն ետ դառնալով՝ գրոհիր: Միաժամանակ թող գրոհեն դարանակալած ռազմիկները: Գնդերի մի մասը կգրոհեն թևերից, մյուսները՝ ճակատից և թիկունքից: Եթե երեք բանակները քաջաբար մարտնչեն, թշնամին կճողոպրի:
- Հիանալի է, - ասաց Ուվանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել