Բետինայի առաջին սերն իր եղբայր Կլեմենսն էր, որ հետո մեծ ռոմանտիկ բանաստեղծ դարձավ։ Դրանից հետո, ինչպես գիտենք, նա սիրահարված էր Գյոթեին, պաշտում էր Բեթհովենին, սիրում էր իր ամուսնուն՝ Ախիմ ֆոն Արնիմային, որ նույնպես մեծ բանաստեղծ էր, հետո խելքը գնում էր իշխան Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկայի համար, որ չնայած մեծ բանաստեղծ չէր, բայց գրքեր էր գրում (ի դեպ՝ հենց նրան է Բետինան նվիրել «Գյոթեի նամակագրությունը երեխայի հետ»-ը), հետո արդեն՝ հիսունամյա տարիքում, բռնկվեց կիսամայրական-կիսաէրոտիկ զգացմունքներով երկու երիտասարդների՝ Ֆիլիպ Նատուզիուսի և Յուլիուս Դերինգի նկատմամբ, ովքեր գրքեր չէին գրում, բայց նրա հետ ինտենսիվ նամակագրություն էին պահում (այս նամակագրությունը նույնպես մասամբ հրապարակված է), հիանում էր Կառլ Մարքսով, ում մի անգամ, երբ հյուր էր նրա հարսնացու Ժենիին, ստիպեց դուրս գալ իր հետ գիշերային երկար զբոսանքի (Մարքսը չէր ուզում զբոսնել. նա Ժենիի հետ էր ուզում մնալ, ոչ թե Բետինայի, բայց նույնիսկ նա, ով կարողացել է ողջ աշխարհը շրջել գլխիվայր, անկարող էր դիմադրել մի կնոջ, ով Գյոթեի հետ «դու»-ով էր խոսել։ Բետինան թուլություն ուներ Ֆերենց Լիստի նկատմամբ. ճիշտ է, դա կարճ տևեց, որովհետև կատաղում էր, որ Լիստին ոչինչ չէր հուզում սեփական փառքից բացի։ Նա ջերմորեն աշխատում էր օգնել հոգեկան հիվանդ գեղանկարիչ Կառլ Բլեխենին՝ արհամարհելով նրա կնոջը ոչ պակաս, քան ժամանակին տիկին Գյոթեին, նամակագրական կապ է հաստատել գահերեց իշխան Կառլ Ալեքսանդր Սաքսեն-Վեյմարքսի հետ, պրուս թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի համար «արքայական» գիրք է գրել («Այս գիրքը պատկանում է թագավորին»), որում բացատրում էր՝ ինչ պարտականություններ ունի թագավորն իր հպատակների նկատմամբ, դրանից հետո էլ գրել է «Աղքատների գիրքը», որտեղ ցույց է տվել ժողովրդի սարսափելի աղքատությունը, հետո նորից դիմել է թագավորին՝ կոմունիստական դավադրության մեջ մեղադրվող Ֆրիդրիխ Վիլհելմ Շլեֆելին ազատ արձակելու խնդրանքով, բարեխոսել է թագավորի մոտ պրուսական բանտում մահապատժի սպասող Լյուդովիկ Մերոսլավսկուն՝ լեհական հեղափոխության առաջնորդներից մեկին, ներելու համար։ Վերջին մարդը, ում նա պաշտում էր՝ անձամբ ծանոթ չլինելով, հունգարացի բանաստեղծ Շանդոր Պետեֆին էր, որ քառասունութ թվին քսանվեց տարեկանում զոհվել է ապստամբած զորքերի շարքերում։ Այսպես նա աշխարհի համար բացահայտեց ոչ միայն մեծ բանաստեղծին՝ նրան Sonnengott՝ Արևաստված կոչելով, այլև նրա հետ նրա հայրենիքը, որի գոյության մասին Եվրոպան գրեթե գաղափար չուներ։ Եթե նաև հիշենք, որ 1956 թվին ռուսական Կայսրության դեմ ելած և առաջին մեծ հակաստալինյան հեղափոխության ճանապարհը բացած հունգարացի ինտելեկտուալները իրենց այս բանաստեղծի պատվին իրենց անվանում էին «Պետեֆիի խմբակ», չենք կարող չմտածել, որ իր կապվածություններով Բետինան ներկա է Եվրոպայի պատմության մի տևական հատվածում, որը ձգվում է տասնութերորդ դարից մինչև մեր դարի կեսերը։ Պինդ, համառ Բետինան. պատմության փերին, պատմության քրմուհին։ Ես լիիրավ եմ ասելու՝ «քրմուհին», քանի որ Բետինայի համար պատմությունը (նրա բոլոր ընկերներն օգտագործել են այս փոխաբերությունը) «Աստծո մարմնացումն» էր։ Պատահել է՝ ընկերները նախատել են նրան, որ բավարար չափով չի մտածում ընտանիքի մասին, իր դրության մասին, որ չափազանց անհաշվենկատորեն զոհաբերում է իրեն հանուն ուրիշների։ «Ձեր ասածները ինձ չեն գրավում։ Ես հաշվապահ չեմ։ Այսպիսին եմ»։ Եվ էստեղ նա երկու ձեռքերի մատները դնում էր կրծքին, ընդ որում այնպես, որ միջնամատները դիպչում էին երկու կրծքի մեջտեղի կետին։ Հետո մի թեթև գլուխը հետ էր գցում, դեմքը լուսավորում էր ժպիտով և արագ, բայց նրբագեղ շարժումով ձեռքերը առաջ էր նետում։ Այս շարժման ժամանակ դաստակներն սկզբում իրար էին կպչում, բայց վերջում հեռանում էին՝ ափերը ձգելով առաջ։ Չէ, չեք սխալվում։ Դա նույն շարժումն է, որ ներկայացրեց Լորան՝ նախորդ գլխի վերջում, երբ հայտարարեց, որ մտադիր է «մի բան անել»։ Հիշենք իրադրությունը. երբ Անյեսն ասաց. «Լորա, դու իրավունք չունես հիմարություն անելու։ Ոչ ոք արժանի չէ քո տառապանքներին։ Իմ մասին մտածիր ու, թե ինչքան եմ քեզ սիրում», Լորան պատասխանեց. «Բայց ես կուզեի մի բան անել։ Ես պետք է ինչ-որ բան անեմ»։ Այս խոսքերն արտասանելիս նա մշուշոտ պատկերացնում էր, որ կքնի մի ուրիշ տղամարդու հետ։ Գնալով նա ավելի հաճախ էր մտածում դրա մասին, և դա ամենևին էլ հակասության մեջ չէր ինքնասպան լինելու նրա ցանկության հետ։ Դրանք երկու ծայրահեղ և ընդհանուր առմամբ օրինական հակազդումն էին իրեն նվաստացած զգացող կնոջ։ Դավաճանելու մասին նրա անորոշ երազանքը կոպտորեն ընդհատվեց Անյեսի կողմից՝ իրադրությունը պարզելու նրա չարաբաստիկ ձգտումով։ -Մի բա՞ն։ Ի՞նչ «մի բան»։ Լորան հասկանում էր, որ ծիծաղելի կլինի խոստովանելը դավաճանության շուրջ իր մտքերը ինքնասպանության մասին խոսելուց անմիջապես հետո։ Դրա համար նա շփոթվեց ու կրկնեց միայն «մի բան» արտահայտությունը։ Բայց քանի որ Անյեսի հայացքը պահանջում էր ավելի կոնկրետ պատասխան, նա փորձեց գոնե ժեստով իմաստ տալ անորոշ բառին. նա ձեռքերը դրեց կրծքին ու առաջ նետեց դրանք։ Ո՞նց մտքովն անցավ էդ ժեստն անել։ Դժվար է ասել։ Առաջ երբեք այդպես չի արել։ Հնարավոր է՝ ինչ-որ անտեսանելի մեկը հուշեց նրան այդ ժեստը, ինչպես հուշարարը հուշում է տեքստը չիմացող դերասանին։ Թեպետ այդ ժեստը ոչ մի որոշակի բան չէր արտահայտում, այնուամենայնիվ, հասկանալ էր տալիս, որ «մի բան» անելը նշանակում է ինքն իրեն աշխարհին առաջարկել, զոհաբերել ինքն իրեն, սեփական հոգին ուղարկել երկնագույն հորիզոններին ընդառաջ՝ որպես սպիտակ տատրակ։ Գնալ մետրոյում փող հավաքելու գաղափարը, բնականաբար, նրա համար մինչև վերջերս միանգամայն խորթ էր և, ակնհայտ է, երբեք մտքով չէր անցնի, եթե ձեռքերը չդներ կրծքին ու առաջ չնետեր։ Այդ ժեստը կարծես իր սեփական կամքն ուներ. տանում էր Լորային, և սա թերևս հետևում էր դրան։ Լորայի ու Բետինայի ճանապարհները նման են, և, անկասկած, կապ կա Լորայի՝ հեռավոր սևամորթներին օգնելու ցանկության և Բետինայի՝ մահապատժի դատապարտված լեհին փրկելու ջանքի մեջ։ Թեպետ համեմատությունն այստեղ կարող է և անտեղի թվալ։ Հնարավոր չէ պատկերացնել, որ Բետինա ֆոն Արնիմը կանգներ մետրոյում և փող մուրար։ Բետինային բարեգործական ակցիաները չէին գրավում։ Բետինան այն հարուստ կանանց շարքերից չէր, որ ավելի լավ զբաղմունքի պակասից աղքատների օգտին միջոցների հավաքում են կազմակերպում։ Պատահել է՝ ծառաների հետ կտրուկ է եղել, ինչի հետևանքով նրա ամուսինը՝ Առնիմը նրան նկատողություն է արել («Ծառան նույնպիսի մարդկային էակ է, և դու իրավունք չունես այդպես բմբլելու նրան. նա հո մեքենա չի՞»,- հիշեցնում է ամուսինը նրան նամակներից մեկում)։ Այն, ինչ դրդում էր նրան ուրիշներին օգնելու, ոչ թե բարեգործության կիրքն էր, այլ Աստծո հետ ուղիղ անձնական կապի մեջ մտնելու ծարավ՝ հավատալով, որ նա մարմնավորված է պատմության մեջ։ Հանրահայտ տղամարդկանց նկատմամբ նրա բոլոր սերերը (իսկ ուրիշ տղամարդկանց նկատմամբ նա խորապես անտարբեր էր մնում), ուրիշ բան չէին, քան մի բատուտ, որի վրա ընկնում էր նա մարմնի ամբողջ ծանրությամբ, որ վեր թռչի մինչև լեռնային բարձունքներ, ուր բնակվում է այն նույն՝ պատմությամբ մարմնավորված Աստված։ Այո, այդպես է։ Բայց ուշադիր լինենք։ Չէ՞ որ Լորան էլ չէր պատկանում բարեգործական կազմակերպությունների նախագահության զգայուն տիկնանց թվին։ Նա մուրացկաններին ողորմություն տալու սովորություն չուներ։ Կողքներով անցնելիս նույնիսկ երկու-երեք մետրի վրա նրանց չէր նկատում։ Նա հոգևոր հեռատեսության արատն ուներ։ Դրա համար էլ չորս հազար կիլոմետր հեռավորության վրա սևամորթները, որոնց մարմինը մաս-մաս պոկվում է, նրա համար ավելի մոտ էին։ Նրանք գտնվում էին հորիզոնի վրա հենց այնտեղ, ուր ձեռքերի նրբագեղ ժեստով մղեց նա իր խեղճ հոգին։ Եվ այնուամենայնիվ, մահվան դատապարտված լեհի ու բորոտ սևամորթների մեջ տարբերություն կա։ Այն, ինչ Բետինայի համար պատմությանը միջամտել էր, Լորայի համար մաքուր բարեգործական քայլ էր։ Բայց Լորան այստեղ կապ չունի։ Համաշխարհային պատմությունը՝ իր հեղափոխություններով, ուտոպիաներով, հույսերով ու հիասթափություններով, լքել է Եվրոպան՝ իր հետևից թախիծ թողնելով միայն։ Ահա թե ինչու ֆրանսիացին ինտերնացիոնալացրել է իր բարեգործական ակցիաները։ Դրան գնացել է ոչ թե մերձավորի նկատմամբ քրիստոնեական սիրուց դրդված (ինչպես, օրինակ, ամերիկացիները), այլ կորսված պատմության նկատմաբ կարոտի, դա վերադարձնելու ծարավի, պատմության մեջ ներկա լինելու գոնե բորոտ աֆրիկացիների համար փողի կարմիր արկղիկով։ Անվանենք Բետինայի և Լորայի ժեստը անմահության ձգտող ժեստ։ Բետինան, որ հավակնում էր մեծ անմահության, ուզում է ասել՝ հրաժարվում եմ մեռնելուց այսօրվա ու դրա հոգսերի հետ, ուզում եմ ինքս ինձ գերազանցել, դառնալ պատմության մի մասը, քանի որ պատմությունն իրենից ներկայացնում է հավերժական հիշողությունը։ Իսկ Լորան, թեև հավակնում է միայն փոքրիկ անմահության, նույն բանն է ուզում. գերազանցել ինքն իրեն և այն ողբալի րոպեն, որն ապրում է, անել «մի բան», որ մնա նրանց հիշողության մեջ, ովքեր իրեն ճանաչում էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել