Շուտով Ամանոր է: Tatron.info-ն անմասն չէ այդ գեղեցիկ տոնից և իր ընթերցողին պարբերաբար կներկայացանի ամանորյա թեմաներով հարցազրույցներ`հայտնի և սիրված դերասանների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Տաթև Գրիգորյանն է: Տաթևը առավել հայտնի դարձավ «Անծանոթը» հեռուստասերիալում Անիի կերպարը մարմնավորելուց հետո, սակայն նրան կարող ենք տեսնել նաև Կամերային երաժշտական թատրոնի բեմում: Արդյոք 2013 թվականը արդարացրեց Տաթևի հույսերը, ի՞նչ ակնկալիքներ ունի 2014 թ-ից, այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք պարզել հենց դերասանուհուց:

DSC 0150

-Ինչպի՞սն էր Ձեզ համար 2013 թվականը:
-2013 թվականը և՛ շատ լավ, և՛ շատ վատ իրադարձություններով լի, աշխատանքային բուռն տարի էր, քանի որ մեր թատերխմբի կողմից տեղի ունեցավ պրեմիերա, կազմվեց նոր<<Տեմպարտ>>թիմ, որը հանդիսատեսին ներկայացավ տարբեր ներկայացումներով: Վատ տարի էր, քանի որ կորցրեցինք շատ արվեստագետների:
-Ի՞նչ հաջողություններ ունեցաք այս տարի:
-Չգիտեմ` դա հաջողություն է, թե ոչ, բայց սկսեցի համերգներ վարել: Չէի կարող պատկերացնել, որ հաղորդավարուհու աշխատանքը կարող է ինձ հետաքրքրել, բայց այն ինձ այնքան դուր եկավ, որ ես նորից ու նորից ցանկանում էի գնալ և վարել: Ամեն անգամ վարելիս ավելի մեծ փորձ ես ձեռք բերում, հավանաբար հենց դա մեծ հաջողություն է:
DSC 0183
-Իսկ անկումներ եղա՞ն:
-Ո՛չ, անկումներ չեն եղել: Տարին խոստումնալից էր, և հույս ունեմ` մյուս տարի ավելի լավ կլինի, քանի որ «ձիու» տարի է, իմ տարին է. հույսերս ավելի մեծ են:
-Կա՞ այնպիսի քայլ, որ կցանկանայիք արած չլինել անցնող տարում:
-Ինձ թվում է` միշտ լինում են քայլեր, որոնք անում ես, սակայն հետո զղջում ես դրանց համար:
-Սկսե՞լ եք պատրաստվել Ամանորին, ինչպիսի՞ն է նախատոնական տրամադրությունը:
-Շատ ծանրաբեռնված եմ, քանի որ թատրոնում ներկայացումներ ենք պատրաստում ամանորի համար, որոնք պետք է խաղանք տարբեր տեղերում: Բացի թատրոնից նաև տանն եմ պատրաստվում, շատ ակտիվ, բուռն նախատոնական իրավիճակ է:
-Ամանորին Ձեր ամենասիրելի պահը ո՞րն է:
-Ամանորը իմ ամենասիրելի տոնն է և կարծում եմ` միակ տոնն է, որ պետք է միշտ նշել: Արժե թողնել բոլոր գործերը և նշել այն: Ինչպես բոլորը, ես նույնպես 12 զանգերի ներքո երազանք եմ պահում, և հենց դա իմ սիրելի պահն է: Սիրում եմ Ամանորը ընտանիքիս հետ նշել, սիրում եմ, երբ այդ ժամանակ ընտանիքիս բոլոր անդամները պատրաստ են և ոչ մի գործ չեն անում:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից:
-Շատ եմ ուզում, որ այն բոլոր խնդիրները, որոնք կային այս տարի, չլինեն գալիք տարում: Շատ խնդիրներ ունեցանք մեր երկրի ներսում, որոնց մասին ես չէի կարող պատկերացնել: Ուզում եմ, որ մեր երկրի, մեր՝ բոլորիս ֆինանսական վիճակը մի փոքր կայուն լինի, մեր հայ տղամարդիկ աշխատանք ունենան, ընտանիքները ապահով լինեն, երեխաները իրենց ապահով զգան: Ուզում եմ, որ բոլորս մեր երկրում մեզ ապահով զգանք:
-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորի գիշերը, ո՞ւմ հետ:
-Ամանորի գիշերը անցկացնելու եմ ընտանիքիս հետ Ծաղկաձորի «Կարաս» թոնրատան նորաբաց ռեստորանում. ես այնտեղ երգելու եմ:
-Հավատո՞ւմ եք հրաշքներին:
-Այո՛, շատ եմ հավատում: Հավատում եմ և՛ հրաշքներին, և՛ հեքիաթներին, և՛ երազանքներին:
-Ի՞նչ հրաշք կուզեիք, որ տեղի ունենար գալիք տարում:
-Հիմա մի փոքր ռեալիստ եմ դարձել և այս պահին հասկացա, որ մեծ երազանքներ չունեմ: Այն ամենը, ինչ ցանկանում եմ, ավելի ռեալ բաներ են:
-Պատահե՞լ  է,  որ 12 զանգերի ներքո պահած երազանքն իրականացել է:
-Այո՛: Հիշում եմ, երբ ես վեց տարեկան էի, երազում էի «Բարբի» տիկնիկ ունենալ, սակայն այն ժամանակ մտածում էի, որ դա այնպիսի բան է, որ միայն արտասահմանում կա, և ծնողներիս վատ դրության մեջ չդնելու համար նրանց ոչինչ չէի ասում, և երբ 12 զանգերը հնչեցին, դռան զանգը լսեցի, դուռը բացեցի, տեսա մի մեծ տուփ, որտեղ տիկնիկներ էին: Դա ինձ համար մեծ հրաշք էր: Կարող եմ ասել, որ Ամանորի իմ բոլոր երազանքներն իրականանում են:
-Ի՞նչ նվեր եք ակնկալում ստանալ Ձմեռ պապիկից այս անգամ:
-Այս տարի ես նվեր չեմ ակնկալում. ուզում եմ` ես իմ հարազատներին ուրախացնեմ, ուզում եմ նրանցից յուրաքանչյուրի համար մի փոքր նվեր պատրաստել: Ես եմ ուզում Ձմեռ պապիկ լինել:
-Երբևէ Ձյունանուշի դեր խաղացե՞լ եք:
-Այո՛: Նման դերեր շատ եմ խաղացել և՛ թատրոնում, և՛ թատրոնից դուրս:
-Եթե ընդամենը մեկ ժամով Ձմեռ պապիկը Դուք լինեիք, ի՞նչ կանեիք:
-Ծնողների բեռը կվերցնեի ինձ վրա և երեխաներին նվերներ ես կբաժանեի:
DSC 0183DSC 0158DSC 0201DSC 0203photoDSC 0157DSC 0206DSC 0167ghgfԼուսանկարիչ` Տաթև Դուրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել