Գիտե՞ք` ովքեր ենք մենք` հայերս` ՀՀ-ն տարածքում բնակվող մարդկանց 97,9%-ը:  

Իհարկե, պատասխանը, բարեբախտաբար, չի վերաբերում առնվազն նրանց 15%-ին, բայց մնացածը ամեն ինչից օտարված, բանականության վերջին հետքերը կորցրած, որևէ հանրային երևույթի մասին սեփական կարծիք և այդ կարծիքը բացատրելու համար դատողություններ կատարելու ունակություն չունեցող մարդիկ են, թշվառների հավաքածու, որոնք միայն մեկ բան են լավ կարողանում անել`բողոքել և ուրիշ ոչինչ: Նրանք ստանում են «բարձրագույն» կրթություն, ամուսնանում են, երեխաներ են ունենում և շարունակում են բողոքել, բողոքել ու կրկին բողոքել, բայց 5 տարին մեկ անգամ 1 օրով ձայները կտրում են`հարստանալով 5000 դրամով: Իսկ հաջորդ օրվանից կրկին շարունակում են անել միակ բանը, որը կարողանում են`բողոքել: Նրանք չարացած են բոլոր նրանց հանդեպ, ովքեր ավելի լավն են իրենցից, ովքեր կարողանում են ապրել`հարգելով ուրիշներին, բայց նրանք`այդ զանգվածները, արհամարհում են բոլոր նրանց, ովքեր փորձում են հաց վաստակել`բողոքելու փոխարեն:

Նրանց գլուխներում դատարկություն է, նրանք ստրուկներ են ի ծնե և ի բնե, նրանք նախատեսված չեն արժանապատիվ կեցության համար, քանի որ եթե նրանց հարցնեք, թե որն է արժանապատիվ կեցությունը և ինչն է վատ իրենց կյանքում, նրանք նույնիսկ այդ հարցին չեն կարողանա պատասխանել, և գիտե՞ք`ինչու, որովհետև նրանց մտքով երբեք չէր անցել այդ հարցը: Եվ եթե կա ինչ-որ նվիրյալ մեկը, ով իր կյանքի նպատակ է դարձրել բարենորոգելու մեր պետությունը`դարձնելով այն ավելի լավը, որը ավելի արժանի կլինի մեր ազգին, ապա նա մոլորության մեջ է, քանզի մեր խնդիրը պետությունը չէ, այլ նրան բնակեցնող, սնող և գոյության համար հիմք տվող բնակչությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել