1. ՏԱՐԻՖՈՄԱՆԻԱ - մեզանում տարածում գտած այս հիվանդությունն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ծագում: Այս հիվանդության ախտանիշներից են մոլի հակումը գների բարձրացման, սակագների «թարմացման» հանդեպ: Տարիֆոմանիայի վիրուսը Հայաստան է ներթափանցել Հյուսիսից՝ գազի խողովակների միջոցով: Մի քանի տարի շարունակ գտնվել է ինկուբացիոն շրջանում, սակայն վերջերս թևակոխել է ախտահարման ակտիվ փուլ: Տարիֆոմանիայի դեմ մերօրյա պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ դրա արդյունքում ազգաբնակչության ինքնազգացողության լավացում չի արձանագրվել: Ինչ վերաբերում է տարիֆոմանիայի ծագման ներքին կողմին, ապա այդ վիրուսը հիմնականում ստեղծվում է արհեստական պայմաններում՝ օլիգարխիկ լաբորատորիաներում: Վիրուսի ակտիվացում նկատվում է հիմնականում դեկտեմբեր ամսին՝ Ամանորին ընդառաջ:

2. ՖԱՈՒՆԱՖԻԼԻԱ - Ֆաունաֆիլներին բնորոշ է ստամոքսային սերը կենդանիների հանդեպ: Ֆաունաֆիլիան Հայաստանում նոր երևույթ չէ, քանի որ մեզանում դասական մսակերությունը (հորթ, խոզ, գառ և այլն) սովորական երևույթ է եղել: Սակայն վերջին տարիներին ֆաունաֆիլիան մուտացիայի է ենթարկվել՝ ձեռք բերելով էկզոտիկության երանգներ: Այսինքն՝ ժամանակակից Հայաստանում տարածված է էկզոտիկ ֆաունաֆիլիան, որը դրսևորվում է էկզոտիկ կենդանիների հանդեպ «սիրո» ձևով: Էկզոտիկ ֆաունաֆիլները զոոֆիլներից տարբերվում են նրանով, որ կենդանիներին սիրում են «անկենդան» վիճակում՝ այն էլ սեղանին դրված: Այս հիվանդության կրողների մոտ նկատվում է ինքնազգացողության փոփոխություն՝ կախված տարվա եղանակներից: Ամանորին ընդառաջ արձանագրվում է հիվանդության սրացում, որը հաղթահարվում է դրսից ներմուծված և կոկորդիլոսի ու այլ էկզոտիկ կենդանիների մսից պատրաստված «պատվաստանյութերի» շնորհիվ: Չնայած՝ մարդիկ շատ են խոսում այս հիվանդությունից, այնուամենայնիվ, այն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում: Հայաստանում դրա համաճարակի վտանգ չկա և բարձրացված աղմուկն արդարացված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել