Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվում է։

Անկախ այն հանգամանքից, թե ինչ մոտիվներով դա արվեց և ինչ հաշվարկներ ուներ, օրինակ, Սարկոզին՝ օրինագիծը բխում է մեր շահերից և պետք է դրական գնահատել երևույթը։ Մարդկության դեմ կատարված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և պետք է դատապարտվի բոլորի, այդ թվում՝ թուրք ժողովրդի կողմից։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։ Թուրքիան մշտապես պետք է զգա այդ մահակն իր գլխավերևում, որպեսզի նախ տարանջատվի Ղարաբաղի խնդրից, և բացի դա՝ ի վերջո ընդունի գործած հանցանքը, քանի որ դա մեր անվտանգության ապահովման միջոցներից է։

Սպասելի էր, որ Ֆրանսիայում կայացած որոշումից հետո պաշտոնական Թուրքիան ոռնոց էր բարձրացնելու։ Սպասելի էր նաև, որ Էրդողանը քննադատելու է Ֆրանսիային ու հոխորտալու է։ Բայց համաձայնեք, որ լրիվ անսպասելի էր, երբ Հայաստանից է դժգոհություն լսվում Ֆրանսիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ։

Կայքերից մեկին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետ «չերեզ» ամերիկացիներ գործարքների գնալու սիրահար, իշխանության կայունության երաշխիքի վերածվելու մեծ ջատագով, տխրահռչակ Դավիթ Շահնազարյանը բացասական է գնահատել վերոնշյալ օրինագծի ընդունումը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, որպեսզի, ուշադրությո՛ւն, չվնասվի դրա միջազգային ճանաչման գործընթացը։

Փաստորեն, Ֆրանսիայի օրենսդիրները վրդովվեցրել են Էրդողանին ու Դավիթ Շահնազարյանին։Վերջինս օրինագծի վրա է հարձակվում՝ Թուրքիայի վարչապետի բառաֆոնդն ու հոխորտանքի տոնայնությունն օգտագործելով։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ ըստ Շահնազարյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին ավելի մեծ վնաս է տվել, քան Օսմանյան կայսրությունն ու Ադրբեջանը միասին վերցրած, ապա դուրս է գալիս, որ հանուն Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության և Քոչարյանիդեմ պայքարի՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը պատրաստ է համագործակցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քանզի այդ պետությունների տեսակետները որևէ կետով չեն տարբերվում Շահնազարյանի տեսակետներից։

Ես ամենևին էլ էպատաժ չեմ անում։ Դատե՛ք ինքներդ. եթե մարդը պնդում է, որ Ադրբեջանն ու Օսմանյան կայսրությունը միասին վերցրած ավելի քիչ դժբախտության պատճառ են դարձել մեզ համար (ցեղասպանություն, Բաքվի ու Սումգայիթի ջարդեր, Ստեփանակերտի ռմբակոծում և այլն), քան Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին են եղել, ապա այդ մարդը գաղափարապես լրիվ պատրաստ է համագործակցել Օսմանյան կայսրության այսօրվա ժառանգների և Սյունիքն ու Երևանը պահանջող Ադրբեջանի հետ։ Չէ՞ որ, ըստ Շահնազարյանի, Քոչարյանն ավելի վատն է, քան Զանգեզուրի վրա աչք ունեցող Իլհամ Ալիևը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է, արդյոք Թուրքիայում կամ Ադրբեջանում մենք ունե՞նք մեր ՇահնազարօղլիինկամՇահնազարովին, ովքեր իրենց երկրում կպտնդեին շահնազարյանաբարո տեսակետներ և դրանով իսկ կծառայեին մեր շահերին։ Համոզված եմ, որ այդպիսիք մեր հարևան երկրներում պարզապես չկան։ Եթե լինեին, ապա հիմարություն կլիներ ՀՀ պետբյուջեից նրանց չֆինանսավորելը։

Ցավալի է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գլուխ գովալ այդ հարցում։ Գեորգի Վանյան, Դավիթ Շահնազարյան, Վազգեն Սարգսյանի անունն արատավորող Արամ Զավենի Սարգսյան։ Ցուցակն այս, դժբախտաբար, կարելի է շարունակել։

Հ.Գ.–2։ Տեսնես Իսրայելում որևէ ընդդիմադիր գործչի մտքով կանցնե՞ր գործող կամ նախկին իշխանությանը քննադատելիս ասել, թե սրանք ավելի շատ վատություն են արել հրեաներին, քան Հիտլերը։ Բնականաբար նման բան չի կարող պատահել Իսրայելում, որքան էլ  տարատեսակ ընդդիմադիրները ատեն, ասենք, Շիմոն Պերեսին կամ Նիտանյահուին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել