Քաղաքում ապրում էին մարդիկ, մարդիկ, էլի մարդիկ ու, իհարկե, ամենախելացի տղան։ Տղան սիրում էր կարդալ, ամեն օր մի նոր գիրք էր լինում նրա ձեռքին։ Ամբողջ օրը կարդում էր, մարդկանց հետ շփվել այնքան էլ չէր սիրում, որովհետեւ նրանք այդքան գիտելիք չէին տալիս իրեն, ինչքան գրքերը։ Էդպես ապրում էր տղան, ու մեծանում։ Ինչքան մեծանում էր, էնքան խելոքանում։

Ու քանի որ արդեն բավականին խելոքացել էր, որոշեց տղան, որ բոլորին պիտի խորհուրդներ տա։ Նա քայլում էր փողոցով, ու հանդիպած մարդկանց օգնում իր խորհուրդներով՝ «ձեռնափայտը էդպես պահելը ճիշտ չի, էսպես պահեք», «երեխայի հետ այդպես խոսելը ճիշտ չի, այսպես խոսեք», «մեքենայի դուռը այսպես կողպեք» ու էսպես օրեր շարունակ պտտվում էր տղան քաղաքի ամենատարբեր փողոցներով ու բոլորին օգնում։ Ինչքան օգնում էր, այնքան իր մեջ ուռում, ու հպարտանում ինքն իրենով, որ ոչ միայն այդքան խելացի է, այլ նաեւ այդքան բարի, որ օգնում է իր գիտելիքով։

Մի օր եկավ, երբ տղան դադարեց կարդալը, որովհետեւ մտածեց, որ արդեն գրքերի հեղինակներին էլ կարող է խորհուրդներ տալ։ Ինքը կարդացել է նրանց բոլորին, իսկ նրանք ընդամենը գրում են։ Էդպես գտավ գրքի հետեւում եղած էլ․ փոստի հասցեները,  ու բոլորին սկսեց մեծահոգաբար գրել իր խորհուրդները։

Իսկ մի օր էլ խելացի տղան մահացավ։ Ոչ ոք չիմացավ՝ ինչից մահացավ (գուցե աղյուս ընկավ գլխին, իսկ գուցե եւ Աննուշկան էր ձեթ թափել), ու քաղաքը շարունակեց հանգիստ ապրել։

Ինչքան էլ զարմանալի է, բայց ամենախելացի տղան ամենախելացի մահով չմահացավ։

Հեքիաթը ոչ մի բան էլ չի ուսուցանում։

Ցտեսություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել